Ինչից են թունավորվում քաղաքացիները․ պարզաբանում է «Վեոլիա ջուրը»

Ինչից են թունավորվում քաղաքացիները․ պարզաբանում է «Վեոլիա ջուրը»

Երեւանում վերջին շրջանում շատ են դեպքերը, երբ մարդիկ գանգատվում են սրտխառնոցից, գլխապտույտից, փորացավից, ընդհանուր թուլությունից, եւ շտապօգնության բժիշկները` կանչերի ժամանակ, այս ախտանշաններով հիվանդներին ասում են, որ պատկերը նման է ջրից թունավորումներին, քանի որ Երեւանում ջրի որակն ընկել է, եւ նման դեպքերը հաճախացել են։ Սրա հետ կապված՝ պարզաբանում ստացանք «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցից, ինչպես նաեւ «Շտապօգնություն» ՓԲԸ ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից։

Թագուհի Ստեփանյանից տեղեկացանք, որ օգոստոսի 15-22-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են 68 դեպք, որի ժամանակ քաղաքացիները գանգատվել են սրտխառնոցից, գլխապտույտից, ընդհանուր թուլությունից։ Նրանց տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Բայց այս հիվանդների մեջ չեն եղել ջրից թունավորման դեպքեր, սեզոնային տարբեր թունավորումներ են եղել։

«Մեր կողմից մատակարարվող ջուրն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանում գործող նորմերին եւ կանոններին։ Հանրային հեռուստաալիքն էր անդրադարձել այս թեմային, որտեղ մենք ասել էինք, որ Երեւանում կան շրջաններ, որոնք մասամբ ջուր են ստանում ոչ թե լեռնային աղբյուրներից, այլ՝ Արարատյան դաշտի խորքային հորերից։ Միանգամայն բարվոք, որակյալ ջուր է, պարզապես մի քիչ տաք է, եւ մարդիկ այդ տաքությունից են բողոքում, ոչ թե ջրի որակից։ Անորակ ջուր ընդհանրապես չի մատակարարվում, այդպիսի բան չկա։ Կյանքից կտրված մարդիկ են ասում, որ անորակ ջուր ենք մատակարարում։ Ջուրը հորերից որ դուրս է գալիս, 14-15 աստիճան է, հիմա էլ օգոստոս ամիսն է, շոգ է, մի 2-3 աստիճան էլ ավելանում է, մինչեւ գալիս հասնում է ծորակ։ Իսկ տաք՝ նշանակում է, որ նրա մեջ տարալցված մասնիկների համն ավելի սուր ենք ընկալում, քան եթե այդ նույն ջուրը խմենք աշնանը կամ ձմռանը։ Մեզ համար չափանիշն առողջապահության նախարարության եզրակացությունն է։ Այս պահի դրությամբ մենք չունենք առողջապահության նախարարության կողմից որեւէ դիտողություն՝ ջրի որակի հետ կապված»,- ասաց «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Շատ զարմանալու բան երեւի թե չունենք, քանի որ, ինչպես գիտեք, ամառային այս սեզոնին  միշտ սրտխառնոցի հետ կապված աղիքային ինֆեկցիաների աշխուժացում կարող է լինել։ Այնուամենայնիվ, երբ որ մենք նայում ու վերլուծում ենք թվերը, այս պահին որեւէ անհանգստացնող տենդենց չենք տեսնում։ Հիվանդացությունը նույն մակարդակի վրա է, ինչ որ սովորաբար եղել է նախորդ տարիներին, եւ մտահոգվելու որեւէ լուրջ պատճառ չունենք։ Մինչեւ հիմա մեր ունեցած հիվանդների համաճարակաբանական հետազոտությունից որեւէ  ընդհանուր կապ, որեւէ հարուցիչ, որեւէ մի բան, որը մեզ կանհանգստացներ, ինչ-որ ոչ սովորական առօրյայի եզակի դեպքերի մասին կխոսեր, նման տվյալներ դեռեւս չունենք։ Միաժամանակ մեր ջրի մոնիթորինգը եւս անհանգստացնող որեւէ տվյալ չունի, որովհետեւ մանրէաբանական ցուցանիշներով մեր բոլոր հսկիչ կետերն ու մշտադիտարկման արդյունքները որեւէ շեղում ցույց չեն տվել։ Ուստի ենթադրում ենք, որ խոսում ենք սովորական հիվանդացության մասին։ Այստեղ պետք է հանրության ուշադրությունը հրավիրեմ այն բանի վրա, որ մենք քովիդի  հիվանդացության զգալի դեպքեր ենք գրանցում օրեցօր։ Եվ այստեղ պետք է նշել, որ կարող են լինել դեպքեր, եւ դրանք բավականին շատ են, երբ որ քովիդը սկսվում է կամ ուղեկցվում է նաեւ նման սիմպտոմներով՝ սրտխառնոց, նույնիսկ կարող են լինել թեթեւ լուծ, գլխապտույտ, թեթեւ ջերմություն, դրան հազը միանա կամ չմիանա, մեկ-երկու օր էլ  ջերմեն։ Այնպես որ՝ հնարավոր է, որ այդ թվերը, որոնք մենք ենթադրում ենք, կամ կանչերը, որի ժամանակ հիվանդը կարծում է, որ աղիքային է, այնուամենայնիվ, պայմանավորված լինեն կամ կապ ունենան նաեւ քովիդի հիվանդացության հետ։ Նորից կոչ ենք անում մեր բնակչությանը՝ լինել ուշադիր, նվազագույն սիմպտոմների դեպքում դիմել բժշկի եւ ինքնաբուժմամբ չզբաղվել»։

Նունե Բակունցը հավելեց, որ շոգ է, ջերմաստիճանը նորմայից բարձր է, ուստի մարդը երբ դրսում երկար է մնում, կարող է ունենալ  սրտխառնոց, գլխապտույտ։ «Հերքում ենք նաեւ «Սուրմալուի» հետ կապված խոսակցությունները, որ կարող էր ջրի աղտոտվածության պատճառով մարդկանց մոտ առաջանալ սրտխառնոց, գլխապտույտ եւ ընդհանուր թուլություն։ Այդ դեպքերի հետ կապված՝ մենք անմիջապես ուժեղացրել ենք ջրի մոնիթորինգն ու հետեւում ենք խմելու ջրի որակին եւ մինչ օրս որեւէ շեղում չենք հայտնաբերել։ Այնպես որ, խմելու ջրի եւ այդ պայթյունի հետ կապված՝ աղիքային որեւէ դեպքեր չեն եղել։ Շտապօգնության կանչերն ամբողջ քաղաքից են եւ  հավասարաչափ բաշխված են, ուստի բոլոր կանչերը համաճարակաբանական կապ չունեցող դեպքեր են»։