Ինչու է Արմաշի կարմրաթուշը համարվում ամենաթանկ ծիրանը Հայաստանում

Ինչու է Արմաշի կարմրաթուշը համարվում ամենաթանկ ծիրանը Հայաստանում

Շուտով ծիրանը կհասնի եւ բերքն իրացնելու խնդիր է ծագելու։ Արդեն գյուղերից ահազանգում են, որ իրացնողները դեռեւս չեն հետաքրքրվել ծիրանի իրացման հարցերով, գյուղացին տագնապած է՝ կարողանալո՞ւ է ծիրանը վաճառել եւ մի քանի կոպեկ վաստակել։

 

Hraparak.am-ը զրուցել է Արարատի մարզի Արմաշ գյուղի համայնքապետ՝ Սամվել Նահապետյանի հետ և հետաքրքրվել գյուղում առկա խնդիրների, ծիրանի բերքի և դրա հետ կապված տարբեր հարցերի շուրջ։
 
- Ծիրանի երկիր Արմաշում քանի՞  հեկտար ծիրանի այգի կա։

- Արմաշն ունի մոտ 450 հա-ի չափ բերքատու ծիրանենի, որոնք պատկանում են տարբեր գյուղտնտեսվարողների։  Ծիրանն առաջինը մեզ մոտ է հասնում, այդ իսկ պատճառով էլ գինը միշտ բարձր է լինում։ Եվ որակապես, և տեսքով, և համով մեր ծիրանն ուրիշ է։

- Մեր տեղեկություններով, գյուղացիների մոտ մտավախություն կա, որ, պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, ինչպես նաև երկրում առկա թանկացումներով, բերքը չի արտահանվի։

- Մեր գյուղում նման մտավախություն չկա, որովհետև հլը ծիրանը չի հասել։ Բացի դա, անհատները՝ ֆուռատերերը, ամեն օր գալիս են, պայմանավորվում, նայում են դաշտերը, ընտրում իրենց ուզած ծիրանենու տեսակը և պայմանավորվում։ Մեր մոտ այդ գործընթացները նորմալ ընթանում են։

- Գյուղացին ո՞ւմ հետ է կնքել այս տարվա բերքի պայմանագրերը։

- Եվ նույն անհատներն են, և նույն կազմակերպությունները, մի բան էլ այս տարի գնորդներն ավելացել են։

- Ի՞նչ արժեքով է այս տարի գնորդին հասնելու ծիրանը։

- Դեռ գինը որոշված չէ, քանի որ սպասում ենք հասնի։

- Իսկ Արմաշից միայն ծիրա՞ն է արտահանվում։

- Ծիրանից առաջ թութն էր, որն էլի դուրս էր գնում, ու դեռ, այս պահին էլ գնում է։

- Իսկ ինչ արժեքով է արտահանվում թութը։

- Մեզանից արտահանողները գնում են 1000-1200 դրամով, թե ինչ արժեքով են վաճառում դրսում, չգիտեմ։

-  Որ  երկրներ են արտահանվում Արմաշի բերքը։

- Մեր ապրանքները հիմնականում արտահանվում են Ռուսաստան։

- Մուրաբա, չիր պատրաստող, հայկական որ ընկերություններն են արմաշցիների հետ համագործակցում։

- Քանի որ մեր ծիրանն առաջինն է հասնում, հետևաբար, այն թանկ է համարվում և հիմնականում՝ 99 տոկոսով, արտահանվում է երկրից դուրս։ Ասեմ, որ հայտնի «Սպայկա» ընկերությունը չի գնում մեզանից բերք, մնացածի մասով էլ՝ գյուղացին՝ ինքն է որոշում, թե որ գործարանին գնա դիմի և առաջարկի իր ապրանքը, այդպես է կարգը։

- Ինչ խնդիրներ ունի արմաշցին այսօր։

-Գյուղացու միակ խնդիրն այսօր շոգն է։ Շոգը միանգամից հուպ տվեց, թե ինչ վնասներ կունենանք,  դեռ չգիտեմ։ Ոռոգման և խմելու ջրի խնդիր Արմաշում չկա, ամեն ինչ նորմալ է։ Իրացման խնդիրն էր, բայց կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Մեկ էլ սահմաններին խաղաղություն լինի, մեզ էլ ոչինչ պետք չի։

- Արմաշում երբ կավարտվի առաջին բերքահավաքը։

- Մինչև ամսվա վերջ կավարտենք բերքահավաքը, հաշվի առնելով, որ մեզ մոտ կայծակնային ձևով է հասունանում ծիրանը։

- Պետական աջակցության ինչ ծրագրեր են հատկացվել Արմաշին։

- Սուբսիդավորման տարբեր ծրագրեր ունենք, որ պիտի անենք։