«Լույսերը անջատում են, մտնում են ձոր»․ Արփա գետի ֆաունան՝ տոկի տված․ 

«Լույսերը անջատում են, մտնում են ձոր»․ Արփա գետի ֆաունան՝ տոկի տված․ 

Ամռանը Ջերմուկ քաղաքի մթերային խանութներում աշխուժանում է կարմրախայտի առևտուրը։ Մեկ կիլոգրամի համար զբոսաշրջիկները պատրաստ են վճարել 7-8 հազար դրամ։ Ձկան պահանջարկին համահունչ ակտիվանումեն նաև որսագողերը։ 

Կարմրախայտի որսագողությունը, ինչպես վկայում են ջերմուկցիները, ահռելի չափերի է հասել։ Որսագողերը կարմրախայտը հանում են ամենավտանգավոր եղանակով՝  էլեկտրականությամբ շշմեցնելով ձկանը։ Դրա հետևանքով Արփա գետի կենդանական աշխարհը էլեկտրահարվում է և ոչնչացվում է։ 

Որսորդ միության անդամ Ա-ն ազատ ժամանակ հաճախ կարթը ձեռքին իջնում է Ջերմուկի գեղատեսիլ ձորը՝ Արփա գետի ափ։ Բայց ձուկ բռնելը դժվարացել է։  Նա ասում է, որ հաճախ ջրի վրա սատկած ձկների մարմիններ է տեսնում, ինչից եզրակացնում  է՝ այստեղ եղել են որսագողերը և տոկի են տվել ջուրը։ 

«Տոկի տալը ամենավտանգավոր եղանակն է, քանի որ բոլոր կենդանիները գետում սատկում են՝ ոչ միայն կարմրախայտը, այլև մյուս ձկները, կակղամորթերը՝ կրաբը, մանրաձուկը, խավիարը(ձկնկիթը), անգամ գորտերը։ Տոկից հետո ամայություն է ջրի վրա։ Հարյուրավոր մետրերի վրա ոչ մի կենդանի չի լինում։ Գետի ափին այսօր ոստիկանության թողտվությամբ բացահայտ ապօրինություն է կատարվում», - ասում է Ա-ն։ Նա իր ընկերների հետ փորձել է պայքարել հանցագործների դեմ, վեճ ու կռվի է բռնվել հաճախ։ Իր անունը չի ցանկանում հայտնել, քանի որ Ջերմուկում հայտնի մարդ է և մամուլին դիմելու իր այս քայլը կարող է սխալ ընկալվել շատերի կաղմից։ 

Ա-ն վստահեցնում է, որ վաղուց է հետևում որսագողերի անցուդարձին ու համոզվել է․ «Իրիկունը գալիսի է, դրանք լույսները անջատում են, մտնում են ձոր։ Լուսաբացից առաջ դուրս են գալիս։ Բռնում են մի սանտիմետրից մինչև 25-30 սմ ձկներին։ Շատ հեշտ է դրանց բռնացնելը։ Եթե ոստիկանները ցանկանան՝ նրանք կբացահայտեն որսագողերին։ Միլիցիան փոխվեց, օրենքը փոխվեց, հեղափոխություն եղավ, ստեղ բան չփոխվեց»։ նա պատմում է նաև, որ Որոտան ու Արփա գետերում կարմրախայտի որս անողները նախկինում հիմնականում տեղի բնակիչներն էին, իսկ այսօր նրանց ավելացել են ձուկ բռնողներ այլ վայրերից․ «Անգամ Երևանից եկող որսագողեր կան», -ասում է ձկնորսը։  
 
Բնապահպանության ոլորտի պատասխանատուները կարմրախայտի գողության դեմ երբեք լուրջ չեն պայքարել։ 
Էլեկտրական հոսանքի միջոցով կարմրախայտ հանողների մասին 2017 թվականին ահազանգեց այն ժամանակվա բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Մի անգամ նա իր ասուլիսում հայտարարեց, որ որսագողերի մոտ 533 կարմրախայտ է հայտնաբերվել և որ նախկինում նախարարությունն այդպիսի խոշոր հանցագործությունը երբեւէ չի բացահայտել: Ջերմուկում, որտեղ այս սեզոնին տասնյակ կիլոգրամներով կարմրախայտ են վաճառում խանութներում, այս թիվը պարզապես ծիծաղելի է։ 
Ոստիկանությունը չի շտապում կարմրախայտի գողությունը կասեցնել։ Մեր տեղեկություններով, որոշակի պայքար տանում են Գագիկ Ծառուկյանին պատկանող որսավայրի պահակախմբերը։ Որսավայրն այդ Ջերմուկի ձորի մի հատվածում է։ Սակայն Ծառուկյանի պահակազորը զենք կրելու իրավունք չունի, և որսագողերի համար ընդամենը խրտվիլակի դեր է կատարում։ Իրական պետական պայքար հանցագործների դեմ կամ չի տարվում, կամ էլ այն անարդյունավետ է։