Մարդը ջանք ու եռանդ չի խնայել

Մարդը ջանք ու եռանդ չի խնայել

Քաղաքապետի ՔՊԿ-ական թեկնածու Ավինյան Տիգրանի ասելով, 2020-2021 թվականներին ինքը՝ որպես փոխվարչապետ, ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի «հակաժողովրդավարական ուժերը որեւէ շանս չունենան՝ գալու իշխանության Հայաստանում»: Ասեմ, որ առողջականի պատճառով ընդամենը մեկ անգամ եմ մասնակցել այդ օրերի ցույցերին, բայց աջակցել եմ իմ հոդվածներով ու ֆեյսբուքյան գրառումներով: Սակայն ես ինձ դժվար թե համարեմ հակաժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ, քանի որ նախկինների օրոք, շուրջ երկու տասնամյակ, ի տարբերություն Ավինյան Տիգրանի, Ֆեյսբուքում, փողոցում ու ընտրատեղամասերում պայքարել եմ հանուն ժողովրդավարության հաստատման: Եվ քանի որ մենք գտնվում ենք հակադիր ճամբարներում, իսկ ես ժողովրդավարության կողմնակից եմ եղել էն գլխից, ուրեմն հակաժողովրդավարական ուժի ներկայացուցիչը հենց Ավինյանն է, որ կա: Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմում խայտառակ պարտություն կրած «գերագույն գլխավոր հրամանատարը» պետք է առնվազն ինքնակամ հրաժարական ներկայացներ: Սակայն դա չի արվել, ինչից հետեւում է, որ Ավինյանը ոչ միայն հակաժողովրդավարական, այլեւ հակահայրենասիրական ուժի ներկայացուցիչն է:

Դրան գումարած՝ Ավինյանը դիվանագիտորեն սնանկ այն ուժի ներկայացուցիչն է, որը Հայաստանի բարեկամներին թշնամի է սարքում՝ առանց նախապես այլընտրանք ձեւավորելու: Եթե, իհարկե, դա հնարավոր լիներ մեր պարագայում: Իմ հոդվածներում ու ֆեյսբուքյան գրառումներում բազմիցս եմ մեջբերել ԱՄՆ 16-րդ նախագահ Լինքոլնի խոսքն այն մասին, որ գետանցման ժամանակ ձիերը չեն փոխում: Չնայած խելացի այդ միտքն ասվել է մեկուկես դար առաջ, սակայն այսօրվա Հայաստանում այն արհամարհվում է: Հատկապես այն ղեկավարության կողմից, որը մեր երկիրը փորձում է շրջել դեպի Արեւմուտք: Հատկապես աշխարհակարգի փոփոխությունների պայմաններում, ինչը տեղի է ունենում մեր օրերում: Եվ հատկապես այն դեպքում, երբ պարզ չէ, թե ինչպիսի ձեւավորում է ստանալու նոր աշխարհակարգը: Եվ այդ ղեկավարությանը դաս չի եղել նույնիսկ 100 տարի առաջվա՝ մեր ժողովրդի պատմության դառը ճակատագրի իմացությունը: Իսկ պատմությունն այսպիսին էր. 1918-1920 թվականներին նորաստեղծ հանրապետության դաշնակցական ղեկավարությունը չկարողացավ կողմնորոշվել տարածաշրջանային ու միջազգային բարդ ու փոփոխվող իրադարձությունների հորձանուտում: Որդեգրեց հակառուսական-հակաբոլշեւիկյան դիրքորոշում ու համարյա կործանման հասցրեց հանրապետությունը: Ու միայն հենց նույն բոլշեւիկների կողմից Հայաստանը փրկվեց թուրքական ստրկացումից, որ կանխատեսվում էր 1920-ին Ալեքսանդրապոլում կնքված հայ-թուրքական պայմանագրով: Ինչ մնում է ինձ, ապա երբեք չէի մտածի, որ Հայաստանի ղեկավարի պաշտոնին կհայտնվի այնպիսի մեկը, որ, չնայած այդ դառը դասին, կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի ղեկավարության հետ: 

Այնպես որ՝ Ավինյան Տիգրանը ոչ թե պետք է խոսի «հակաժողովրդավարական» ուժերին չեզոքացնելու ջանքերից, այլ փոխվարչապետ եւ «Քովիդ-19» համավարակի ժամանակահատվածում համատեղության կարգով պարետ լինելու ժամանակաշրջանի իր գործունեությունից: Առաջինի առումով կարող եմ ասել, որ փոխվարչապետի պաշտոնում գտնվելով՝ պետք է ջանք ու եռանդ չխնայեր՝ հրաժարական պարտադրելու խայտառակ պարտություն կրած «գերագույնին»: Ինչի արդյունքում Հայաստանը կազատվեր անընդհատ պատերազմների այն շրջանակից, որի մեջ է ընկել 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած: Պետք է վարվեր հենց այդպես, քանի որ ժողովրդավարական հասարակություններում ընդունված է պարտված «գերագույնի» ինքնակամ հրաժարականի ավանդույթը, ինչը չէր պահպանվել Փաշինյան Նիկոլի կողմից: Ինչ մնում է «Քովիդ-19» համավարակի ընթացքում իր՝ որպես պարետի, ջանք ու եռանդ չխնայելուն, ապա դրա օբյեկտիվ գնահատականը բնակչության քանակի հարաբերակցությամբ այդ հիվանդությունից մահացության միջին ցուցանիշն է: Աշխարհում այն մոտավորապես կազմում է 0,1 տոկոս, իսկ Հայաստանինը երեք անգամ ավելի բարձր է՝ 0,3 տոկոս: