100 տարի առաջ էլ Հայաստանի ղեկավարները չուզեցին կորցնել իշխանությունը եւ հավատացին Արեւմուտքին
Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակը վերջին երեք տարիներին հաճախ համեմատում են մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես՝ Հայաստանի առաջին հանրապետության հետ։ Ոմանց կարծիքով՝ ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա՝ Հայաստանի իշխանությունները սխալներ են թույլ տալիս, եւ դրանք շատ նման են իրար։ Պատմաբան Գեւորգ Մելքոնյանին խնդրեցինք զուգահեռներ անցկացնել՝ մեր ընթերցողին ներկայացնել նմանությունները եւ տարբերությունները, որոնք հարյուր տարի մեր ժողովրդին կանգնեցրել են նույն խնդիրների առաջ եւ նույնքան օրհասական վիճակ ստեղծել։
«Իրավիճակների նմանությունը շատ մեծ է, եւ, ցավոք սրտի, ամեն հարյուր տարին մեկ այդ մեծ սխալները, որպես ժողովուրդ, հիմա էլ ենք գործում։ Պատմությունը «եթե»-ներ չի սիրում, բայց կարող ենք հստակ ասել, որ եթե Հայաստանի այն ժամանակվա քաղաքական ղեկավարությունը մի քիչ հեռատես լիներ եւ կուրորեն չհավատար Փարիզի վեհաժողովին, Վիլսոնին եւ այլն, ապա համոզված եմ, որ Հայաստանի տարածքը լինելու էր ոչ թե 30, այլ 60 հազար քառակուսի կմ՝ ներառելու էր նաեւ Կարսի շրջանը, Արդահանը, Սուրմալուն։ Ես դրանում համոզված եմ։ Ինչո՞ւ․ որովհետեւ այն ժամանակ բոլշեւիկները հրավիրեցին Հայաստանի ղեկավարությանը Մոսկվա եւ հասկացրին, որ եթե դուք ձեր կամքով խորհրդայնանաք, ապա Հայաստանը կունենա այն սահմանները, ինչ այդ պահին ուներ։ Իսկ այդ պահին Հայաստանն ուներ ավելի քան 60 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Բայց Հայաստանի ղեկավարությունը չլսեց բոլշեւիկներին․ առաջին խնդիրը՝ չուզեց կորցնել իշխանությունը, եւ երկրորդը՝ հավատաց Արեւմուտքին։ Ունեցանք թուրքական զորքերի ագրեսիա, որի հետեւանքով սահմանը գծվեց առանց Հայաստանի, ինչպես հիմա է փորձում գծվել՝ ըստ էության, եւ ունեցանք արդյունքում 29.800 ք/կմ տարածք»,- ասաց պատմաբանը։
Մելքոնյանը կարծում է, որ հիմա նույնն է՝ մի փոքր այլ իրավիճակով։ Հայաստանը փորձում է կարգավորել իր հարաբերություններն Արեւմուտքի հետ, փորձում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, իսկ հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես առաջին հանրապետության ժամանակ, գնալով վատթարանում են։ Պատմաբանը շեշտում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա՝ Ռուսաստանը որքան էլ թույլ լինի, այնուամենայնիվ, այնքան հզոր է, որ կարող է Հայաստանում եւ մեր տարածաշրջանում խնդիրներ լուծել։
«Առաջին հանրապետության ղեկավարությունը մտածում էր, որ եթե բոլշեւիկները թաղված են քաղաքացիական պատերազմի մեջ, ապա իրենց կհաջողվի կյանքի կոչել Արեւմուտքի ծրագիրը եւ ունենալ մեծ Հայաստան, որը կներառի նաեւ Տրապիզոնը՝ դեպի ծով ելք ունենալու հնարավորությամբ։ Սակայն արդյունքում ունեցանք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանի տարածքն ընդամենը կազմում էին Երեւանը, Սեւանը եւ Լոռու շրջանը՝ մոտավորապես 12.000 քառակուսի կմ։ Մենք հերթականությամբ դրան ենք գնում, որովհետեւ Ալիեւի խնդիրը միայն Արցախը, Սյունիքը, անկլավները չեն։ Ադրբեջանը հասկացել է, որ ինքն ունի պատմական հնարավորություն, եւ համոզված եմ, որ Արցախից ու անկլավներից հետո Ալիեւը կանգ չի առնելու․ միամտություն է կարծել, թե կանգ է առնելու։ Ոչ, Ադրբեջանը փորձելու է դադարեցնել Հայաստանի Հանրապետության սուվերեն գոյությունը»,- շեշտեց պատմաբանը։
Մելքոնյանը նկատեց, որ ինչպես հարյուր տարի առաջ էինք նույն սխալներն անում, հիմա էլ նույնությամբ կրկնում ենք ու որպես հետեւանք՝ ունենալու ենք հերթական Բաթումիի կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրը։
Մեր դիտարկմանը, թե քննարկումներ են գնում, որ այս պահին հայ ժողովուրդը նաեւ գոյաբանական խնդրի առաջ է կանգնած, սակայն հասարակական լայն շրջանակները կարծես դա չեն գիտակցում, եւ ոմանք անգամ զուգահեռ են անցկացնում 1915 թվականին նախորդած ժամանակահատվածի հետ՝ հատկապես մտավորականության լռության, հանրային հանդարտության ու վտանգի կանխազգացում չունենալու առումով, պատմաբանը չհամաձայնեց։ Նա կարծում է, որ իրավիճակն այն ժամանակ այլ էր։ «Ես մի հստակ բան կարող եմ ասել, որ մեր մտավորականությունը երբեւէ՝ ո՛չ 19-րդ դարում, ո՛չ 20-րդ դարի սկզբին․․․ իր վերջին երկու հարյուր տարվա մեջ մի անգամ է ունեցել կամք՝ ոտքի կանգնելու, դիմագիծ ցույց տալու, դա եղել է 1987-1988 թվականներին։ Ցավոք, մեր երրորդ հանրապետության ամենամեծ սխալներից մեկը մտավորականության ինստիտուտի վերացումն էր, հիմա չկա «մտավորականություն» հասկացություն, վերաբերմունք, հարգանք։ Այդ սերիալները, որ տասնամյակներ առաջ սարքվում էին, մարդկանց մատուցվում էին, այնտեղ հեղինակությունը ոչ թե մտավորականությունն էր, այլ հայաթներում պպզողները, թաղային հեղինակությունները։ Երբ որ մենք 30 տարի հասարակության հերոս ենք սարքում ոչ թե զինվորին, մանկավարժին, մտավորականին, այլ հանցագործ աշխարհի ներկայացուցչին, բնականաբար, երկրի համար կարեւոր պահերին չենք տեսնելու մտավորականություն։ Մենք մեր ձեռքով ոչնչացրել ենք մեր մտավորականությունը։ Եվ հետաքրքիրն ինչն է՝ եթե 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին մեր մտավորականությանը Թուրքիայում փորձում էին վերացնել ֆիզիկապես, այդ նույն մտավորականությանը հայկական իշխանությունները վերացրին իրենց ձեռքով՝ ոչ թե ֆիզիկապես, այլ՝ բարոյապես։ Հետեւաբար, շատ ծիծաղելի եմ համարում, երբ մարդիկ ասում են՝ ո՞ւր է մտավորականությունը, ինչո՞ւ մտավորականությունը ձայն չի հանում։ Չկա այդպիսի բան, այդպիսի ինստիտուտ։ Մտածող ու մտավորական մարդիկ կան շատ, բայց Հայաստանը, որպես այդպիսին, չունի մտավորականություն, որովհետեւ 1991 թվականից հետո մենք մեր ձեռքով վերացրել ենք այդ մտավորականությունը»,- եզրափակեց Գեւորգ Մելքոնյանը։
Կարծիքներ