Ով ինչու է հայտնվել «սև ցուցակում» և դուրս մնացել երազանքների ցուցակից

Ով ինչու է հայտնվել «սև ցուցակում» և դուրս մնացել երազանքների ցուցակից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մոտ երկու տասնյակ պատգամավորներ տեղ չեն գտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում: Մերժվածների, իսկ ավելի ճիշտ՝ «քաշվածների» «սեւ ցուցակում» Արարատ Միրզոյանի հովանավորյալներն են՝ Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Հովհաննես Իգիթյանը, Սոս Ավետիսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Միքայել Զոլյանը, Սերգեյ Ատոմյանը, Համազասպ Դանիելյանը եւ այլք։ Երեկ նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում ասում էին, որ ցուցակում չեն ընդգրկվել իրենց ցանկությամբ, որ վերադառնում են նախկին աշխատանքին։ Սակայն պարզ է մի բան, որ այլ բան է ցուցակի ոչ անցողիկ հորիզոնականներում լինելը, այլ բան՝ ցուցակից ընդհանրապես դուրս մնալը, ինչը վկայում է այն մասին, որ այս մարդիկ ինչ-որ պատճառով հայտնվել են Փաշինյանի «սեւ ցուցակում»։ Օրինակ, Միքայել Զոլյանի դեպքում, ըստ ամենայնի, հոր՝ քաղաքագետ Սուրեն Զոլյանի՝ Նիկոլ Փաշինյանի մասին սկանդալային գրառումն է պատճառ դարձել։ Սուրեն Զոլյանը, հիշեցնենք, ֆեյսբուքյան իր էջում պատերազմից հետո Փաշինյանի մասին գրել էր. «Վաղը իր գժի թուղթը կհանի եւ որպես անմեղսունակ՝ պատասխանատվությունից կազատվի»։

 

«Չկա նման բան, դա ոչ մի կապ չունի, ես՝ ինքս եմ որոշել վերադառնալ իմ նախկին գործունեությանը»,- մեզ հետ զրույցում ասաց իմքայլական Զոլյանը։ Հիշեցնենք, որ մինչեւ 2018-ը Զոլյանը, համաձայն պաշտոնական կենսագրության, աշխատել է Բրյուսովի անվան համալսարանում, 2015-2017թթ․՝ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ 

 

Ո՞ր պահից է նա հասկացել, որ ուզում է վերադառնալ իր նախկին գործին, եւ ինչո՞ւ է մինչեւ հիմա հապաղել։ «Հենց ընտրվելուց ես որոշել էի, որ մնալու եմ պատգամավոր՝ մինչեւ հաջորդ ընտրությունները, երբեք չեմ պատրաստվել երկրորդ անգամ էլ պատգամավոր առաջադրվել»։ Ի դեպ, տեղեկություններ տարածվեցին, որ պատերազմից հետո հոր եւ որդու հարաբերություններն էլ են խզվել։ «Իմ հայրիկի հետ ես հիանալի հարաբերություններ ունեմ, մենք իրար հետ հիանալի իրար հասկանում ենք, եւ բոլոր էն մարդիկ, ովքեր փորձում են մտնել իմ եւ հայրիկիս հարաբերությունների մեջ, էդ մարդկանց իմ դաստիարակությունը թույլ չի տալիս վատ բան ասել, դա անբարոյականության գագաթնակետն է»։ Իսկ թիմի հետ է՞լ են այդ գրառումից հետո հարաբերությունները հիանալի։ «Իմ թիմն ինձ շատ լավ հասկանում է, ես իմ թիմի հետ որեւէ խնդիր չունեմ, ոչ էլ հայրիկիս հետ որեւէ խնդիր ունեմ։ Սա իմ անձնական որոշումն է»։ Փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ նկատի ունի «թիմի հետ լավ հարաբերություն» ասելով, լա՞վ են զգացել թիմակիցները հոր ստատուսից, սակայն Զոլյանն իրեն գցեց դահլիճից ներս։ 

 

ԿԳՄՍ նախկին փոխնախարարի պաշտոնից խորհրդարան գործուղված Հովհաննես Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ իր ցանկությամբ է դուրս մնացել ցուցակից, կրթության ոլորտ վերադառնալու մտադրություն ունի։ Հիշեցնենք, որ նրա անունը տեւական ժամանակ շոշափվում էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնի առումով։ «Ես ավելացնելու բան չունեմ, ինձ էլ հարցեր մի տվեք»,- հորդորեց Հովհաննիսյանը։ Դիտարկմանը, որ ինքը 3 տարի սպորտդահլիճում չի եղել, այլ ընդգրկված էր կրթության, գիտության հանձնաժողովի կազմում՝ փոխնախագահի պաշտոնում, պատասխանեց․ «Այստեղ արել եմ առավելագույնը, ինչ կարողացել եմ, կարող է մի բան էլ քիչ եմ արել, բայց հիմա համարում եմ, որ կարող եմ ավելին անել կրթության, գիտության ոլորտում»։ Այսինքն՝ Դո՞ւք եք գնացել-ասել, որ ինձ մի գրեք։ Հովհաննիսյանը չպատասխանեց։ Իսկ պատերազմն իր այդ որոշման վրա ազդեցություն ունեցե՞լ է։ Պատգամավորը կրկին անպատասխան թողեց հարցը, փոխարենը վստահեցրեց, որ ընտրական գործընթացներում ակտիվ է լինելու։
Նախկին քննիչ, Արարատի մարզից ընտրված Սերգեյ Ատոմյանն էլ ասաց, որ վերադառնում է մասնագիտական ոլորտ, թե կոնկրետ ինչ պաշտոնում, որտեղ, ասաց՝ դեռ չեմ որոշել։

 

- Այսինքն՝ 3 տարի Դուք ճիշտ տեղում չեք եղել եւ հիմա նորից ուզում եք մասնագիտական ոլո՞րտ վերադառնալ։

 

- Ճիշտ կամ սխալ տեղի խնդիր չկա, ավելի լավ է, որ ես զբաղվեմ մասնագիտական գործունեությամբ։ 

 

- Իսկ գուցե պատերա՞զմն է Ձեր որոշման վրա ազդել, ո՞ր պահից հասկացաք, որ խորհրդարանում անելիք չունեք։

 

- Չէ, որ ասեմ՝ հատուկ էսօրվանից որոշել եմ, որ պատգամավոր չդառնամ․․․ Ես բնույթով ակտիվ մարդ եմ, պատգամավորական գործունեությունը մի քիչ ավելի պասիվ գործունեություն է։ Իրավապահ համակարգում աշխատած ժամանակ սովոր եմ, որ առավոտից երեկո մարդ աշխատանքով է զբաղվում, իսկ պատգամավորը, ճիշտ է, նախագծեր է մշակում, հանդիպումներ ունենում, բայց այդ ակտիվությունն ինձ այդպես չի գրավել, ճիշտ կլինի, որ այս փուլում ես զբաղվեմ իմ մասնագիտական գործունեությամբ։

 

- Բա Ձեր գործընկերները վստահեցնում են, թե քիթ սրբելու ժամանակ չունեն, 24 ժամ աշխատում եք, թե հեղափոխությունից հետո ծանր ժառանգություն եք ստացել․․․ պատերազմից հետո էլ չասենք․․․

 

- Հա, 24 ժամ աշխատում ենք, բայց դա հանգիստ օրենսդրական աշխատանք է, ես այդպես չեմ նախընտրում

 

- Զուգահեռ կարող էիք սպորտդահլիճ գնալ, ակտիվություն դրսեւորել։

 

- Լավ խորհուրդ է, հետագայում կկիրառեմ։

 

- Ճշտենք՝ թիմը, Փաշինյանը Ձեզնից գոհ են, բայց Դուք ասել եք՝ ինձ էլ ցուցակում չգրե՞ք։

 

- Ես նման խոսակցություն չեմ ունեցել որեւէ մեկի հետ, չնայած նախապես հուշել եմ, որ ես չեմ ուզում ընդգրկվել ցուցակներում, ուզում եմ մասնագիտական ոլորտ վերադառնալ։ 

 

- Ո՞ւմ եք հուշել։

 

- Ընդհանուր քննարկման ժամանակ եմ ասել։

 

- Իսկ գուցե «սեւ ցուցակում» հայտնվել եք, որովհետեւ նախկինում Ավշարի Գրիգորյանների հետ կապե՞ր ունեիք։

 

- Առաջին անգամ Ձեզնից եմ լսում, որ մոտ եմ։
 

- Ընտրություններին աշխատելո՞ւ եք Ձեր թիմի համար։

 

- Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր կլինի իմ կարծիքը, ես անպայման կարտահայտեմ այն։

 

- Այսինքն՝ ակտիվ քարոզչությամբ չեք զբաղվի։

 

- Ես մտադիր եմ մասնագիտական ոլորտում շարունակել իմ աշխատանքը, իսկ եթե իրավական ոլորտ եմ տեղափոխվում, ապա օրենքով արգելված է քարոզչությունը։

 

- Դուք մինչեւ հաջորդ խորհրդարանի ձեւավորումը պատգամավոր եք լինելու, այսինքն՝ հնարավո՞ր է մանդատը վայր դնեք մինչ ընտրությունը։

 

- Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է։