Թեստային հրավառություն և մասնագետների հոռետեսությունը

Թեստային հրավառություն և մասնագետների հոռետեսությունը

Նիկոլ Փաշինյանը երեկվա իր «լայվի» ժամանակ երկու լուր հայտնեց․ մեկը՝ տեղական ռազմարդյունաբերական համալիրի made in Armenia արտադրանքի ինչ-որ խորհրդավոր նմուշի մասին (ոլորտի գիտակները չգիտեին, թե ինչի մասին է խոսքը, բայց մեկնաբանեցին հայտնի անեկդոտի բառերով՝ դու էլ ասա), մյուս լավ լուրն էլ սա էր․ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին պետության կողմից կհատկացվի մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ հումք՝ կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն սկսելու համար։ 

Հայաստանում թեստեր արտադրելու առաջարկն օրեր առաջ արել էր ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, եւ երեկ վարչապետի «լայվից» հետո նրա ֆեյսբուքյան էջում շնորհավորանքների ու «բռավո»-ների հրավառություն էր։ Ինստիտուտի տնօրենի էջին լուրով կիսվել էր նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2019 թվականի հոկտեմբերի 17-ից Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ «լավ լուր» հեշթեգով։ Մի օգտատեր գրել էր, որ «Սա պիտի նախադեպ դառնա, որ գիտությունը Հայաստանում մշտապես լինի պետական հովանավորության տակ»։ Հեշթեգեր-#ՀզորԳիտությունՀզորՀայաստան։

Արսեն Առաքելյանը երեկ ինստիտուտում էր եւ մեր զանգին ի պատասխան, խորհուրդ տվեց ավելի ուշ զանգել, ապա չպատասխանեց զանգերին, իսկ ավելի վաղ հարցազրույցում հայտնել էր, թե արտադրությունը հիմնված է արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ այդ նյութերը, եւ որ այդ թեստերը կարող են արտադրել 1-2 շաբաթվա ընթացքում։ Բանակցում են եվրոպական, չինական, Մալայզիայի ու Սինգապուրի արտադրողների հետ՝ այնտեղից անհրաժեշտ նյութերը ներկրելու համար։ Իսկ դրանց արտադրոթյունը հնարավոր է երկու՝ ավտոմատ, եւ ձեռքով՝ լաբորատոր պայմանների օգտագործմամբ, որոնք Հայաստանում կան։ 
Հնարավո՞ր է Հայաստանում նման բարդ համակարգերի արտադրություն ստեղծել զրոյից, որովհետեւ ամեն անգամ կառավարության նման ցնցող առաջարկների ֆոնին մասնագետները, որպես կանոն, թերահավատ ու վատատես են։ Հարցը նախ ուղղեցինք Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, որն անկեղծորեն ասաց, որ այդ թեմայի մասին դժվարանում է խոսել։ «Դժվարանում եմ ասել՝ արդարացվա՞ծ է, թե՞ չէ։ Բայց նրանք երկար տարիներ գործունեություն են ծավալել, այդ կառուցվածքին վերաբերող հետազոտություններ են կատարել»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։ 

Ի դեպ, «Սփյուռ»-ում ինստիտուտի մասին տեղեկություններում կա նաեւ «Գների հարցում» բաժին, որում նշված են ինստիտուտի կողմից մատուցվող ծառայությունները․ ախտորոշման համակարգերի մշակում, կենսապատրաստուկների (բիոպրեպարատների) ստացման տեխնոլոգիաների մշակում, փորձաքննություն, վերլուծություն, վերահսկողություն, այդ թվում՝ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳՁՕ) առկայության ստուգում, սնկային թույների առկայության ստուգում եւ, վերջապես՝ տարաբնույթ ծառայություններ առողջապահության բնագավառում։ 

Հարցն ուղղեցինք նաեւ եվրոպական կլինիկական լաբորատոր գենետիկի որակավորում ունեցող Դավիթ Բաբիկյանին, հետաքրքրվեցինք՝ Հայաստանում նման արտադրություն սկսելն իրատեսակա՞ն է։ Բաբիկյանն ընդամենը 2 բառ ասաց՝ no comment, ապա առաջարկեց հարցն ուղղել կա՛մ կառավարությանը, կամ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենին։ Բայց պատասխանը, ինքնին, խոսուն էր։ 

Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի ղեկավար Թամարա Ֆադեյի Սարգսյանն էլ ակնհայտորեն թերահավատ էր, քանի որ, լսելով հարցը, երկար պաուզայից հետո արձագանքեց՝ ըհը, չգիտեմ, ես չեմ պատկերացնում։ «Ես գտնում եմ, որ դա շատ լուրջ հարց է, պետք է շատ լուրջ ուսումնասիրվի, քննարկվի մասնագետների հետ։ Բայց ոնց որ որոշվա՞ծ է․․․ ես երեկ կարդացի։ Ես կարդացել եմ, որ նույնիսկ Ղազախստանն է հայտարարում, բայց դրա համար պետք է կենսատեխնոլոգներ լինեն՝ հատուկ արտադրության, դա գիտական աշխատանք չէ կամ դիսերտացիա, պետք է լինեն հատուկ մասնագետներ, որոնք ունեն այդ փորձը»,- հավելեց բժիշկը։ 
Մենք էլ հավելենք, որ Ուկրաինան եւս հայտարարել է կորոնավիրուսի տեղական թեստերի արտադրության մասին, սակայն, ընդհանուր առմամբ, անգամ գերտերություններն այս փուլում շատ զուսպ ու զգուշավոր են խոսում ճշգրիտ թեստային համակարգերի մասին։ Իսկ եթե ամփոփելու լինենք նաեւ մեզ հետ անանուն զրուցած մասնագետների կարծիքները, ապա կանխատեսումը մեկն է․ կա՛մ այդ արտադրությունը չի լինի, կա՛մ կլինի ահավոր անորակ թեստային համակարգ։