Նա մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ իր «կիրթ» գործընկերոջից ծնկաչոք խաղաղություն աղերսելու

Նա մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ իր «կիրթ» գործընկերոջից ծնկաչոք խաղաղություն աղերսելու

«Հրապարակի» զրուցակիցն է հրապարակախոս Ավետիք Իշխանյանը։

-Ալիևը հայտարարեց, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է, եւ այն Հայաստանին հանձնելը «պատմական հանցագործություն» է եղել։

-Ադրբեջանի նախագահն օգտվում է Հայաստանի` արժանապատվությունից զուրկ իշխանության առկայությունից և իրեն թույլ է տալիս ոչ միայն կեղծել պատմությունը, այլև հերթական անգամ ծաղրել մեզ՝ ողջ հայ ժողովրդին։ Մի երկիր, որն առաջին անգամ քարտեզի վրա գծագրվել է 1918 թվականին, հավակնում է հայոց հազարամյակների քաղաքին տիրանալուն։ Ինչպես ասում են՝ մեզ հասնում է։ Եթե դպրոցական դասագրքերում Տիգրան Մեծի դարաշրջանի քարտեզում հայկական կողմը քծնողաբար ներկայացնում է Թուրքիան և Ադրբեջանը, հրապարակային հրաժարվում է ոչ միայն Արցախից, այլև պատրաստվում է հրաժարվել պատմական հիշողությունից, Արարատ լեռից,  ապա թշնամին ավելի է լկտիանում՝ հավակնելով ողջ Հայաստանի տարածքին։

-Ալիևը կամ Ադրբեջանի վերնախավից որևէ մեկը երբեք չի ասում՝ որքան է ՀՀ սուվերեն տարածքը` քառակուսի կիլոմետրով, ավելին` բացահայտ ծաղրանքով են խոսում Հայաստանի մասին։ Փոխարենը մեր պաշտոնյաները ադրբեջանցիներին առաջարկում են ճանապարհներ, հանգիստ երթևեկություն։

-Ադրբեջանի վերնախավն, ի տարբերություն Հայաստանի վերնախավի, միշտ եղել է միակամ` կոնկրետ Արցախի հարցում։ Եվ ոչ միայն վերնախավը, նույնիսկ վտարանդի ադրբեջանցի իրավապաշտպանը Արցախի հարցում նույն՝ կոշտ դիրքորոշման կողմնակից էր։ Այդ մենք էինք, որ չհավատալով մեր հաղթանակին, տարբեր քննարկումներ էինք կազմակերպում, անվերջ խոսելով զիջումների մասին, սուր քննադատելով, ըստ իրենց, «ոչմիթիզականներին»։ Իսկ 2020 թ. խայտառակ պարտությունը և 2023 թ. Արցախի ցեղասպանությունն էլ ավելի լկտիացրեց Ադրբեջանի վերնախավին։ Մեր պարզունակ, «խաղաղապաշտ» գործիչներին թվում էր, թե որոշակի զիջումների դեպքում, Ադրբեջանը կբավարարվի և նրանց երազած խաղաղությունը կթևածի մեր տարածաշրջանում։ Իրականում, եթե դու պատրաստ ես զիջումների, ապա այդ զիջումները սահման չունեն։ Ամեն զիջմանը կհաջորդեն նոր պահանջներ` այն, ինչ այսօր կատարվում է։ Պատահական չէր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը խոսեց նախ արևմտյան Զանգեզուրի, ապա երբ հայկական կողմը չհակաճառեց, կարճ ժամանակ անց արդեն՝ արևմտյան Ադրբեջանի մասին։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ վարչապետ կոչեցյալի հետևողական քաղաքականության պատճառով, փաստորեն, մենք մնացել ենք առանց դաշնակիցների` միայնակ թուրք-ադրբեջանական տանդեմի դիմաց, ապա Ադրբեջանի նախագահի և վերնախավի ախորժակն անվերջ է՝ հավակնելով ողջ Հայաստանի տարածքին։ 

-Նույնիսկ Փաշինյանի թիմն է նշում, որ Հայաստանի առաջարկները բացահայտ արհամարհվում են Բաքվի կողմից և Ադրբեջանը փաստացի հայտարարում է՝ զորքերը հետ չեն քաշելու։

-Երբ լսում, կարդում եմ ձեր նշած գործիչների խոսքերը, անհարմար եմ զգում, որպես Հայաստանի քաղաքացի և ներեցեք՝ նաև որպես հայ, որ նման պետական գործիչների ձեռքին է հայոց պետությունը։ Երբ 2022 թվականին Պրահայում, առաջին անգամ վարչապետ կոչեցյալը հրապարակային հայտարարեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, նրան թվում էր, թե Ադրբեջանը այդքանով կբավարարվի։ Դրանից հետո Բրյուսելում նորից կրկնեց իր կողմից Արցախի ուրացումը։ Այդ զիջումները բերեցին Ադրբեջանի կողմից նոր պահանջներին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ զորքերը Հայաստանի տարածքից հետ չի քաշելու, կարծում եմ միայն անմեղսունակները կարող էին երազել, թե Ադրբեջանն իր գրաված տարածքներից դուրս կբերի զորքերը։ Եթե Ադրբեջանը պաշտոնապես Հայաստանը դիտարկում է, որպես արևմտյան Ադրբեջան, ապա, ըստ նրա, զորքերը գտնվում են Ադրբեջանում։ Թշնամուն ոչ թե խնդրում են զորքերը հետ քաշել, այլ պարտադրում և վռնդում են։

-Ի՞նչ բովանդակությամբ խաղաղության պայմանագիր է ՔՊ-ն ակնկալում Ալիևից։

-Ճշտենք` ոչ թե ՔՊ-ն, այլ վարչապետ կոչեցյալը։ Ինչ պայմանագրի համաձայնվի նա, ՔՊ-ն` իր ողջ կազմով կծափահարի դրան, թեկուզ Հայաստանի տարածքային ահռելի կորուստների գնով։ Իսկ վարչապետ կոչեցյալն ակնկալում է, որ Ադրբեջանին հանձնելով 8 գյուղեր և տալով Զանգեզուրի միջանցք, Ադրբեջանը կբավարարվի և կստորագրի խաղաղության, իրականում՝ կապիտուլյացիայի հերթական փաստաթուղթը։ Այո՛, ես համոզված եմ, որ նա Ադրբեջանի իր «բարեկիրթ» գործընկերոջը խոստացել է Զանգեզուրի միջանցք տալ։ Այդ մասին են վկայում, ինչպես թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հաճախ հնչող խոսքերն, այնպես էլ, Հայաստանի իշխանության երկրպագու Ստեփան Գրիգորյանի 2021 թվականին թուրքական Անադոլու գործակալությանը տված հարցազրույցը, որտեղ սույն գործիչը կողմ է արտահայտվում Զանգեզուրի միջանցքին։ Համոզված եմ, որ առանց վարչապետ կոչեցյալի հավանության, այդ գործակալը, ներեցեք՝ գործիչն, այդպիսի բան չէր համարձակվի ասել։ Այսօր, Զանգեզուրի միջանցքի բացման միակ խոչընդոտը Իրանն է, ի դեպ, այդ մասին ասաց նաև Թուրքիայի նախագահը։

-Ինչո՞ւ է մեզ համար վտանգավոր երկկողմանի` տետ ա տետ բանակցությունները, ինչին ձգտում է Ադրբեջանը։

-Կուզենայի հիշեցնել 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո սկիզբ առած բանակցությունների ընթացքը։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եռակողմ էր՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, որը ենթադրում էր բանակցությունների անցկացում Ռուսաստանի միջնորդությամբ։ Հետագայում Հայաստանի վարչապետ կոչեցյալն, ինչպես ասում են` «քցեց» Ռուսաստանին, նախընտրելով բանակցություններ վարել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուս խաղաղապահներն էին Արցախում, ապա հավաքական արևմուտքին, որի նպատակը տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելն է, տրամաբանական է, ձեռնտու էր Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Պատահական չէր ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչած «Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայեր» վիրավորական արտահայտությունը։ Արևմուտքից Ադրբեջանի նախագահը ստացավ այն, ինչ իրեն պետք էր՝ Հայաստանի վարչապետ կոչեցյալի կողմից Արցախի ուրացումը։ Իսկ Հայաստանի վարչապետ կոչեցյալի հույսը արևմուտքն էր, որը կերաշխավորեր խաղաղության փաստաթղթի դրույթների իրագործումը։ Իսկ Ադրբեջանին` Արցախի ցեղասպանությունն իրականացնելուց հետո այլևս միջնորդներ պետք չեն։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է։ Այսպիսով, առանց միջնորդների բանակցություններում Ադրբեջանն իրեն ավելի վստահ կզգա և սպառնալով վարչապետ կոչեցյալին, կստանա այն ամենը, ինչ կցանկանա։ Դրանից հետո Հայաստանը, որպես պետություն, համոզված եմ ասում՝ կարճ ժամանակում կվերանա։

-Երեկ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը չանդրադարձավ Ալիևի խոսքերին։ Ինչո՞ւ է նա խուսափում Ալիևին պատասխանելուց։

- Վարչապետ կոչեցյալը ոչ միայն երեկ, ընդհանրապես խուսափում է պատասխանել Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարություններին։ Մի քանի առիթներով ասել եմ, նորից կրկնեմ, արժանապատվություն ունեցող երկրի ղեկավարը կբոյկոտեր ցանկացած բանակցություն, քանի դեռ Բաքվի զնդաններում տառապում են մեր գերիները, առավել ևս Արցախի նախկին ղեկավարները։ Հետաքրքիր է, վարչապետ կոչեցյալը բոյկոտում էր ՀԱՊԿ-ի գագաթաժողովը, այն է՝ Ռուսաստանին, և հանկարծ մեկնեց ԱՊՀ ու ԵԱՏՄ ոչ պաշտոնական  գագաթնաժողովներին մասնակցելու։ ԱՊՀ հանդիպմանը, պարզ երևում է, թե ինչպես է նա մոտենում և սեղմում Ադրբեջանի նախագահի արյունոտ ձեռքը։ Ի՞նչ ասես` զրո արժանապատվություն։ Իմ համոզմամբ, նա մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ հենց իր «բարեկիրթ» գործընկերոջ հետ հանդիպման համար, որ նորից ծնկաչոք խաղաղություն աղերսի նրանից։ Իսկ թե ինչու նա չի պատասխանում ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հոխորտանքներին, միայն մեկ բացատրություն ունի՝ նախնական պայմանավորվածություններ։ Եթե նա համարձակվի կոշտ արձագանքել, ապա ինչե՜ր կբացահայտվեն։ Հիշենք Բելառուսի նախագահ Ա․ Լուկաշենկոյի միջնորդավորված առաջարկությունը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Պարզ չի՞ որ առաջարկությունը 2018 թվականից հետո կրկնվել է։