Եթե անգամ մեկ հացի գինը դառնա ամբողջ թոշակին հավասար, այդ սեկտան մնալու է անսասան

Եթե անգամ մեկ հացի գինը դառնա ամբողջ թոշակին հավասար, այդ սեկտան մնալու է անսասան

Հայաստանյան վերջին օրերի ներքաղաքական լարվածության շուրջ Hraparak.am-ը զրուցել  է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

«Հունիսի 3-ին դիմադրության շարժման մասնակիցների հետ մասնակցում էի հերթական խաղաղ երթին։ Եվ քանի որ այդ իրադարձությունների կիզակետում էի, և նույնիսկ ստանալով վնասվածքներ մինչև վերջին պահը փորձեցի ուղիղ եթերներով հասանելի դարձնել այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի նորանկախ պատմության մեջ՝ ամենանողկալի ոստիկանական, ամենազարհուրելի ոստիկանական «բեսպրեդելն էր»։ Փաստեցի, թե ինչպիսի դաժանությամբ էին տարբեր գույնի բերետավորներն ուղղակի ջարդում քաղաքացիներին, այդ թվում կանանց։ Ես տպավորություն ունեի, որ նրանցից շատերը ինչ-որ հատուկ խթանիչների ազդեցության տակ էին, որովհետև այդպիսի վայրագություն իրենց կարող էին թույլ տալ միայն ադեկվատությունից դուրս գտնվող մարդիկ։ Այդ ամենը տեղի էր ունենում Եվրոպական միության դեսպանության ուղիղ քթի տակ։ Եվ եթե զուգահեռներ անցկացնենք 2018 թվականի հետ, երբ որևէ ցուցարարի հանդեպ որևէ բռնություն չի կիրառվել, բայց՝  թե Եվրոպական միության, թե Միացյալ Նահանգների հայաստանյան դեսպանությունները ժամը մեկ ռեժիմով հայտարարություններ էին անում՝ կոչ անելով իշխանություններին որևէ ուժ չկիրառել ցուցարարների հանդեպ, միջազգային հանրության և նաև իրավապաշտպան  կազմակերպությունների, որոնք ֆինանսավորվում են Արևմտյան դեսպանատներից։
Նիկոլ Փաշինյանը ստացել է քարտ բլանշ իրեն իշխանության բերած և իրեն պահող աշխարհաքաղաքական կենտրոններից՝ բիրտ ուժ կիրառել ցուցարարների հանդեպ՝ ընդհուպ կրակել ժամկետանց լուսաձայնային նռանկներով, ինչից տուժել են նաև բազմաթիվ ոստիկաններ, ինչը և Նիկոլ Փաշինյանն արեց ամսի 3-ին»։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է Նաիրա Զոհրաբյանը գնահատում ընդդիմադիրների մեկամսյա պայքարը, նա ասաց․

«Ես հիմա այդ մասին չեմ խոսելու, ձեռնպահ կմնամ, որովհետև այս փուլում խոսել ընդդիմության սխալների մասին նշանակելու է շատերի գնահատմամբ՝ թիկունքից հարվածել ընդդիմությանը։ Փորձում եմ իմ տեսակետները, առաջարկները հասցնել ընդդիմադիր տարբեր ղեկավար կազմի գործիչներին՝ մասնավոր, անհատական զրույցներում։ Հույս ունենանք, որ իրենք, ինչպես և խոստացել են, առաջիկա օրերին նոր ռազմավարությամբ, մարտավարությամբ հանդես կգան, որը կտեսնենք, թե որքան է կենսունակ, և կկարողանա՞ արդյոք դուրս հանել այն մասսան, ովքեր հասկանում են, որ Նիկոլը աղետ է, բայց դեռևս շարունակում են մնալ անհաղորդ, շարունակում են մնալ տանը։ Ամեն դեպքում այն լայն քննարկվող թեզը, որ այս գնաճը կստիպի ժողովրդին դուրս գալ սոցիալական «բունտի», ես դա համարում եմ անլուրջ։ Եկեք հիշենք՝  Ուկրաինայում 32-33 թթ․-ին տեղի ունեցած մասսայական սովը, որը  բերեց հանգեցրեց՝ «գոլոդոմորի»։

Եթե Հայաստանում անգամ «գոլոդոմոր» լինի, Նիկոլի սեկտայի վրա դա չի ազդելու։ Եթե մեկ հացի գինը դառնա իրենց ամբողջ թոշակի գինը, միևնույն է այդ սեկտան շարունակելու է մնալ անսասան։ Ուստի սոցիալական «բունտի» վրա արվելիք հաշվարկները լինելու են սխալ։ Ինձ համար հասկանալի և բացարձակ ընդունելի չէ այն, որ մարդը իր հայրենիքը պաշտպանելու համար փողոց դուրս գա միայն այն ժամանակ, երբ իր սառնարանը կտեսնի վերջնականապես դատարկ։ Եթե իր համար Արցախն ու Հայաստանը ուղղակիորեն կապված են իր ստամոքսի և հաստաղու հետ, ապա այդպիսի քաղաքացուն և այդպիսի հային  ես ուղղակիորեն հասկանալ չեմ կարող»։