Ալիևի նյարդերը տեղի են տալիս

Ալիևի նյարդերը տեղի են տալիս

Այսօր առավոտյան ԼՂ-ում կրկին դադարեցվեց գազամատակարարումը, իսկ քիչ առաջ վերականգնվեց։ «Հրապարակն» այս առնչությամբ գրել էր, որ Ադրբեջանի կողմից այս քայլը թերեւս կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ Ստեփանակերտը մերժել է Բաքվի չորս կամ հինգ պահանջները, որոնց մասին ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է ԼՂ խորհրդարանի պատգամավորների հետ։

Սա առաջին հերթին նշանակում է, որ ԼՂ բնակչության, առանց այն էլ բարդ ու գրեթե աղետալի վիճակն, ավելի է խորանում։ Սա նաեւ նշանակում է, որ Ադրբեջանն էլ հայտնվել է բավականին բարդ իրավիճակում։ Եւ իրականում այդպես էլ կա։ Դժվար է ասել, թե ադրբեջանական ղեկավարությունը «էոկակտիվիստական օպերացիան» նախաձեռնելիս ինչ խաղադրույք էր կատարել եւ ինչի հույս ուներ, սակայն հասկանալի է, որ «բլիցկրիգային ծնկի բերում» չեղավ, որ արդեն ավելի քան մեկ ամիս դիմադրություն ցույց տվող Արցախի ժողովուրդը Ալիեւի վարչակարգին դրել է շատ տհաճ իրավիճակում` թե Ադրբեջանի ներսում, թե արտաքին աշխարհում։ Այն որ շրջափակումը մի օր վերացվելու է, դա անվիճելի է։ Նույնիսկ եթե այս «օպերացիան» վերջանա ԼՂ ժողովրդի ամբողջական տեղահանությամբ՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի լուռ համաձայնության կամ հանցավոր անտարբերության պայմաններում, եւ ԼՂ մտնեն ադրբեջանական զորքեր, դա չի կարող համարվել Ադրբեջանի հաղթանակ, որովհետեւ դա ունի իր գինը, որը չափազանց բարձր գին է եւ որի համար վճարելու է Ալիեւը՝ նավթով, գազով, Արցախի եւ հարակից տարածքի հանքահումքային ռեսուրսներով ու էլի հազար ու մի բանով։

Մյուս կողմից, եթե դիտենք խնդիրը ներադրբեջանական տեսանկյունից։ Այն ինչ անում է հիմա ԼՂ ժողովուրդը, պարզ ասած՝ կոչվում է «44-օրյա պատերազմի արդյունքների «բիզիմդիր» ու այն էյֆորիայի վերջին ծվենների փոշիացումը, որը սկսվեց 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Ցանկացած ադրբեջանցու համար, ով ունակ է դույզն ինչ մտածելու, պարզ է, որ պարտված ԼՂ-ն արդեն մեկ ամսից ավելի դիմադրում է հաղթանակած Ադրբեջանին ու եթե փոխզիջում չկայանա ու շրջափակումը բացվի, ապա Բաքուն պարտված կլինի։ Իսկ սա լրջագույն մարտահրավեր կարող է դառնալ, եթե չասենք սպառնալիք Ալիեւի իշխանության համար։ Ու հիմա, ԼՂ գազամատակարարման հերթական դադարեցումը նաեւ Ալիեւի վարչակազմում նյարդերի գերլարման ու ինքնավստահության չափաբաժնի նվազման մասին է խոսում։