Խառնաշփոթ

Խառնաշփոթ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը սպառնում է դառնալ «դարի դատավարությունը»: Թե՛ հանրային հնչեղությամբ, թե՛ տեւողությամբ, թե՛ արդարադատության փորձությամբ, թե՛ քաղաքական հետեւանքներով եւ նշանակությամբ: Սա, անշուշտ, քաղաքական դատավարություն է, մանավանդ որ չի կարող քաղաքական չլինել պետության նախկին քաղաքական ղեկավարի դատավարությունը՝ անկախ ներկայացված մեղադրանքների բնույթից, բովանդակությունից, ծանրությունից: Քոչարյանի դատավարությունը ոչ միայն սպառնում է դառնալ «դարի դատավարությունը», այլեւ ներհայաստանյան իրողությունների խառնարանը, որտեղ եռում է ոչ միայն անցյալը, այլեւ ներկան: 

Այս դատավարությունը հերթական անգամ ի ցույց դրեց Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի ապականվածությունը, եւ պարզ դարձավ, որ թավշյա հեղափոխությունը մեր երկրի հասարակական, քաղաքական, պետական կյանքը ոչ միայն չի մաքրել, այլեւ ապականվածությունը տարածել է:

Ռոբերտ Քոչարյանի դատավարության առանցքը Մարտի 1-ի արյունալի իրողություններն են, դրա իրավական մանրամասները՝ մինչեւ կրակված պարկուճները: Սակայն Մարտի 1-ը նախեւառաջ քաղաքական պատասխանատվություն է ենթադրում եւ պահանջում, որն ավելի ծանր պետք է լինի, քան քրեականը:  Եթե 2008թ. հայկական հեղափոխության ձախողման պատասխանատվությունը կրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա Մարտի 1-ի արյունալի դեպքերի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, որի հետ քաղաքական պատասխանատվությունը կիսում են նաեւ նրա զինակիցները՝ սկսյալ Սերժ Սարգսյանից, Վարդան Օսկանյանից եւ մյուսներից:

Քոչարյանին Մարտի 1-ի պատասխանատվությունից անհնար է անջատել առանց արդարադատությանը վնասելու:  Միաժամանակ, Մարտի 1-ի էջը հնարավոր էր փակել առանց պետականությանը վնասելու, եթե թավշյա հեղափոխությունը լուրջ եւ արագ քաղաքական արդյունքներ արձանագրեր, սակայն հեղափոխության միակ քաղաքական արդյունքը եղավ եւ մնաց Սերժ Սարգսյանի հրաժարականը, թեպետ անհայտ է մնում, թե ինչպես եւ ինչու է քաղաքական պատասխանատվությունից հեռացել հենց Սերժ Սարգսյանը՝ Քոչարյանի երկարամյա թիվ մեկ զինակիցը, նա, ով ստանձնեց բռնազավթված իշխանությունը:

Այս ամենով հանդերձ եւ նախեւառաջ, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական պատասխանատվություն պետք է կրեր ավելի ծանր մեղադրանքով՝ ընտրություններ կեղծելու հետեւանքով իշխանության քանիցս բռնազավթման համար, ինչը նաեւ կոպտորեն իրականացրել է թե՛ ՀՀ նախագահի 2003 եւ 2008թթ., թե՛ 2003 եւ 2007թթ. խորհրդարանի ընտրություններում: Սակայն Նիկոլ Փաշինյանի թիմի քաղաքական ընկալումների բացակայության, անցյալի չիմացության, հենց Փաշինյանի՝ քաղաքական մտածողության սահմանափակության պատճառով է, որ Քոչարյանը քաղաքական հալածյալ է ինքնահռչակվում՝ առանց քաղաքական մեղադրանքների:
«Քաղաքական հալածյալ» ինքնահռչակվելու տատասկոտ ճանապարհին Քոչարյանն ինքն է իր դատավարությանը քաղաքական բնույթ տալիս իր հայտարարություններով, ի պաշտպանություն իրեն՝ անցյալի քաղաքական գործիչների ներգրավմամբ, ԶԼՄ-ներով տեղեկատվական պատերազմ մղելով եւ հասարակական կարծիքի ուրվագծվող բեւեռացմամբ: 

Այս՝ «դարի դատավարությունն» արագորեն վեր է հանում նաեւ հայկական միջավայրի ողջ քաղաքական թշվառությունը եւ շարունակվող վերասերումները: Այդ վերասերման արագ ընթացքը ցավալիորեն վկայում է, որ Հայաստանի քաղաքական երկնակամարում ոչինչ նոր չէ, այդ թվում եւ՝ «չկան հավերժական թշնամիներ եւ բարեկամներ» կարգախոսը եւ նախկին թշնամիների թեթեւասահ անցումը բարեկամության ամպերով: Իրադարձությունների զարգացման կորագծում ընդգծվում են մի շարք դիտարժան իրողություններ: Այսպես:
Հոկտեմբերի 8-ին Ռոբերտ Քոչարյանը «շնորհակալագիր է» ուղղել հոկտեմբերի 7-ին հաջակցություն իրեն հանդես եկող գործիչներին. «Ոգեւորիչ է, երբ Հայաստանի եւ Արցախի հանրության շրջանում հեղինակություն վայելող տարբեր մարդիկ համախմբված կերպով հանդես են գալիս իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման վերաբերյալ՝ բարձրացնելով իրենց բողոքի միասնական ձայնը»,- իբրեւ ոգեւորված՝ ընդգծում է Քոչարյանը։

Այդ շնորհակալագիրն ուղղված է նաեւ Դավիթ Շահնազարյանին, ով նույնպես միացել է հաջակցություն Քոչարյանի ստորագրողներին՝ չմոռանալով իր անվան կողքին հիշատակել անցյալի առանցքային պաշտոնները. ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 1992-95թթ․ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ․ ՀՀ ԱԱԾ ղեկավար: Ըստ այբբենական հերթականության, 30 գործիչների հետ Շահնազարյանը ստորագրել է հետեւյալ տողերի տակ. «Ակնհայտ է՝ մարտի 1-ի դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար։ Սա մարտի 1-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սեւեռում»։ 

Նման աննախադեպ քաղաքական կերպարանափոխության համար Դավիթ Շահնազարյանն անցավ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի կառավարման քսան բարդ տարիների միջով: Եվ եթե վերհիշենք 2008թ. հուլիսի 4-ի Շահնազարյանի պատմական մամլո ասուլիսում արված հայտարարությունը, կերպարանափոխությունն անճանաչելի կլինի: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ 2008թ. հուլիսի 4-ին Շահնազարյանն ընդգծել է. «Այսօրվանից Համաժողովրդական շարժման կենտրոնը նախաձեռնում է ստորագրահավաք` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այդ մասին հայտարարեց շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նա հիշեցրեց, որ իշխանության յուրացումը Սահմանադրության դրույթներով ամրագրված միակ հանցագործությունն է, այսինքն` ամենածանրն է եւ մեծագույնը»: Շահնազարյանն առաջինն ինքն է ստորագրել «համաժողովրդական շարժման» հայտարարության հետեւյալ տողերի տակ. «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի նկատմամբ գործել է ծանր հանցանքներ: Նա իշխանությունն ավարտեց կրկին արյունով` 2008 թվականի մարտի 1-ի դաժան սպանդով, որ իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ: Ուստիեւ մենք` ՀՀ ներքոստորագրյալ քաղաքացիներս, պահանջում ենք մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան»։

Դժվար է հավատալ, որ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը չի գիտակցում 2019թ. հոկտեմբերի 7-ի հայտարարության քաղաքական հետեւանքները եւ սեփական պատասխանատվությունը: Ներհայաստանյան իրողությունները վկայում են, որ քաղաքական գործիչների նմանօրինակ վերասերումները միշտ նախորդում են մեծ քաղաքական խառնաշփոթին: 

Քոչարյանի դատավարությունը նաեւ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը, երթեւեկելով ծառայողական մեքենայով, անգամ հեծանիվ վարելիս շրջապատված թիկնապահներով, թռչելով իր 350000 դոլար արժողությամբ ինքնաթիռով,  ինքնանկարներ անելիս եւ ուղիղ եթեր մտնելիս չի նկատել, որ իշխանության այս պարգեւների միջից ոչ միայն կորցնում է իրական իշխանությունը, այլեւ չի նկատում պետականության այն վտանգները, որին հասցրել են թե՛ իր ձախողված քաղաքականությունը, թե՛ արագ հավաքագրվող հակահեղափոխությունը: 
Վստահ, որ Հայաստանում եւ նրա շուրջ զարգացումները, ի վերջո, կարող են Նիկոլ Փաշինյանի իշխանության համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջացնել, որոնք կարող են ավարտվել իշխանափոխությամբ, Քոչարյանը եւ նրա աջակիցները փորձում են երկարաձգել դատաքննության գործընթացը: Ուշագրավն այն է, որ գործընթացի ձգձգումը թեպետ ձեռնտու չէ Փաշինյանին, սակայն շահում է նաեւ նա, քանի որ դա հնարավորություն է տալիս տեւական ժամանակի կտրվածքով միավորել հանրությանը եւ բորբոքել ատելությունը: Թե՛ Քոչարյանը, թե՛ Փաշինյանը առայժմ միավորում են թիմերին եւ հանրության առանձին հատվածներին ատելության շուրջ:

Քոչարյանի դատավարությունը նաեւ ակնհայտ է դարձնում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է զրկվել իշխանությունից, թերեւս դա առաջիկայում դառնա քաղաքական անհրաժեշտություն, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի կարող իշխանության գալ ո՛չ Երեւանում, ո՛չ Ստեփանակերտում:  Ըստ այդմ, հաջակցություն Քոչարյանի հանդես եկողներին գուցեեւ հաջողվում է բորբոքել ներհասարակական կրակը, սակայն այնտեղից շագանակներ հանել չի հաջողվի: 

Հայաստանում, ուր քաղաքականությունը վերածվել է կա՛մ անամոթության, կա՛մ ապաշնորհության, ուր արդարադատությունը դյուրաբեկ եղեգի պես միշտ ճկվում է ըստ քամու ուժգնության, ուր հերոսների-դավաճանների հերթագայությունը նման է գիշեր-ցերեկվա անփոփոխ հերթագայությանը, Հայաստանում, ուր ազգային հերոս, ՀՀ նախագահ, ՍԴ նախագահ ինքնահռչակվելը պետական քաղաքականության է վերածվել, Հայաստանում, ուր ընտրակաշառք վերցնողն ու բաժանողը միշտ իշխանության կողքին են, Հայաստանում, ուր քաղաքական հեղափոխությունն անփոփոխ է թողնում թե՛ իշխանության ընկալման բնույթը, թե՛ հենց քաղաքականությունը, Հայաստանում «մեծ քաղաքականությունը» միշտ մեծ զոհ է պահանջում, եւ այդ զոհը միշտ հայոց պետականությունն է: