Նախարարը թույլատրել է երկրաբանական ուսումնասիրությունները արգելոցի տարածում

Նախարարը թույլատրել է երկրաբանական ուսումնասիրությունները արգելոցի տարածում

Այն փուլում, երբ ողջ հանրությունը պայքարում է Ամուլսարի դեմ եւ պահանջում է բնության հանդեպ պատշաճ վերաբերմունք ու մեր խաթարված էկոլոգիական միջավայրի բարելավում, պարզվում է՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նոր թույլտվություն է տալիս՝ պղնձի եւ ոսկու հանքերեւակումների ուսումնասիրություններ կատարելու մասին, այն էլ՝ պետականորեն պաշտպանվող ազգային պարկի տարածքում։

«Նարիպրոֆ» ՍՊԸ-ն 2019 թվականի հուլիսի 12-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն է ստացել։ Բանն այն է, որ դեռեւս 2015 թվականին այս կազմակերպությունը երկրաբանահետախուզական աշխատանքների լիցենզիա էր ստացել եւ պատրաստվում էր պղնձի եւ ոսկու հանքերեւակումների ուսումնասիրություններ կատարել  Նռնաձոր (Նյուվադի)  համայնքի արոտավայրերում։ Այդ արոտավայրերը համընկնում են, կարելի է ասել՝ ձուլվում են «Արեւիկ» ազգային պարկի տարածքի հետ, որտեղ ՀՀ կառավարության 15.10.2009թ. թիվ 1209 որոշմամբ արգելվում է երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել:

Մինչդեռ 2016 թվականին «Նարիպրոֆ» ՍՊԸ-ն, խախտելով կառավարության հիշյալ որոշումը, ինչ-ինչ ուսումնասիրություններ է իրականացրել տարածքում եւ դրանց արդյունքում առանձնացրել է մոտ 51 հեկտար առավել հեռանկարային տարածքը։ Այն գտնվում է Նյուվադիից 5 կմ դեպի հյուսիս եւ Շվանիձոր համայնքից մոտ 4,5 կմ դեպի հյուսիս-արեւելք, Մասրիկ եւ Շավզիր գետերի ջրբաժանի հատվածներում, լեռների լանջին։
«Նարիպրոֆ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է Մհեր Սեդրակյանի որդուն՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Դավիթ Սեդրակյանին, ով, փաստորեն, որոշել է արգելոցի տարածքում ոսկի, պղինձ արդյունահանել, եւ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ օգնում է նրան այս հարցում։  
Հուլիսի 7-ին նախարար Գրիգորյանը, խախտելով կառավարության հիշյալ որոշումը, փաստորեն, թույլ է տվել շարունակել այս տարածքում երկրաբանական ուսումնասիրությունները։ Նա հաստատել է փորձաքննական եզրակացությունը, որի համաձայն՝ Նռնաձորի պղինձ-ոսկեբեր երեւակման տարածքում 2019-2021 թվականներին ուսումնասիրությունները կունենան կարճատեւ ու նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի վրա եւ չեն գերազանցի սահմանված նորմերը։

Եզրակացությամբ պահանջ է դրվում բացառել «Արեւիկ» ազգային պարկի տարածքում որեւէ աշխատանքների ուսումնասիրությունը եւ դրանք կատարել միայն վերոնշյալ առանձնացված հատվածում։ Բայց որտեղ են ավարտվում «Արեւիկ» պարկի հողերը, ու սկսվում համայնքինը, ոչ ոք չգիտի՝ ո՛չ «Արեւիկ» ազգային պարկի տնօրենը, ո՛չ առավել եւս՝ այս տարածքում բնակվող հովազներն ու այլ կենդանիները։ «Արեւիկի» տարածքը մինչ օրս քարտեզագրված չէ, արգելոցը չունի հստակ սահմաններ։

«Արեւիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գեւորգյանը հանքերեւակման հատվածում հաճախ է վայրի կենդանիների նկարում ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրում։ Ասում է․ «Մեր հովազը վերջին անգամ այդ տարածքում է նկարվել։ Ինչքան կենդանի կա, 80 տոկոսն այդ տարածքում ենք նկարել։ Իհարկե, եթե այդտեղ հանք բացեն, կենդանիների միգրացիա կլինի»։ Արգելոցի տնօրենը վստահեցնում է, որ հանքերեւակման լանջեր տանող բոլոր ճանապարհներն անցնում են «Արեւիկ» ազգային պարկի տարածքով։ «Երկրաբանները ոչ մի կողմից ճանապարհ չունեն հանքին մոտենալու։ Դա փաստացի պարկի տարածքն է, եւ մենք ոչ մի տեսակի քարտեզներ չունենք «Արեւիկի» հողերը համայնքայինից տարբերելու համար։ Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին պետք է  ազգային պարկի քարտեզագրման անձնագիրն արդեն տային մեզ, բայց հետաձգվեց։ Մինչ օրս մենք քարտեզ չունենք, ոչ էլ համայնքն ունի քարտեզ»,- ներկայացնում է տնօրենը։
Մեղրի խոշորացված համայնքի ընդհանուր 70 հազար հեկտարից  4,5 հեկտարի վրա «Արեւիկ» ազգային պարկն ու Բողաքարի արգելավայրն են։ Դրանք ընդհանուր կարգով հսկում են «Արեւիկի» աշխատակիցները։ Տնօրեն Գագիկ Գեւորգյանը «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի երկրաբաններին երբեք չի տեսել այս կողմերում։ «Ես նրանց իմ կյանքում չեմ տեսել, միգուցե մտել են, հասել են սարի գագաթ, չգիտեմ, բայց մեքենա այդ տեղանքով չի կարող անցնել»,- ասում է տնօրենը։  

«Նարիպրոֆի» մարդկանց տեսել է Նռնաձորի վարչական շրջանի ղեկավար Ալիկ Բոյաջյանը։ Նա վստահեցնում է, որ նախկինում երկրաբանները եկել են, ձիերով բարձրացել են լեռնալանջը, բահերով հողը հավաքել են ու տարել։ «Այս պահին որեւէ ուսումնասիրություն չի կատարվում»,- վստահեցնում է Բոյաջյանը։ Նա պատմում է, որ համայնքում երեք հանրային լսում է կայացել՝ պղնձի եւ ոսկու հանքերեւակման տարածքն ուսումնասիրելու հետ կապված։ Երկուսին ինքը ներկա է եղել։ «Կոնկրետ ուսումնասիրություններին մեր ժողովուրդը դեմ չէ։ Բայց ես իրենց հետ միասին դեմ եմ հանքի շահագործմանը։ Քանի որ դեռ բնությանը վնաս չեն տվել, մենք համաձայնել ենք»։ Բայց եթե որոշեն, որ մետաղների մեծ պաշար կա այդտեղ, սկսելու են արդյունահանել, չէ՞, էլ ինչո՞ւ եք թույլ տալիս ուսումնասիրեն, եթե արդյունահանմանը դեմ եք լինելու։ «Դա բարդ գործընթաց է, իրենք չունեն դրա թույլտվությունը։ Բնապահպանության նախարարությունը պետք է թույլ տա, համայնքը, բայց դա չի լինի։ Ուսումնասիրությանը դեմ չենք, որովհետեւ բյուջե փող է գալիս, աշխատանքներ ենք անում, բայց հանքը բացել թույլ չենք տալու»,- նշեց վարչական շրջանի ղեկավարը։