Հանցագործության վայրը Ֆեյսբուքն է, տուժողը՝ Նիկոլ Փաշինյանը. 700 գործ է հարուցվել

Հանցագործության վայրը Ֆեյսբուքն է, տուժողը՝ Նիկոլ Փաշինյանը. 700 գործ է հարուցվել

Հայհոյանքի ամենատարածված տարբերակը, որը սոցցանցերում եւ այլ հարթակներում ուղղվում է իշխանության ներկայացուցիչներին, «բ-ի տղա»-ն է: Կարելի է ասել, որ նախկինում կիսաձայն արվող այս արտահայտությունը հեղափոխությունից հետո ոսկե դար է ապրում: Այնքան է գործածվել, որ գրեթե կորցրել է վիրավորական իմաստը, ինչպես, ասենք, ռուսական «блин»-ը, դարձել է «կոչում»: Իհարկե, կան նաեւ այլ տարբերակներ: Ասենք՝ «վիժվածք»․ արտահայտություն, որն արել է հայտնի փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ հայտնվել մեղադրյալի կարգավիճակում: «Գործը դեռ դատարանում է: Սկզբնական փուլում»,- ասում է Շուշանյանի շահերը ներկայացնող Արթուր Գրիգորյանը: Նա կարծում է, որ քրեականացնելով հայհոյանքը՝ իշխանությունը հստակ նպատակ ուներ: «Ավելի քան թափանցիկ է, թե ինչու են արել: Որովհետեւ կարողանում են լռեցնել: Նիկոլին զեկուցում են ամեն մի նոր գործի մասին, «գալոչկաներ» են ստանում, կոչումների բարձրացում, պարգեւավճարներ»,- ասում է Գրիգորյանը: 

2021 թվականին 8 քրեական գործ է դատարան ուղարկվել՝ 137.1 հոդվածով: Բոլոր գործերով հանցագործության վայրը Ֆեյսբուքն է, տուժողը՝ Նիկոլ Փաշինյանը` վիճակագրության համաձայն ամենահայհոյված անձը ՀՀ-ում: Դատախազության տվյալներով, մինչեւ ապրիլի 1-ը շուրջ 700 գործ է հարուցվել «Ծանր վիրավորանք» հոդվածով, որը «քֆուրի» հոդված անունն է ստացել: Քննիչների ու դատախազների մի ահռելի կազմ է զբաղվում «քֆուրի» գործերի նախաքննությամբ ու վերահսկողությամբ:

Հոդվածի 1-ին մասը մասնավոր բողոքի կարգով քննվող է, այսինքն` այդ դեպքում դիմումի առկայությունը պարտադիր է: Բայց հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը հանրային կարգով քննություն են ենթադրում: Այլ կերպ ասած՝ վարույթ հարուցելու համար դիմում պետք չէ, եւ ոստիկանությունը, իրավապահ մարմիններն իրենք են հայտնաբերում «հանցավոր» արարքները եւ վարույթ հարուցում: Եվ քննիչները նախ մարդկանց խոսքն իրենց «հագով» են փորձում, որոշում են, թե որից արժե վիրավորվել, որից՝ ոչ, եւ փորձում են հիմնավորել, որ տվյալ խոսքը ծանր վիրավորանք է: Որոշ դեպքերում քննիչներին վերադասը հրահանգավորում է` ում նկատմամբ գործ հարուցեն, որոշ դեպքերում ստիպված են իրենք գուշակել, թե ում ներգրավեն որպես մեղադրյալ, ում դեպքում Փաշինյանը կողմ կլիներ, որ գործ հարուցվեր: Մի խոսքով, ինչպեսեւ իրավաբանները կանխատեսում էին, այս հոդվածը կատարյալ խառնաշփոթ է առաջացրել նախաքննության մարմիններում: 

Ծանր վիրավորանքի գործերը միակողմանի արդարադատության փայլուն ապացույց են` իշխանություններին վիրավորողները պատժվում են, իսկ իշխանությունների օգտին հանգիստ կարելի է վիրավորել, առանց պատասխանատվության ենթարկվելու: Ադրբեջանագետ, վերլուծաբան Արմինե Ադիբեկյանի գործն ավելի բարդ է: Նա ոչ թե Փաշինյանին է հայհոյել, այլ «Երկրի հակառակ կողմը» գրքում օգտագործած Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն արտահայտությունների՝ «բ-ացած եւ դրանից երջանիկ աղջիկների» եւ այլ բ-երի մասին տողերի լուսանկարը կցել է նրա թիմակիցների խմբակային նկարին: «Եթե ինձ պատասխանատվության կանչեն, դա կնշանակի, որ Նիկոլի գրքին էլ պետք է կպչեն, այսինքն՝ Նիկոլի գիրքը պետք է արգելեն, որովհետեւ այն ցիտելու համար քրեական պատասխանատվության է մարդը ենթարկվում: Դա է պատճառը, որ գործը լռվել է, առայժմ լռում են»,- ասում է Ադիբեկյանը: Նա առաջարկում է պատժել հեղինակին, որովհետեւ «նա մեզ վատ բառեր է սովորեցնում եւ դրդում է հանցանքի»: Ադիբեկյանի այդ գրառման տակ հանրությանն անհայտ մի անձ՝ Գյումրու բնակիչ, նախկին ոստիկան Հակոբ Հարոյանը մեկնաբանություն է գրել Աննա Հակոբյանի հասցեին` «Բ-ի շառ», եւ նրան էլ են «հաշվել» հանցագործների շարքում: Նրա գործով զբաղվել է ոչ ավել, ոչ պակաս՝ ԱԱԾ գեներալ մայոր Տ. Հարությունյանը: Նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ ծանր վիրավորանք է որակել «Բ-ի շառ» արտահայտությունը, սակայն Հարոյանն Աննա Հակոբյանի անունը չի տվել: Ստացվում է, որ Աննա Հակոբյանին վիրավորել են իրավապահները: Հարոյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է. «Գործը մտել է դատարան: Մենք ցուցմունք չենք տվել, չգիտենք, թե ով է որոշել, ում է վերաբերում իմ պաշտպանյալի մեկնաբանությունը: Դատարանում կտանք մեր բացատրությունները»: 

Մելիքյանին հարցրինք, թե ինչու Եվրոպայի խորհուրդը, որը ժամանակին Հայաստանին ընդունելու համար պահանջ էր դրել ապաքրեականացնել վիրավորանքը, հիմա չի հեռացնում մեզ իր շարքերից: «Ինչո՞ւ չեն հեռացնում: Քաղաքական պատճառներով: Ձեւական խոսակցությունների մակարդակի դատապարտում են, բայց գործուն միջոցներ չեն ձեռնարկում»,- ասում է իրավաբանը: 
«Հրապարակի» մեկնաբան Էդիկ Անդրեասյանի տուն են այցելել հետաքննիչներ, մի անգամ հարցաքննության են կանչել` «Ծանր վիրավորանք» հոդվածով: «Ինձ հարցնում է՝ ի՞նչ նկատի ունես էդ բառն ասելով: Ասում եմ՝ ոչ մի բառարանում էդ բառը չկա, ես դա ասելով նկատի ունեմ քաղաքական գործունեությունը: Երկրորդն էլ՝ «Նիկոլ» բառը ես գրել եմ փոքրատառ, եթե անուն նկատի ունենայի, կգրեի մեծատառով... նկատի ունեմ այն, որ ինքն իր քաղաքական գործունեությամբ նպաստել է նրան, որ թուրքերը մտնեն Անդրկովկաս: Ի վերջո, ես հրապարակախոս եմ, գրող եմ, մեկնաբան եմ, ինձ թույլ չեմ տա մարդուն անձնական վիրավորանք հասցնեմ: Ես այդ ամենը հասկանում եմ եւ մեղադրանքը չեմ ընդունել»,- ասում է Էդիկ Անդրեասյանը: Հետաքրքիր է, որ քննիչը Ֆեյսբուքին այնքան էլ ծանոթ չի եղել: Նա գործին կցված սքրինի մասին հարցրել է Էդիկին՝ իսկ այս ի՞նչ մարդկանց լուսանկարներ են կողքից երեւում, ֆեյսբուքյան ընկերների լուսանկարներն են եղել: 

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հասցեին ասածը մեկնաբանեց, թե սա ոչ թե վիրավորանք է, այլ «քաղաքական գնահատական»: Ուրեմն, Էդիկ Անդրեասյանի ասած «քաղպուտանկան» վարչապետը եւս քաղաքական գնահատական պետք է համարի: Հակառակ դեպքում, ինչ-որ տարօրինակ արդարադատություն է ստացվում, աչքերը ոչ թե կապած, այլ բաց ու կողմերից մեկի վրա չռված: