Վազգեն Մանուկյանի գործով նիստը մեկնարկեց. միջնորդեցին խափանման միջոցը վերացնել

Վազգեն Մանուկյանի գործով նիստը մեկնարկեց. միջնորդեցին խափանման միջոցը վերացնել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործի քննությունը։

Նիստի մեկնարկին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ներգրավվեց որպես պաշտպան, իսկ մյուս պաշտպան Արամ Վարդեւանյանը նշեց, որ հնարավոր է ինքն այլեւս պաշտպանությունը չիրականացնի (ամենայն հավանականությամբ, Վարդեւանյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորական մադատը վերցնելու է)։

Այս դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդեց ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։

Մեղադրողը առարկեց միջնորդության դեմ։

Որոշումը հրապարակվելու է այսօր, ժամը 16։00-ին։

Հիշեցնենք` Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ 

Մանուկյանը փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել էր՝ «ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»: