Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի՞․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի՞․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երկար դադարից հետո այսօր շարունակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։ 
Այսօրվա նիստին եղան մի քանի միջնորդություններ, որոնք կապված էին Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հետ։ Դատական նիստին ներկայացել էին Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետերը՝ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Անուշավան Դանիելյանը։
Նրանցից յուրաքանչյուրը հինգ հարյուր հազարական դրամ կվճարի Քոչարյանի պատշաճ վարքագծի համար։ Կարեն Կարապետյանն ասաց, որ բնակվում և աշխատում է Մոսկայում, մյուս նախկին վարչապետների մշտական բնակության վայրը Երևանն էր։

Նրանք դատարանում նշեցին, որ անձնական երաշխավորություն են ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար։
Պաշտպան Հայկ Ալումյանը նախ միջնորդեց նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Քոչարյանին, ապա միջնորդեց նրա խափանման միջոցը փոխել կամ վերացնել։ Այնուհետեւ մեկ այլ պաշտպան՝ Արամ Վարդևանյանը միջնորդեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակել։
Մատնանշեցին նաեւ Քոչարյանի առողջական վիճակը եւ կորոնավիրուսի պայմաններում նրա պահման պայմանները։

Երկրորդ նախագահը նաեւ խոսքով հանդես եկավ՝ ասելով, որ նման պայմաններում սոցիալական հեռավորություն պահել հնարավոր չէ։
Դատական նիստին մեղադրողները առարկեցին երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդություններին։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ խափանման միջոցը վերացնելու  կամ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը անհիմն է, եւ դրանք ենթակա են մերժման:

Մյուս մեղադրող Գեւորգ Բաղդասարյանը եւս նշեց՝ խնդրում ենք դատարանին մերժել միջնորդությունները։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները եւս դեմ արտահայտվեցին Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու միջնոդրություններին։
Շուրջ վեց ժամ տեւած դատական նիստն այսօր ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի մայիսի տասներեքին։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։