Փող չկա, երեխեք ջան, «բարբայի» համար

Փող չկա, երեխեք ջան,  «բարբայի» համար

Արարատ քաղաքի Զոդի բանավանի երեխաները այլևս զրկված են ըմբշամարտի խմբակ հաճախելուց։
Այս մասին պատմեց «Հրապարակ» թերթի խմբագրություն զանգահարած Արարատի մարզի բնակիչը՝ նշելով, որ բողոքը ներկայացնում է քաղաքի 50 երեխա, 50 ծնողի անունից։ Տղամարդը, հետևելով հայկական հայտնի զգուշավորությանը, համենայնդեպս խնդրեց, որ իր տվյալները՝ անուն-ազգանուն, մասնագիտություն չհրապարակվի։
 
Մարզադպրոցը զորամասերից մեկում գործել է 2015-ից՝ Պաշտպանության նախարարության հովանավորությամբ՝ անվճար հիմունքներով։

«Բանակ-հասարակություն կապ․․․ որ փողոցից կտրվեին, առողջ սերունդ դառնային, հետո անցած տարվանից բանակը էլ չի հովանավորում, բայց զալը անշահանխնդիր տրամադրում է»,- պատմեց տղամարդը։ 
Նրա պատմելով՝ հարցը հասունացած է եղել նաև սեպտեմբերին, սակայն Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը խոստացած է եղել խնդիրը լուծել։ «Մեր էրեխեքը 3 տարի գնում էին «բարբայի», հիմա էս մեկ տարի է, դռնեդուռ ընկած ենք բոլորովս, որ մի հատ հաստիք տան, մարզիչը գա պարապի, հիմա ոչ հաստիք կա, ոչ բան, մարդը եկավ, 8 ամիս ձրի պարապեց։ Մարզպետի մոտ էլ , քաղաքապետի մոտ էլ, քաղաքապետը մի երկու օր առաջ զանգեցինք, էն ժամանակ մեզ խոստացել էր՝ ես էս հարցը կլուծեմ, բայց իրա մոտից, քարտուղարուհի՞ն էր, թե ուրիշ մարդ մեզ ասեց՝ քաղաքապետն ասել ա, ես չեմ կարա, բյուջեն փող չկա»,- մանրամասնեց արարատցի տղամարդը։

Նշենք, որ քաղաքապետ Հայկ Հայկյանից լրացուցիչ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ վերջինիս հեռախոսը անջատված էր, իսկ Արարատի մարզպետն էլ արդեն ամիսներ շարունակ չի պատասխանում անծանոթ հեռախոսահամարներին։