Ոչ թե «ցանկացած, այլ զարգանալու խաղաղություն»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Ոչ թե «ցանկացած, այլ զարգանալու խաղաղություն»

Մի քանի օր առաջ Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի՝ Փարիզում կայացած հանդիպման հետ կապված, ինչպես համանախագահները, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարությունը, այսպես ասած, խիստ լավատեսական եզրահանգմամբ հաղորդագրություններ տարածեցին, որոնցում հատկապես շեշտվում է այն հանգամանքը, որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի արտգործնախարարները կարեւորում են իրենց երկրների հասարակություններին «խաղաղության նախապատրաստելու» անհրաժեշտությունը:

Խաղաղությունը՝ խաղաղություն, բայց տարածաշրջանային զարգացումներին քիչ թե շատ ծանոթ որեւէ մեկի մոտ այս ձեւակերպումը, բնականաբար, պետք է այն հարցն առաջացնի, թե արդյոք այդ «ո՞ր խաղաղությունն է», որին պարոնայք նախարարներն այդպես ջանադրորեն ուզում են նախապատրաստել իրենց երկրների հասարակություններին:

Մենք, իհարկե, չգիտենք, թե «ինչպիսի  խաղաղության» է Ադրբեջանի արտգործնախարարությունն ուզում նախապատրաստել ադրբեջանական հասարակությանը, բայց, փոխարենը, համոզված ենք, որ Հայաստանի եւ ընդհանրապես հայ հասարակության համար երբեք չի կարող ընդունելի լինել այն խաղաղությունը, որը կենթադրի ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրսբերում, կամ թե կշարունակի տարածաշրջանային իրողություններում հանդուրժել այն իրավիճակը, որն Ադրբեջանին թույլ է տալիս ցանկացած պահի շրջափակել եւ հետո որպես շանտաժի գործիք օգտագործել Հայաստանի կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակումը:
Այս առումով, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրություն կոչվածը վերջապես պետք է հասկանան, որ հայ-ադրբեջանական ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակի պատճառը ոչ թե ինքնորոշված եւ զենքի ուժով ինքնորոշման իր իրավունքը պաշտպանած Արցախի Հանրապետությունն է, այլ այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ շրջափակված են պահում Հայաստանի Հանրապետության կոմունիկացիոն ուղիները:

Այս առումով ամենեւին էլ վատ չէր լինի, որ ձեւավորված այդ իրողությունները հենց այս տեսակետից գնահատեին նաեւ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները եւ զինադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունում նկատվող որոշակի նվազեցումները թմբկահարելու փոխարեն հստակ գիտակցեին, որ Հայաստանի Հանրապետությանը ոչ թե «ցանկացած խաղաղություն», այլ հզոր եւ բարեկեցիկ երկիր կառուցելու համար անհրաժեշտ պայմաններ երաշխավորող «արժանապատիվ խաղաղությունն» է, որ կարող է բավարարել: Այլ տիպի խաղաղության մասին մտածելը, առավել եւս այդ թեմաներով բանակցելն ու պարտավորություններ ստանձնելը ոչ միայն մոլորություն, այլ նաեւ անպատասխանատու գործելակերպի դրսեւորում կլինի: Իսկ ինչ-ինչ, բայց այդպիսի գործելաոճը հայ ժողովրդին, անշուշտ, հարիր չի կարող լինել, եւ, հետեւաբար, այն չի կարող հանդուրժվել նրա կողմից:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ