Պուշկինի, Չեխովի, Տոլստոյի ու Պուտինի միջեւ կա մեծ տարբերություն

Պուշկինի, Չեխովի, Տոլստոյի ու Պուտինի միջեւ կա մեծ տարբերություն

Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ զրույցը սկսեցինք երեք բուհի միավորման աղմուկից: Նա ասաց. «Եթե իսկապես այդ որոշումը կա, ես չգիտեմ, թե ինչ խնդիրներ է դա լուծելու, ես տեղյակ չեմ, թե ինչ ֆակուլտետներ կան այդ երեք բուհերում, որովհետեւ դա շատ կարեւոր է, թե ինչ ամբիոններ կան»։ Խոսքը Բրյուսովի անվան պետական համալսարանի, մանկավարժականի եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի միավորման մասին է։

Ինչ վերաբերում է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի եւ Կոնսերվատորիայի միավորման ծրագրին, ինչը քննարկվում է իրականացնել երկու տարբերակով, ապա առաջին տարբերակով այս երեք բուհը միավորվում է Արվեստի համալսարանի կամ ակադեմիայի մեջ, երկրորդով` երկու բուհը՝ Կոնսերվատորիայի հետ։ Բաբայանը կողմ է դրան, քանի որ այդպիսով արվեստի տարբեր ճյուղերի ուսանողները հնարավորություն կունենան շփվել միմյանց հետ, գաղափարներով փոխանակվել՝ չէ՞ որ ժամանակակից աշխարհում արվեստը ջնջում է բոլոր սահմանները. ցուցադրությունների ժամանակ՝ ինստալյացիաներ, համերգների ժամանակ՝ թատերականացված հատվածներ եւ այլն։ Սակայն կարեւորագույն հարցն այն է, թե ինչպես են միավորվելու, խնդիրն այստեղ նաեւ տեխնիկական կողմն է։ Բացի այդ, արվեստի բուհերը պետք է լինեն քաղաքի կենտրոնում, քանի որ միշակութային միջոցառումներն անցկացվում են կենտրոնում, իսկ ուսանողները պետք է մասնակից լինեն այդ միջոցառումներին՝ համոզված է Տիկնիկային թատրոնի գեղղեկավարը։

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին՝ երկրի համար օրհասական այս ժամանակներում մտավորականության մեծ մասի լռությանը, Բաբայանն ասաց, որ մտավորականությունը՝ որպես միասնական հանրույթ, իրական չէ․ դա փուչ արտահայտություն է ու երբեք չի կարող լինել։ Նա կարծում է, որ մարդկանց տեսակետները կարող են չհամընկնել, եւ երբ կա տարակարծություն, չի նշանակում, որ մտավորականին պետք է ոչնչացնել։

Բաբայանը հիշեցնում է Չարենցի հայտնի միտքը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», եւ հավելում, որ Չարենցը կատարելապես տիրապետում էր հայոց լեզվին եւ գիտեր բառերի նշանակությունը։ Նա հասկանում էր, որ ոչ թե միասնական, այլ հավաքական դառնալով կկարողանանք հաղթել, որովհետեւ «հավաքականը» ենթադրում է տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց եւ տարբեր խմբերի, որոնք միավորվում են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։
Պատասխանելով մեր հարցին, թե այսօր ամենաքննարկվող հարցերից մեկը՝ Արեւմուտք, թե ՀԱՊԿ, ո՞րն է ճիշտ, նա ասաց․ «Ես ընտրում եմ քաղաքակրթական ճիշտ համակարգը, որտեղ մարդը մեծանում է արժանապատվորեն։ Մենք ինքներս՝ հայերս, արեւմտյան քաղաքակրթություն երբ ասում ենք, պետք է հասկանանք, որ դա քրիստոնեական քաղաքակրթություն է, այն հիմքերով այդտեղ է։ Մենք արեւելյան քրիստոնեություն տարածող երկիր ենք, երբ մենք ասում ենք՝ այստեղ կամ այնտեղ, պետք է հասկանանք, որ ոչ թե տեղափոխվելու մեջ է, այլ քո ինքնությունը հասկանալու»:

Տիկնիկայինի տնօրենը, անդրադառնալով ՀԱՊԿ-ին մեր անդամակցությանը, ասաց, որ դեռ 20 տարի առաջ է բարձրաձայնել, որ չի կարելի միանալ այդ կառույցին, եւ հավելեց, որ իր վրա շատ մեծ է ռուսական մշակույթի ազդեցությունը, սակայն նաեւ հասկանում է, որ Պուշկինի, Չեխովի, Տոլստոյի ու Պուտինի միջեւ կա մեծ տարբերություն։ Նա շեշտում է, որ իր վրա ավելի շատ ազդեցություն է թողել ռուսական մշակույթը, քան հայկականը։

Ինքը մեծ կասկածներ է ունեցել ՀԱՊԿ-ի արդյունավետության հետ կապված, սակայն դեմ է հապճեպ որոշումներին․ ինչ-որ բան խզելուց առաջ պետք է ապահովես ինչ-որ ուրիշ բան՝ այդ անվտանգային բարձիկը։ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը պետք է դանդաղ արվի։ Հայաստանը կարծես մի մարմին լինի, որն ամուր կապկպված է փշալարերով, հետեւաբար՝ այդ փշալարերը պետք է այնպես հանել, որ հավելյալ վնաս չտա մարմնին։ Բաբայանն անդրադարձավ արցախյան խնդրին․ եթե Արցախը դատապարտվի Արեւմտյան Հայաստանի ճակատագրին, Ծիծեռնակաբերդում նոր խաչքար դնելուց հետո մեզ բավարարված չենք զգալու։ Ուստի պետք է կոնկրետ քայլերով հասնել լիարժեք կարգավորման։ Մասնավորապես, Կոսովոյի ճանապարհով պետք էր գնալ՝ շեշտելով, որ արցախահայությունը ցեղասպանության վտանգի առաջ է կանգնած, այնինչ մենք գնացինք Մերձդնեստրյան օրինակով։

Իսկ Ադրբեջանը պարտությունից հետո 25 տարի փաստաթղթային ու իրավական աշխատանք էր տանում եւ պատրաստվում էր 2020 թվականի պատերազմին։