Նիկոլն ինչ արել՝ ճիշտ է արել

Նիկոլն ինչ արել՝ ճիշտ է արել

Իլհամը խփեց Սյունիքի ամենանեղ հատվածին՝ Նիկոլին հասկացնելով, որ եթե միջանցքը չտա, ապա կկտրի ողջ Սյունիքը: Կտրել չի հասցնի, եթե վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնողը գրավոր դիմի ռուսական օգնություն ստանալու խնդրանքով: Այս անգամ արդեն չդիմել չի կարող: Հայաստանում ռուսական բազայի ղեկավարի միջամտության շնորհիվ մարտերը կարծես թե դադարեցին: Բայց արդեն հանձնած տարածքները, իհարկե, հետ չենք ստանա: Նիկոլն էլ, բնականաբար, ոչինչ չի կարող անել՝ ավելի վատթար պայմաններով համառորեն կխնդրի չմեռցնել «սեփական» խաղաղության տեսլականը: Թուրքն էլ պայման կդնի՝ խաղաղ դարաշրջան ես ուզում՝ տուր միջանցքը: Եթե Նիկոլի մեջ գեթ մի պտղունց հայություն մնացած լինի, ապա պետք է հրաժարական ներկայացնի: Իհարկե, հրաժարական չի ներկայացնի․ այդ մի պտղունցն էլ է բացակայում՝ «ապագա կա ապագա»…

Միաժամանակ միջանցք տալ չի կարող, թեեւ տալուն մի ժամանակ դեմ չէր: Համենայնդեպս, «ոչ» չէր ասում, երբ Իլհամն էր խոսում դրա մասին: Տալ չի կարող, որովհետեւ դրան դեմ է արտահայտվել ռուսական կողմը: Նիկոլն ընկել է էն բանի մեջ, որի մեջ ընկնել ոչ մի մարդ չի ցանկանա: Ընկել է սեփական ապաշնորհության եւ սեփական խելքի պատճառով: «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» հիմար ու վտանգավոր թեզը վերջապես շատ ծանր խաղ խաղաց նրա գլխին: Եվ եթե էն բանն էլ չլինի, ապա ընկճախտը կա ու կա: Ու ինքն էլ հերթական անգամ ընկավ դրա մեջ: Բայց, որքան հասկանում եմ, արդեն սովոր է այդ վիճակի մեջ ընկնելուն եւ դրանից դուրս գալուն: Կարող է նույնիսկ դրանից սկսել է հաճույք զգալ՝ ի՞նչ իմանամ, ամեն դեպքում, մասնագիտությունս հոգեբանությունը չէ, թեեւ շատ է հետաքրքրել:

Կարծում եմ, որ հոգեբաններն անելիք ունեն՝ շատ անելիք: Թե՛ նրա առումով եւ թե՛ այս պայմաններում նրան հավատացողների ու վստահողների առումով: Խոսքը շարքային քաղաքացիների մասին է, ոչ թե գործադիրում ու խորհրդարանում հանգրվանած ուսապարկերի: Վերջիններս վայելում են իրենց կարգավիճակից բխող հաճելի կյանքը ու չեն էլ փորձում շեղվել Նիկոլի կողմից իրենց համար գծված հետագծից: Ի՜նչ հայրենասիրություն, ի՜նչ ազնվություն, ի՜նչ արդարություն, ի՜նչ ժողովրդավարություն… Դրանք միամիտ մարդկանց համար են՝ իրենք խելացի են ու պրակտիկ… Եթե այդպիսին չլինեին, ապա այս հոդվածը գրելու պահին Հայաստանն արդեն չէր ունենա Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով վարչապետ: Վարչապետ կնշանակվեր այն անձը, ով ունակ է մեզ հանել այս ստորացված ու թշվառ վիճակից: Իսկ այդպիսի մարդիկ կան, եւ դրանցից մեկը, օրինակ, առաջին ազատամարտին է կազմակերպել մեզ հաղթանակ ապահոված բանակը:
Բայց ճիշտ այնպես, ինչպես բազմիցս սխալներ (մեղմ ասած) գործած Նիկոլը չի ներկայացնի հրաժարական, այնպես էլ նիկոլական ուսապարկերը հարվածի տակ չեն դնի իրենց վայելքները:

Իրենք իրենց վայելքները կշարունակեն նաեւ Սյունիքի բացակայության պայմաններում: Իսկ շարքային՝ նիկոլապաշտ զանգվածի տիպիկ ներկայացուցչի կարծիքով՝ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրված է նախկին իշխանությունների կողմից, Գորիս-Կապան ճանապարհահատվածի երկայնքով նոր տեղադրված անցակետերն ու մաքսակետերն էլ, բնականաբար, կրկին նախկինների մեղքով են: Նիկոլն էլ ստորագրել է, որպեսզի «25-30 հազար մարդու կյանք փրկի, որպեսզի Արցախը չկորցնենք, ճիշտ է արել»։