Խաղաղությունն ինչի՞ համար է՝ որ ժողովուրդն ապրի այդ հողի վրա եւ ոչ թե զիջի

Խաղաղությունն ինչի՞ համար է՝ որ ժողովուրդն ապրի այդ հողի վրա եւ ոչ թե զիջի

Հարցազրույց Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ՝ Հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի հետ

- Հոգեշնորհ Տեր, 44-օրյա պատերազմից հետո ո՛չ խաղաղություն հաստատվեց, ո՛չ էլ պատերազմն ավարտվեց, ավելին՝ թշնամին ներխուժել է արդեն Հայաստանի Հանրապետության տարածք, պարբերաբար նշանառության տակ է առնում նաեւ Գեղարքունիքի գյուղերն ու բնակավայրերը, ինչի հետեւանքով շատ գյուղեր դարձել են արդեն սահմանամերձ։ Ի՞նչ ճանապարհ եք տեսնում թշնամուն դիմագրավելու համար։

- Բնականաբար, իրավիճակը մտահոգիչ է, եւ ժողովուրդը պետք է համախմբված լինի եկեղեցու շուրջ՝ միակամ, միախորհուրդ, զորավոր, որպեսզի հաղթահարի այս իրավիճակը։ Մենք պետք է պաշտպանենք մեր հայրենի հողը, այլ կերպ անհնար է գնահատել իրավիճակը։

- Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ, անկախ ներկա իրավիճակից, իշխանությունը շարունակում է առաջ տանել խաղաղության օրակարգը։

- Ես չեմ կարծում, որ մենք պետք է փաստաթուղթ ստորագրենք ի գին մեր տարածքների կորստի, եւ եթե անգամ նման օրակարգ կա, ապա այդ օրակարգը պետք է առաջ մղել՝ մեր արժանապատվությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելով, որովհետեւ հող զիջելով՝ չենք կարծում, որ կարող է մնայուն խաղաղություն լինել։ Ի վերջո, այդ խաղաղությունն ինչի՞ համար է՝ որ ժողովուրդն ապրի այս հողի վրա, եւ եթե դու այդ հողը պետք է կորցնես, ինչպե՞ս պետք է այդ ժողովուրդն ապրի այդ հողի վրա։ Կարծում եմ՝ այս պարագայում ժողովրդի կեցվածքը պետք է ազդեցություն ունենա իշխանության որոշման վրա։ Մենք անընդհատ ասում ենք՝ իշխանությունն առաջ է մղում խաղաղության օրակարգ, իսկ ի՞նչ է ուզում ժողովուրդը, եւ ժողովրդի համընդհանուր ձայնը պետք է հնչի, որն առաջնորդող լինի իշխանության համար։ Ի վերջո, իշխանությունը ստացել է այդ մանդատը հենց ժողովրդից, ուրեմն ժողովուրդն էլ պետք է թելադրի այդ իշխանությանը, թե խաղաղության օրակարգն առաջ մղելով ինչ շահերով պետք է առաջնորդվի։ Եվ եթե անգամ իշխանությունը չի անում այն, ինչը մեր սրտով է կամ մեր ազգային շահերից է բխում, ապա ժողովուրդն այստեղ ձայն ունի բարձրացնելու, եւ ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի։ Ժողովրդի ձայնը պետք է զգաստացնի իշխանություններին ու նաեւ կողմնորոշիչ լինի։

- Վերջին շրջանում եկեղեցու եւ պետության հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, ավելին՝ դրա մասին հենց օրերս Միաբանական համագումարի առիթով նկատել էր Վեհափառը՝ նշելով, որ «որոշակի տարաձայնություններ կան եկեղեցի-պետություն հարաբերություններում»։ Իշխանությունների հետ երկխոսելու ի՞նչ ճանապարհներ եք տեսնում, հատկապես որ վարչապետը մե՛կ եկեղեցուն սպառնում է հարկային դաշտ մտցնել՝ կոչ անելով մոմը չվաճառել, մե՛կ ասում է, որ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն Աստծուց են կարգված»։ Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում եկեղեցու եւ պետության հարաբերությունները։         

- Հարցերի լայն շրջանակ արծարծեցիք, բայց եթե ընդհանուր է հարցադրումն արվում, թե՝ ինչպես եք գնահատում, ապա նորից պետք է ասեմ՝ մտահոգիչ, որովհետեւ երբ եկեղեցի-պետություն հարաբերությունները դրական հունով չեն ընթանում կամ, այլ կերպ ասած, գոյություն չունեն, դա ժողովրդի շահերից չի բխում, եւ դրա վկայությունը հենց մեր պատմությունն է, երբ մենք Ոսկե դարում կերտեցինք մեր այբուբենը, եկեղեցի-պետություն եռամիասնություն կար․ Վռամշապուհ-Սահակ Պարթեւ-Մեսրոպ Մաշտոց միասնության մեջ ծնվեց Ոսկե դարը, տեղի ունեցավ տառերի գյուտը։ Այսինքն՝ պատմությունն է հենց դրա մասին վկայում, երբ այդ միասնությունը կա եկեղեցու եւ պետության միջեւ, բնականաբար, ժողովուրդը շահում է եւ առաջ է գնում։ Երբ այդ միասնությունը չկա՝ ժողովուրդը տուժում է։ Ուրեմն, ցանկալի կլիներ, որ օր առաջ եկեղեցու եւ պետության միջեւ հարաբերությունը ձեւավորվեր, որովհետեւ այդ երկուսի մեջտեղում մի կարեւոր արժեք կա՝ ժողովուրդն է։ Մենք այս տրամաբանությամբ պետք է մոտենանք, տուժողը եկեղեցականները չեն, Ձեր արծարծած հարցերն էլ հարկայինի, մաքսայինի հետ կապված մանր հարցեր են, այստեղ առաջնային տուժողը եւ կորուստ ունեցողը ժողովուրդն է, այս իրավիճակը ոչ մի լավ բանի չի բերի, որը ներկայումս առկա է մեր իրականության մեջ։ Եվ դա փաստում է մեր պատմությունը, ու, ցավոք սրտի, մենք պատմությունից դասեր չենք քաղում։ Ամեն մեկս՝ թե՛ իշխանություն, թե՛ եկեղեցի, օր առաջ սեղանի շուրջ նստելու եւ երկխոսելու կարիք ունի, իսկ երկխոսությունը, կարծում եմ, անխուսափելի է մեր իրականության մեջ, պարզապես այդ երկխոսությունն ուշանում է, իսկ որքան ուշանում է, այնքան մեր ժողովուրդը տուժում է։

- «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանվեց դպրոցական ծրագրերից, ասացին, որ ներառվելու է պատմության դասագրքերում` որպես բաղկացուցիչ: Եկեղեցին սա եւս մեկ անընդունելի իրողություն համարեց, պահանջելով իշխանություններից՝ հրաժարվել այդ որոշումից։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը, երբ թե՛ եկեղեցու, թե՛ անձնապես Վեհափառի հորդորը տեղ չհասավ եւ չընդունվեց։ Այսպիսի վերաբերմունքը, Ձեր կարծիքով, անձնապես եկեղեցո՞ւ հանդեպ է, թե՞ առարկայի։

- Չեմ կարծում, որ հենց մասնավոր եկեղեցու հանդեպ է, կարծում եմ՝ ինչ-որ նպատակներ իրագործելու համար է, ավելին՝ դեպի աշխարհականացում գնացող գործընթաց է, որ տեղի է ունենում ամբողջ աշխարհում, այսինքն՝ հոգեւոր արժեքներն անկում են ապրում։ Սա ոչ թե հատուկ քայլ է իշխանության կողմից, այլ ընդհանուր աշխարհի ընթացքի տրամաբանության մեջ աշխարհականացում է տեղի ունենում, եւ այդ գործընթացի մեջ իշխանությունն այս հարցին նման վերաբերմունք է ցուցաբերում, բայց ես, այդ ամենով հանդերձ, չեմ արդարացնում իրենց, եւ միանշանակ ինձ համար, որպես եկեղեցականի, անընդունելի է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսհանումը դպրոցական ծրագրերից, որը ոչ թե միայն պարզ պատմական տեղեկություններ է փոխանցում եկող սերունդներին, այլեւ բարոյագիտություն, հոգեկերտվածք, քրիստոնեկան ուսուցում, այն, ինչն այսօր խստորեն անհրաժեշտ է մատաղ սերնդին։ Անկախ նրանից, թե ինչից դրդված են իշխանություններն այս քայլն անում, մեր մոտեցումը հստակ է՝ սխալ է այդ առարկայի դուրսբերումը դպրոցներից, որովհետեւ մենք փոքր պետություն ենք եւ ունենք անվտանգության հարց, ու դա ոչ միայն ֆիզիկական անվտանգությանն է վերաբերում, այլեւ հոգեւոր անվտանգությանը, եւ այդ հոգեւոր անվտանգությունն ապահովելու համար միակ կարեոր կառույցը Հայ առաքելական եկեղեցին է, իսկ այդ առաքելությունը հնարավոր է իրականացնել միայն ու միայն մատաղ սերնդին դաստիարակելով քրիստոնեական արժեքներով, որի կարեւոր բաղադրիչը հենց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան է։

- Ձեր հոգեւոր ուղերձն այսօր մեզ՝ բոլորիս։

- Ուղերձը սա է, որ մենք մեր եկեղեցու շուրջ համախմբվենք, բայց նաեւ եկեղեցին եւ պետությունը պետք է ձեռք-ձեռքի տված լինեն, անշուշտ, ժողովուրդը տեսնում է, որ այս կոչին զուգահեռ, եկեղեցին եւ պետությունը միասնական չեն, դժվար է իր համար կողմնորոշվել, բայց, այնուամենայնիվ, օր եւ ժամ առաջ հարաբերությունները՝ Աստծո կամոք եւ մեր մաղթանքներով, պետք է վերականգնվեն եւ ծառայեն ի նպաստ մեր ժողովրդին։ Իսկ ընդհանրապես՝ մենք պետք է հասկանանք, որ մենք այս հողից այլ տեղ գնալու տեղ չունենք, մեր հողը պետք է պաշտպանենք։ Վերջերս միաբանական համագումարի մասնակիցներով գտնվում էինք սահմանամերձ մեր գյուղերում՝ հոգեւոր խնամք էինք ցուցաբերում մեր սահմանամերձ գյուղերի բնակիչների հանդեպ։ Մենք տեսանք պատրաստակամություն եւ  վճռականություն այդ ժողովրդի աչքերի մեջ՝ այդ հողը չլքելու հարցում։ Սա էլ ասեմ, որ Սոթքի հայտնի զորամասը, որ ռմբակոծվել էր, երկար ժամանակ չէր գործում, եւ ժողովուրդը բարոյապես լքված վիճակում էր, տեղեկացանք, որ զորամասը վերականգնվել է ու արդեն գործում է զինվորներով, ինչը ժողովրդին մեծ ոգի ու հույս էր տվել։ Սա ցույց է տալիս, որ ինչ էլ տեղի ունենա մեր իրականության մեջ, կա 2 մնայուն կառույց, որը որքան էլ փորձես հեղինակազրկել, դրանք մեր հասարակության սյուներն են, դա հայոց բանակն է, եկեղեցին եւ հայ զինվորը, հոգեւորականը։ Ու մենք մեր այցերի ժամանակ տեսանք, որ երբ զինվորն ու հոգեւորականն իրենց կողքին են, ժողովուրդն ունի այդ քաջությունը, պատրաստակամությունը՝ վճռականորեն կանգնելու իր հողի վրա։ Պարզապես մենք էլ պիտի իմանանք, որ այդ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ոչ թե ժամանակ առ ժամանակ հիշենք, այլ՝ մշտապես, իրականացնելով կրթական, մշակութային, նաեւ բարեկարգման ծրագրեր, որ այդ ժողովուրդը զգա՝ պետություն կա, որը հոգս է կրում, եւ կա եկեղեցի, որն իր հոգեւոր խնամքն է իրականացնում։ Դա ժողովուրդը պետք է իր մաշկի վրա զգա եւ ոչ թե խոսքերով, այլ՝ գործերով։ Սա է մեր հայրենիքը պահելու, պահպանելու ճանապարհը, եթե մենք ուզում ենք հող չտալ, ու մեր ժողովուրդն էլ ապրի այդ հողի վրա։