Հրաժարական 

Հրաժարական 

Պատերազմը լակմուս է՝ և՛ հաղթող կողմի, և՛ պարտվող կողմի համար։ 44-օրյա պատերազմից հետո և՛ հաղթող, և՛ պարտվող կողմը իրենց դրսևորեցին խայտառակ վարքագծով։ Ադրբեջանը, լավ իմանալով, որ դա իր հաղթանակը չէ և հայ ժողովուրդը պարտվող կողմ չէ, պատմությունը հետագայում կանդրադառնա դրան, իրեն դրսևորեց այնպես, ասես պետության հաղթանակ չէր դա, այլ մասնավոր մի անձի՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի դեմ հաղթանակ էր։ Եվ չի թաքցնում դա, զանազան հայտարարություններով նսեմացնելով, ստորացնելով նրան։ Առ այսօր Ադրբեջանը տողատակերով, նոլդու փաշինյաններով  հասկացնում է, որ այդ պարտությունը Նիկոլ Փաշինյանի «նվերն է»։ Դա «պատերազմ էր» Փաշինյանի ու Ալիևի մեջ՝ որոշված կանոններով։ Նման բան հիմք է տալիս ասելու պատերազմից հետո առ այսօր իրենց դրսևորած վարքագիծը։ Փակագծերը պետք չէ բացել, որովհետև յուրաքանչյուր հրամանատար իր մեջ գիտի, թե դա ինչ «պատերազմ էր»  ու նրանց  լռությունը գին ունի՝ մինչև իշխանափոխություն։ 

Նիկոլ Փաշինյանին անընդհատ մեղադրում են կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելու մեջ։ Դա իհարկե հայ ժողովրդին մեջքից հարվածելու գործողություն էր։ Այդ «ակտը» ( ավելի մեղմ բառ չգտա ասելու, դա բռնի ակտ էր) ահավոր էր,  բայց կա դրանից ավելի ահավոր բան, որ նա կատարեց։ Կարելի էր բավարարվել «ժողովրդի կամքին հակառակ կատարած բռնի մի ակտով, բայց նա կանգ առնել չի կարողանում։ Այդպես վարվում են միայն մոլագարները, ովքեր չեն կարողանում ինչ- ինչ բաներից ելնելով «ստոպ տալ»։ Այդ գործողությունը կատարելուց հետո կարող էր հրաժարական տալ և մի  զանգված գուցե մտածեր, որ դա իր ապաշնորհության հետևանքն էր, բայց շարունակելով նույն գործընթացը, ոչ ոքի այլևս չի կարող խաբել, որ նա գործում է հայ ժողովրդի դեմ։ 

Ես ուզում եմ հիշեցնել Նապոլեոնի  Հայաստանում պահվող ձեռագրերից մեկը, որտեղ կայսրը պարտությունից հետո հրաժարական է տվել, թողնելով այս ձեռագիրը․ 
« ․․․կայսրը, հավատարիմ իր երդմանը, հայտարարում է, որ իր և իր զավակների անունից հրաժարվում է Ֆրանսիայի և Իտալիայի գահերից, և չկա մի զոհաբերություն, անգամ՝ կյանքը, որն ինքը պատրաստ չլինի կատարելու հանուն Ֆրանսիայի»։ 

Հիմա ուզում եմ հարցնել՝ ինչու՞ հրաժարական չի տալիս Նիկոլ Փաշինյանը։ Եվ կեղծ պատճառաբանություններ է բերում, թե իբր «հայրենիքը հանձնելու մեջ» իրեն վստահության քվե է տվել ժողովուրդը։ Ֆրանսիայի ժողովուրդը պաշտում էր Նապոլեոնին, բայց նա հրաժարական տվեց։  
Հանուն Հայաստանի Նիկոլ Փաշինյանը  պատրաստ չի ամենաչնչին զոհաբերության։ Նա բոլոր զոհաբերությունները կատարում է հանուն Ադրբեջանի ու իր երկրի դեմ կանգնած ուժերի։ Հրաժարական կտա միայն նրանց պահանջով։ 

Ներողություն եմ խնդրում արժանապատվություն ու իր երկիրը սիրող զորավար Նապոլեոնի օրինակը բերելով։ Դա համեմատություն չէր, այլ ասելիքս բացատրելու մատչելի ձև։