Բումերանգի կանոնը

Բումերանգի կանոնը

«ՀայաՔվեի» նախաձեռնության կազմակերպիչների կողմից որոշում է կայացվել այսօր ավարտվել ստորագրահավաքը՝ չսպասելով վերջնաժամկետին: Քանի որ արդեն հավաքվել է անհրաժեշտ 50 հազարն ու մի քանի հազարն էլ՝ լրացուցիչ: Օրենսդրական փոփոխության հարցը ներկայացվելու է Ազգային ժողով ու, ենթադրաբար, անհաջողության է մատնվելու: Հաշվի եմ առնում այն հանգամանքը, որ երեք տասնյակ քպկականներ պետք է միանան ընդդիմադիր խմբակցություններին, ինչն իրատեսական համարել հնարավոր չէ: Սակայն որպեսզի ներկայացված օրենսդրական փոփոխությունը կյանքի կոչվի՝ նախաձեռնության կազմակերպիչներին սպասվում է ևս 300 հազարի ստորագրահավաք:

Կենտրոնանանք հենց այս հարցի վրա: Հայաստանյան ընտրողների պաշտոնական քանակը շուրջ 2 միլիոն 600 հազար է: Սովորաբար ընտրություններին մասնակցում է դրա կեսը: Նախկիների օրոք ընդդիմության կողմից անընդհատ ասվում էր, որ ընտրողների իրական քանակը հազիվ լինի 2 միլիոն: Մնացած 500-600 հազարը կա՛մ բացակայողներ են, կա՛մ «մեռած հոգիներ» և կա՛մ գոյություն չունեցողներ: Ավելի ճիշտ այնպիսի անձինք, ովքեր որպես ընտրող գրանցված են մեկից ավելի հասցեներում: Թե որքանով էր ճշմարիտ այդ քննադատությունը՝ դժվար թե հնարավոր լինի պարզել: Բայց վերն ասվածն ընտրություններին մասնակցող անձանց քանակի հաստատվեց նաև Նիկոլի իշխանության պայմաններում 2021 թվականի հունիսի 20-ին. ԱԺ ընտրությանը մասնակցեց շուրջ 1 միլիոն 300 հազար քաղաքացի:

Ըստ այդմ, ստացվում է, որ 650 հազար ձայն ապահովելու դեպքում քաղաքական ուժը կամ ուժերի կոալիցիան մեծամասնություն է ստանում խորհրդարանում: Եվ, բնականաբար, մեկ դրվագով կարող է փոփոխությունների ենթարկել օրենքների կամ սահմանադրական դրույթների մի ողջ փաթեթ: Եվ դրա կեսից ավելի ձայն է անհրաժեշտ, որպեսզի փոփոխության ենթարկվի ընդամենը մեկ  օրենք կամ սահմանադրական մեկ դրույթ՝ եթե դա իրականացվում է քաղաքացիական նախաձեռնության ձևաչափով: Ժողովրդավարության առումով այս անարդարության հեղինակը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունն էր, քանի որ հանրաքվեի մասին նոր օրենքն ընդունվել է 2018-ի մարտին: Եվ հասկանալի է, որ այն համապատասխանում է նախկինների օրոք իրականացվող՝ ժողովրդավարության իմիտացիոն գործընթացներին:

Իսկ հիմա եկեք հիշենք, թե ինչ էր ասվում 2018-ի իշխանափոխության օրերին և դրանից անմիջապես հետո: Նիկոլի կողմից ամենաշատ կրկնվող կարգախոսներից մեկն անմիջական ժողովրդավարության կամ հայաստանյան ագորայի հաստատումն էր: Ինչը նշանակում է, որ Նիկոլի իշխանությունը պետք է վաղուց վերափոխած լիներ հանրաքվեի մասին օրենքը՝ այն համապատասխանեցնելով իր կողմից հռչակված ժողովրդավարության սկզբունքներին: Հատկապես որ սահմանադրություն փոխելն, օրինակ, այս իշխանության համար խնդիր չէր: Այն էլ՝ սահմանադրական նորմերի խախտումներով:

Ասվածը նշանակում է, որ նախկիններից հատկապես Սերժ Սարգսյանի օրոք կատարվածն այսօր բումերանգի կանոնով վերադարձել է իրենց: Բայց իրենց միջոցով նաև այն երկրին, որը կառավարվում էր նրանց կողմից: Եվ այդ կանոնը, դժբախտաբար, գործում է ոչ միայն կոնկրետ այս դեպքում: Այն գործում է պետության կենսագործության համար բոլոր ոլորտներում: Ինչը նշանակում է, որ մենք ոչ միայն պետք է կարողանանք վարչապետի պաշտոնից հեռացնել Փաշինյան Նիկոլին, այլև ուղղել թե՛ նրա և թե՛ նրա նախորդների կողմից թույլ տված բոլոր շեղումները: Էլ չասած Արցախի և ողջ պետության անվտանգության հարցերը, որ ժառանգություն կմնան Նիկոլից:

Հ.Գ. Ըստ հերթական սոցհարցման, այսօր Նիկոլի ստեղծած կուսակցությունն ունի հարցվածների 13,3 տոկոսի աջակցությունը, իսկ երկրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցոթյունները միասին՝ ընդամենը 5,3 տոկոսինը: Ինչը ցույց է տալիս, թե որքան դժվար է և դժվար է լինելու Նիկոլին պաշտոնից հեռացնելը: