Եվրոպայում սկսել են պայքարել երեկույթների դեմ

Եվրոպայում սկսել են պայքարել երեկույթների դեմ

Եվրոպայում սկսել են պայքարել երեկույթների դեմ՝ երիտասարդության շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման ֆոնին։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում պարբերականին հայտնել են, որ այս տարվա փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում 15-24 տարեկան վարակակիրների թիվն ավելացել է 4,5 տոկոսից մինչեւ 15 տոկոսի։

Պայմանավորված այն իրողությամբ, որ Եվրոպայում սկսվում է կորոնավիրուսի հիվանդացության երկրորդ ալիքը, շատ երկրներ սկսել են կրկին փակել դիսկոտեկները եւ գիշերային ակումբները, որտեղ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը։ Իտալիայում, ընդ որում, պարելն արգելել են նույնիսկ բացօթյա տարածքում։ Մալթայում, որը համարվում է եվրոպացիների համար առողջարան, ոչ միայն արգելել են գիշերային ակումբների եւ դիսկոտեկների գործունեությունը, այլ նաեւ արգելվել է 15 մարդուց ավելի մարդկանց հավաքույթները։ Թուրքական Անթալիայում արգելվել են փրփուրե երեկույթները, սակայն դիսկոտեկները դեռեւս շարունակում են աշխատել։ Դիմակ չկրելու դեպքում սահմանվել են բավական բարձր տուգանքներ։ Գերմանիայում էլ համավարակի սկզբից սկսած՝ դիսկոտեկները փակ են մնացել եւ տեղի ոլորտային արհմիությունում հայտարարել են, որ չեն շտապում սահմանված արգելքների վերացման հարցում դիմել իշխանություններին։