Հավատացնում եմ ձեզ, էնպես չի, որ չի գործադրվում վարչական ռեսուրս․ Արփինե Հովհաննիսյան

Հավատացնում եմ ձեզ, էնպես չի, որ չի գործադրվում վարչական ռեսուրս․ Արփինե Հովհաննիսյան

Այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ այս ողջ ընթացքում իրենք առիթներ ունեցել են քաղաքացիներին հայտնելու իրենց վերաբերմունքն ու խոսելու իրենց թույլ տված սխալների, նաև դրանից հետո իրենց հետագա պատկերացումների մասին։ Այս մասին նա ասաց՝ պատասխանելով այն հարցին, թե ասում են՝ ՀՀԿ-ն պետք է ներողություն խնդրի քաղաքացիներից, նոր հայցի իրենց քվեն։

Դիտարկմանը, թե մասնակցության ցածր տոկոսը նրանից է, որ նախկինում ՀՀԿ-ականները մարդկանց ուղղորդում էին, գազելներով մարդկանց բերում էին ընտրատեղամասեր, հիմա դա բացակայում է, դրա համար էլ մարդիկ շահագրգռված չեն գալ ընտրության, տիկին Հովհաննիսյանն ասաց․ «Ես էլ կարող եմ հակառակ կարծիքն ասել, որ չնայած ամենաբարձր մակարդակով հավաստիացումներին՝ մարդիկ հասկանում են, իրականում, որ այս ընտրությունը չի արտացոլում իրականում գոյություն ունեցող վիճակը, և սա պարտադրված ընտրություն է այս ժամանակահատվածում անցկացնելը, և շատերն իրենց հիասթափությունն արտահայտելու եղանակ գտել են ուղղակի ընտրության չգնալով։ Բայց չնայած դրան՝ ես կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ հասկանալ, ըմբռնել և ընկալել ու հաստատել իրենց քվեարկությամբ, որ սա անչափ կարևոր քվեարկություն է։ Ամենակարևոր քվեարկություններից մեկը մեր պատմության մեջ»։

Hraparak.am-ը նկատեց, որ նախկին մոտիվացիոն մեթոդները՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառում, ճնշումներ և այլն, որոնք հօգուտ հիմնականում ՀՀԿ-ի էին աշխատում, այս անգամ կարծես թե չկան։ Հիմա ընտրողը ի՞նչ մոտիվացիայով պետք է գա և իրենց ձայն տա։

«Ձեր հարցադրման մեջ ամենակարևոր մասը «կարծես թե» բառակապակցությունն էր, որովհետև, հավատացնում եմ ձեզ, էնպես չի, որ չի գործադրվում վարչական ռեսուրս, չեն գործադրվում վարչական լծակներ։ Սպասեք, կտեսնեք։ Բոլոր դեպքերում բնորոշ ընտրախախտումները, որոնք եղել են, բոլորն առկա են»,-ասաց նա։

-Ձեր օգտին չկա՞ն, չե՞ն գործադրվում այդ վարչական լծակները։

-Դուք չե՞ք տեսնում, որ չկա մեր օգտին, ի՞նչ վարչական ռեսուրսի մասին է խոսքը։ «Մեր օգտին չէ, ի վնաս։ Մենք ավելի շատ կարող ենք խոսել այս ամբողջ ժամանակաատվածում տոտալ հակաքարոզչության, ինչպես նաև թեկնածուների վրա աննախադեպ ճնշումների մասին։

-Իսկ մոտիվացիան ո՞րն է լինելու, միայն մտահոգությո՞ւնը։

-Ես կարծում եմ՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին մեկ մոտիվացիա պետք է ուղղորդի դեպի ընտրատեղամաս, որ իրենց քվեն արժեք ունի, որ իրենց քվեն կարևոր է։ Իսկ կախված նրանից՝ իրենք որ քաղաքական ուժին են նախընտրում, յուրաքնաչյուրի մոտիվացիան պետք է տարբեր լինի։ Եթե ՀՀԿ-ի ընտրազանգվածն է, ապա մտահոգությունը, որն իրենք տեսնում են, և դա օբյեկտիվորեն կա, անկախ նրանից՝ Հանրապետականին սիրում են, թե՝ ոչ։ Բայց էն խնդիրները, որ մենք բարձրաձայնել ենք, դեռ ոչ ոք չի վերացրել։