Նախկին քաղաքապետի օգնականն ու խորհրդականը՝ ՀՀԿ-ի ցուցակում

Նախկին քաղաքապետի օգնականն ու խորհրդականը՝ ՀՀԿ-ի ցուցակում

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակում ընգրկված են Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի օգնական Անահիտ Գաբրիելյանը եւ խորհրդական Սմբատ Փիլիփոսյանը: Անահիտ Գաբրիելյանը ցուցակում 94-րդն է, Սմբատ Փիլիփոսյանը՝ 100-րդը: Նախկին քաղաքապետը որոշել է իր հավատարիմ մարդկանցով ՀՀԿ-ի համար ձայն հավաքել:

Սմբատ Փիլիփոսյանը իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Սիրելիներս, բոլորս էլ հասկանում ենք, թե երկրում ինչ իրական, ոչ թե հեքիաթային, հեղափոխական իրադարձություններ են տեղի ունենում։ Ելնելով դրանից՝ բոլորիդ կոչ եմ անում գնահատել այն ձեռքբերումները, որը մենք միասին ունենք այս տարիների ընթացքում, պահանջել, որ իրագործվեն այն ծրագրերը, որով Հայաստանը պետք է առաջ շարժվի: Այլապես մեզ դեռ 20 , եթե ոչ ավելի տարի պետք կգա, որպեսզի քաղաքականությունից նոր հասկացող գործիչներն ունենան իրական ծրագրեր: Այս ամենը իրատեսական գնահատելով՝ սատարեք մեզ՝ նրանց, ովքեր բոլոր տեսակի մարտահրավերներ են հաղթահարել՝ ի սկզբանե լինելով գաղափարի կրողներ: Մենք պետք է լինենք խորհրդարանում, որպեսզի մեր նոր կառավարությանը ուղղորդենք, որ այլևս չձախողեն ծրագրերը իրականացնելու ճանապարհին՝ ավելի արդար Հայաստանում»:

Սմբատ Փիլիփոսյանից հետաքրքրվեցիք, ցանկանո՞ւմ է դառնալ պատգամավո՞ր, թե՞ ՀՀԿ-ի համար քվե է ապահովում. «Մենք մեր գաղափարներով, մեր փորձառու ընկերներն այսօր, որ կան, եթե մենք կկարողանանք հավաքել այն շեմը, որով, որ ես կկարողանամ գնալ խորհրդարան ՝ իհարկե կգնամ»:

-Պարո´ն Փիլիփոսյան, Ձեր որոշո՞ւմն է եղել, որ առաջադրվել եք ՀՀԿ-ի ցուցակով:

-Իմ առաջարկությամբ, կուսակցությունը որոշել է, որ պետք է լինեմ թեկնածու: Այսօր, այդ նույն մարդիկ, որոնք անվանազրկեցին ՀՀԿ-ն, որոնք, որ վարքաբեկեցին, բոլորս էլ տեսնում ենք, թե ո՞ւր են տանում մեր պետությունը, եւ մենք պայքարելու ենք նրանց դեմ, որ այդ մարդիկ ընդհանարապես չլինեն քաղաքականության մեջ:

-Կոտայքի մարզում, մասնավորապես Հրազդանում թեժ պայքար է սպասվո՞ւմ:

-Միանշանակ՝ գաղափարի մրցակցություն է լինելու, եւ մենք փորձելու ենք ներկայանալ նոր ձեւով, նոր ոճով, նոր գաղափարներով, ծրագրերի նոր իրականացմամբ, որը, որ տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել: Մենք շատ բաների միջով ենք անցել, եղել ենք գաղափարի կրողները եւ պայքարելու ենք, որպեսզի մինչեւ վերջ մնանք, որովհետեւ, էնպես չի, որ էսօր մեզ ներկայացնում են: Կան նաեւ շատ լավ բաներ, կան նաեւ լավ ծրագրեր, որոնք մենք իրականացրել ենք, եւ դա չի կարելի չգնահատել:

-Ինչպե՞ս եք գնատահում Ձեր շանսերը:

-Աստված առաջ, կերեւա ամեն ինչ: Ես ներկայացնելու եմ իմ գաղափարները եւ նպատակները, թե ինչի համար եմ ես ուզում, որ ՀՀԿ-ն լինի խորհրդարանում: Իսկ, թե ո՞վ, ո՞նց է ընտրելու, դա լինելու է ժողովրդի կամքը:

-Ինչպե՞ս եք պատրաստվում իրականացնել քարոզարշավը թիմո՞վ, թե՞ անհատական:

-Քննարկել ենք, ե՛ւ թիմային քարոզարշավ ենք անելու, ե՛ւ անհատական:

-Նախկին քաղաքապետի աջակցությունն ունե՞ք:

-Ես ոչ մեկի աջակցությանը չեմ սպասում: Ով կցանակնա ինձ աջակցել, թող աջակցի:

Նելլի Կարապետյան