Արժանապատվության և մեղքի գինը

Արժանապատվության և մեղքի գինը

Արժանապատվության եւ մեղքի՝ այս օրերին հնչող եւ չհնչող ինքնախոստովանությունների, գործած սխալների եւ ներողամտության տարուբերումների առատությունից անորոշության ցավով ենք հիվանդացել: Ով ինչ է ուզում ասել, ում ինչ է ուզում համոզել՝ գլուխ չես հանի:

Մախաթը պարկում չես թաքցնի. Երվանդ Մանարյանն անմիջապես նկատեց մեր դեմքին դաջված մտահոգությունը: Եվ, ինչպես միշտ, հարցրեց.

- Է, ի՞նչ կա-չկա…

- ԱԺ արտահերթ ընտրությունները քթներիս տակ են: Երկու շաբաթ ականատես ենք լինելու ամբոխահաճության, ամբոխավարության շքահանդեսի, մոնոթատրոն հիշեցնող տեսարանների: Կյանքի բարեկեցության մեծ դեֆիցիտի ֆոնին հագենալու ենք ամեն տեսակ բախտագուշակներից, նրանց լուծում-առաջարկների միատարրությունից: Եվ այս ամենը մատուցվելու է երկրի քաղաքացիներին համախմբելու տեսլականով, թեեւ շատերը ներքուստ զգում են, որ իրականում հակառակ գործընթացին է ծառայելու:

Անարժանապատվորեն արժանապատվությունից են խոսում: Գործած սխալների ու հանցանքների համար ընդամենը ապաշխարելու հայց են ներկայացնում աթոռը, կոչումն ինչ–որ մի կերպ պահել-պահպանելու համար, անկախ իրենց կամքից բացահայտում են, թե ինչպիսի անբուժելի հիվանդությամբ են տառապում:

- Թերեւս…

- Հիշո՞ւմ եք, Վարպետ, 2006-ին էր, երբ արվեստի վաստակավոր գործչի կոչման արժանացաք: 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո հրաժարվեցիք այդ կոչումից, քանզի համոզված էիք, որ գործող ռեժիմի ձեռքից ստացած ցանկացած պետական կոչումի գինը Ձեր արժանապատվության կորո՞ւստն է լինելու…

- Հարկավ…

- Եվ այսօր մտահոգ չե՞ք, որ իրավիճակ է փոխվել, բայց երկիրը դեռեւս կայուն չէ, ռեժիմը, փաստ է, ծանրորեն պատմության գիրկն է գլորվում: Հուսա՞նք, որ լուրջ ցնցումներ չեն լինելու…

- Ես անուղղելի լավատես եմ…

ՀԳ․ Հայաստանի Հանրապետության նախագահի 2018թ. նոյեմբերի 5-ի հրամանագրով թատրոնի եւ կինոյի վարպետ, թատերական գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման:

Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ