Բոլոր նրանք, ովքեր նույն կուսակցության մեջ չեն, ընդդիմադիր են․ Զեյնալյան

Բոլոր նրանք, ովքեր նույն կուսակցության մեջ չեն, ընդդիմադիր են․ Զեյնալյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրությունները պետք է անցկացնենք այնպես, որ դրանք լինեն Հայաստանի պատմության մեջ լավագույնը, և որևէ կասկած չհարուցի դրա արդյունքը։ Զեյնալյանը, հիշեցնենք, ընտրություններին մասնակցելու է «Մենք» դաշինքով՝ որպես «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ։ «Սա ամենակարևորն է, այսինքն՝ յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք անցկացնելու այդպիսի ընտրություններ։ Մեր կուսակցությունը և ցանկացած այլ կուսակցություն, մեկը մյուսից տարբերվող դաշինք, դրանք բոլորը մրցակիցներ են։ Այս ընտրահամակարգը նույնիսկ կուսակցությունների, դաշինքների ներսում բոլորին դարձրել է մրցակիցներ։

Ընտրությունների արդյունքում ակնկալում ենք հաղթանակ»,-ասաց Արտակ Զեյնալյանը։ Hraparak․am-ը հարցրեց նրան՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ պաշտոնից ընտրությունների ժամանակ, թե՞ արձակուրդ է վերցնելու, նոր մասնակցի ընտրարշավին։ «Այս պահի դրությամբ արձակուրդ վերցնելու հարցն է քննարկվում՝ համադրության մեջ դնելով այն աշխատանքի ծավալի հետ, որն այս պահի դրությամբ կա և անհրաժեշտ է իրականացնել»,-ասաց նա։ Փոխվարչապետ Արարարատ Միրզոյանն ասել էր, որ բոլոր նրանք են ընդդիմադիր, որոնք չեն լինի կառավարության կազմում։ Հիմա Զեյնալյանն իրեն և իր քաղաքական ուժը ընդդիմադի՞ր դաշտում է տեսնում։ «Ես արդեն պատասխանեցի այդ հարցին, որ բոլորը բոլորին մրցակիցներ են։ Իսկ ընդդիմություն հասկացությունը պիտի փոխի իր բովանդակությունը և ընկալումը։ Ընդդիմություն ու թշնամությունը չպետք է լինեն հոմանիշներ»,-ասաց նա։ Մեր հարցին՝ այս պահին ինքն ընդդիմադ՞իր է, և ո՞ւմ և ինչի՞ն է ընդդիմադիր, նախարարի պաշտոնակատարն ասաց․ «Բոլոր նրանք, ովքեր նույն կուսակցության մեջ չեն, ընդդիմադիր են։ Բոլորը բոլորին մրցակիցներ են, ես չեմ ուզում հիմա դա դարձնել՝ ում եք ընդդիամդիր և դա տեղավորել այդ համատեքստում»,-ասաց Զեյնալյանը՝ նկատելով, որ նույնիսկ նույն կուսակցության մեջ եղած մարդիկ տարբեր ընտրատարածքներում ինչ-որ չափով ընդդիմադիր են իրար։ Ինչ վերաբերում է ընտրություններից հետո անցնելու դեպքում կոալիցիա կազմելու հարցին, Զեյնալյանն ասաց, որ այդ ամենը կախված է ընտրության արդյունքներից։ Թե ինչ սկզբունքով է կառուցելու «Մենք» դաշինքը քարոզարավը, արդյոք կհասցնե՞ն այցելել բոլոր մարզերը, Զեյնալյանն ասաց, որ դա կհայտաարեն քարոզարշավից առաջ՝ չբացառելով, որ գուցե մարտավարական փոփոխություններ լինեն հենց քարոզարշավի ընթացքում։ Նաև նշեց, որ կաշխատեն լինել հնարավորինս շատ մարզերում և բնակավայրերում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ