Արժանապատիվը

Արժանապատիվը

Նիկոլ Փաշինյանը ինքնարտահայտման նոր «ժանր» է գտել․  ինչ-որ առիթով գնում է որեւէ գերատեսչություն, ասենք՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, եւ այնտեղ իմաստասիրական ակնհայտ թեքմամբ ելույթներ ունենում, արտաբերում հույժ փիլիսոփայական մտքեր։ Նշված նախարարությունում իր այցի մասին, օրինակ, օգտատեր Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2018 թվականից հետո մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականության»:

Անկասկած է, որ շարքային պողոսը գլխի չի ընկնի, թե կոնկրետ ի՛նչ է ասում այս բառախաղ-նախադասությունը։ Իսկապես, ի՛նչ է նշանակում «համակերպվելու քաղաքականություն»։ Եթե ասվածը ձեւենք իր՝ օգտատեր ՆՓ-ի եւ իր հազարավոր թիմակիցների վրա (իշխանազուններ եւ իշխանասուններ), իրենց պարագայում համակերպվելու քաղաքականությունը չէ՛, որ «փոխարինվել» է ի սկզբանե։ Եկած-չեկած՝ իրենք չէի՞ն, որ չհամակերպվեցին ցածր աշխատավարձերին՝ հասցնելով միլիոնների, չհամակերպվեցին նվազ պարգեւավճարներին՝ դարձրին բազմամիլիոն, ուրեմն ի՞նչ «համակերպվելու» մասին է խոսքը։ 
Փաշինյանի իշխանությունը մեծագույն (աննախադեպ) հաջողություններ է գրանցել նաեւ «հաղթահարելու քաղաքականության» բնագավառում․ իրենք չէի՞ն, որ պողոսներին իմաստնաբար խորհուրդ էին տալիս ցանկացած տեսակի աղքատություն հաղթահարել նախ․․․ գլուխներում։ Հաղթահարելը հո պոզով-պոչով չի՞ լինում։

 Բայց հիշված նախարարություն իր այցելության մասին ՆՓ-ի արտաբերած թերեւս ամենաիմաստուն միտքը վերաբերում է․․․ արժանապատվությանը։ Այո՛, արժանապատվությանը։ «Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության եւ աջակցության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ»,- գրել է ՀՀ արժանապատիվ վարչապետը։ 

Այս մի բառն էլ ապականեցինք։