Նոր Հայաստանում ՃՈ-ն կաշառք է վերցնում․ պնդում է քաղաքացին, քննիչն էլ՝ հովանավորում

Նոր Հայաստանում ՃՈ-ն կաշառք է վերցնում․ պնդում է քաղաքացին, քննիչն էլ՝ հովանավորում

Խմբագրություն այցելած Երևան քաղաքի բնակիչ Կարեն Խաչատրյանը դիմել է գրեթե բոլոր ատյաններին՝ բացահայտելու ու պատժելու իրենից 3000 դրամ կաշառք վերցրած ՃՈ ոստիկաններին ու նրանց հանցագործությունը կոծկած ՀՔԾ քննիչին։ Ասաց, որ հարցն իր համար սկզբունքային է՝ չի սիրում անարդարություն, այն էլ՝ ոստիկանների կողմից, և մյուս կողմից էլ ավելացնում է․ «3000 դրամն ինձ համար մեծ փող է»։ 

Դեպքը, ըստ քաղաքացու, տեղի է ունեցել նոր Հայաստանում, Տիգրան Մեծի պողոտայում․ 2018 թ․ հուլիսի 3-ին ՃՈ 1-ին գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Սամվել Թադևոսյանը և Վիտալի Աֆյանն իր կատարած խախտման համար 3000 դրամ կաշառք են վերցրել։ Կարեն Խաչատրյանը հենց հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին, դիմում է ներկայացրել ՃՈ՝ նշելով կաշառքի մասին, 2 օր հետո էլ անձամբ գնացել է ՃՈ հերթապահ մաս և հայտնել կատարվածի մասին։ Դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի վարույթն ընդունել է հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Լեռնիկ Ստեփանյանը։ Կարենը նախաքննական մարմնին ներկայացրել է իր ու տեսուչների խոսակցության ձայնագրությունը, երբ պահանջվել է 3000 դրամ կաշառքը։

Սակայն 8-9 ամիս քննությունից հետո քննիչ Ստեփանյանը կայացրել է որոշում՝ նշված տեսուչների վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնել՝ պատճառաբանելով, որ, համաձայն փորձագետի եզրակացության, Կարեն Խաչատրյանի ներկայացրած ձայնագրությունները մոնտաժված են, իրար են միացվել 2 առանձին ձայնագրություններ, իսկ ձայնագրված անձանց խոսքերը պիտանի չեն նույնականացման համար՝ անձանց անհատականացնող հատկանիշների համար անբավարարության պատճառով։

Կարենը պնդում է, որ սուտ է, ձայնագրությունը մոնտաժված չէ, բառերը պարզ լսվում են, մինչև անգամ՝ քննիչների իրար անուններով դիմելը։

 «Ինձնից բնօրինակը չի պահանջվել ձայնագրության, այլ պատճենն եմ ներկայացրել, այն տրվել է փորձաքննության, ըստ դրա եզրակացության հիման վրա էլ կարճվել է գործը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կարճման որոշման հիմքում ընկած նախադասությանը, որ հնարավոր չէ նույնականացնել, Կարենը մեկնաբանում է․ այսինքն՝ ինքը կեղծիք է ներկայացնում, սուտ մատնություն անում։ Եթե այդպես է, թող իրեն դատեն։

Քննիչի որոշումը համարելով ապօրինի՝ քաղաքացին այն բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ վերացնելու այդ որոշումը, ինչպես նաև՝ տեսուչներին քրեական պատասխանատվության ենթարկելու, սակայն հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը մերժել է բողոքը։
Հիմա քաղաքացին հայտարարում է, որ քննիչ Ստեփանյանն ու դատախազ Վարդգես Սարգսյանը հովանավորում են նշված ոստիկաններին։

Ինչ վերաբերում է դատախազի կողմից ոստիկաններին հովանավորելու վերաբերյալ քաղաքացու պնդմանը, ապա այն հիմնազուրկ է: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։ Դատախազի որոշումները հիմնված են պատշաճ դատավարական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված թույլատրելի և վերաբերելի փաստական տվյալների վրա: Հովանավորելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Նաև նշեմ, որ Կարեն Խաչատրյանի դիմումին մանրամասն պարզաբանում տրվել է մեր կողմից: