Մեկ ամսից ավելի է չունենք կաշառքի դեպք

Մեկ ամսից ավելի է չունենք կաշառքի դեպք

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ և Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով՝ բարեփոխումների առաջնային ուղղություն սահմանվեց պարեկային ծառայության ձևավորումը և փուլային կարգով ամբողջ երկրում դրա ներդրումը:

Hraparak.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը։

- Պարոն Ումրշատյան, 2022 թվականին որքանով է ավելացել պարեկների թիվը։

- Երևանում պարեկների թիվն այսօր մոտավորապես 750 է, Լոռու և Շիրակի մարզերում՝  յուրաքանչյուրում՝ մոտավորապես 250 պարեկ։

- Պարեկներն այսօր մայրաքաղաքում իրականացնում են տարբեր գործառույթներ։ Ինչպե՞ս են բաշխվում պարտականությունները և ինչպե՞ս են կազմակերպվում  նրանց աշխատանքները։

- Պարեկներն իրականացնում են հասարակական կարգի և անվտանգության միջոցառումներ։ Մասսայական միջոցառումների ժամանակ իրականացնում են հասարակական անվտանգության ապահովման գործառույթներ, ինչպես նաև իրականացնում են ճանապարհային երթևեկության անվտանգության գործառույթներ։

- Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավածությունը որքան է՝  համեմատած տղամարդկանց հետ։

- Չնայած մեր ցանկությունը շատ մեծ է, որ աղջիկների ներգրավածությունը  շատ լինի, բայց, ցավոք սրտի, կարծրատիպեր կան հասարակության մեջ։ Իհարկե, ծառայության մեջ ունենք աղջիկ պարեկներ, որոնց ծառայությունը գնահատում եմ շատ բարձր։

- Ճի՞շտ է, որ ՃՈ գործառույթն իրականացնելիս, եթե պարեկների կողմից կաշառքի դեպքեր են կանխվում, վերջիններիս պարգևավճարներ են տրվում։

- Հստակ, ինչ-որ կանոնակարգված բան չկա, բայց խրախուսվում են նման դեպքերը։ Եվ շնորհակալություն ենք հայտնում, և ոստիկանության ծառայողին վերաբերող խրախուսական միջոցներ ենք օգտագործում, որը պարտադիր չի, որ դրամական խրախուսանքի տեսքով լինի։

- Իսկ նման դեպքերում կոչումի բարձրացում էլ է լինո՞ւմ։

- Չէ, նման դեպքեր չենք ունեցել։

- Եթե դրամական չէ, կոչումի բարձրացում չէ, ի՞նչ խրախուսանքի միջոցներ են։

- Օրինակ, շնորհակալություն, պատվոգիր, գերազանց ծառայության համար մեդալ․․․

- Ի՞նչ եք կարծում՝ կլինե՞ն պարեկներ, որոնք պարգեւավճար ստանալու համար, վարորդներին կակնարկեն, կսադրեն, որ զրույցը  գնա նրան, որ վարորդը գումար առաջարկի պարեկին, հետո՝ ներկայացնեն ձեզ։

- Մեկ ամսից ավելի է, ինչ չունենք կաշառքի դեպք։ Համենայնդեպս,  չենք էլ ունեցել դեպք, երբ վարորդները բողոքեն պարեկների աշխատանքից, որտեղ եղել են սադրանքներ։

- Առաջիկայում ի՞նչ նոր խնդիրներ և նպատակներ ունեք։

- Մեր նպատակն է ընթացս բարձրացնել վստահությունը՝ ծառայության հանդեպ, ոստիկանության հանդեպ, բացառել կոռուպցիոն երևույթները, որն ի սկզբանե բացառված է։ Բարձրացնել բարեվարքության նշաձողը, որը շատ կարևոր է պարեկային ծառայության համար և ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը։