Ղազախստանում մարտի 1-ն անցել է բավական անհանգիստ

Ղազախստանում մարտի 1-ն անցել է բավական անհանգիստ

Այսօր՝ մարտի մեկին, Ղազախստանում մի շարք ընդդիմադիր խմբերի կողմից հայտարարված ցույցերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել այդ երկրի մի շարք քաղաքներում, տեղի են ունեցել ձերբակալություններ։ Բերման են ենթարկվել կամ ձերբակալվել տասնյակ մարդիկ։

Ուժայինները խստացված հսկողություն են սահմանել հրապարակներում, տեղական իշխանությունների գրասենյակների շենքերի մոտ։ Ցույցերի հնարավոր վայրերում անջատված է եղել համացանցը։ Ձերբակալությունները սկսվել են արդեն կեսօրին մոտ։ Նշենք, որ ընդդիմադիր խմբերը ցույցերի մասին հայտարարելիս, որոշակի վայրեր են նշած եղել, որոնք պետք է վերածվեին ակցիաների հարթակների, եւ որտեղ պետք է ցուցարարները պահանջեին, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հեռանա քաղաքականությունը։ Նշենք, որ ցույցերի համար խթան է հանդիսացել այն, որ այս օրերին մեկուսարանում մահացել է քաղաքացիական ակտիվիստ Դուլատ Աղադիլան։ 43-ամյա ակտիվիստի մահվանից հետո, մի շարք քաղաքներում սգո ակցիաներ են տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցները հայտարարել են, որ չեն հավատում իշխանությունների պաշտոնական վարկածին, ըստ որի, նրա մոտ սրտի կանգ է եղել, եւ կարծում են, որ դա եղել է սպանություն, որի պատասխանատվությունը ներկայիս իշխանությունների վրա է։