Ամենահասն ու ամենագետը

Ամենահասն ու ամենագետը

Ոնց գցում-բռնում եմ, «մեր» վարչապետն ամենահաս է եւ ամենագետ: Ինչ իրադարձություն էլ պատահի՝ մարդն առաջինն է իմանում: Ու առաջինն էլ հեղինակավոր կարծիք է հայտնում: Ու բացարձակ նշանակություն չունեն իրադարձության բնույթն ու տեսակը: Լինի այն, ասենք, ղարաբաղյան կարգավորման թե սահմանային անվտանգության խնդիր: Կամ թե մեր զինվորների հետ պատահած ողբերգության եւ կամ Սուրմալուի հարց: Ինչպես երեւում է, ես լուրջ խնդիրներն եմ միայն մատնանշում: Իսկ դրանց մասին, բնականաբար, առաջինը հենց իրեն են հայտնում: Ու միաժամանակ նախնական կարծիք հայտնում դրա մասին: Ինչը հետո դառնում է այս կամ այն պետական կառույցի պաշտոնական վարկածը: Եթե նույնիսկ այն չի համապատասխանում իրականությանը կամ առողջ տրամաբանությանը: Օրինակ, ամենաթարմը՝ իրենց երկրից ադրբեջանցի զինվորականի փախուստի թեման:

Ով, ինչպես անմիջապես պարզվեց, ընդամենը հայատյաց երկոտանի անասուն էր: Կարող եմ նաեւ ավելի թեթեւ թեմաներ ներկայացնել, որոնց պետք է որ անդրադառնար որեւէ գերատեսչության մասնագետը կամ ամենաշատը՝ վարչության պետը: Էլ չասած այս կամ այն նախարարության՝ նախարարի պաշտոնին նշանակված անձը: Բայց այդ հարցերում եւս «մեր» վարչապետն ամենահասն է եւ ամենագետը: Օրինակ՝ կոնկրետ ինչ-որ գյուղմթերքի աճեցման գործում անգլերենի իմացության, մարզային բաշխումով խոշորացված համայնքների անվանումների, ներհամայնքային լուսավորության եւ ասֆալտ փռելու գործընթացի եւ այլնի առումով: Եվ բազմաթիվ այլ թեմաներ, որոնց, ինչպես կանոն, նվիրվում է կառավարության ամենշաբաթյա նիստերի առաջին՝ մենախոսական մասը: Ինչը կարող է տեւել քառորդ ժամից մինչեւ մեկ ժամ: Իսկ խոզի խորովածի մասին, ինչպես կարող եք կռահել, խոսք չկա՝ ինքը դրա մասնագետն էր դեռեւս ընդդիմադիր թերթի խմբագիր եղած ժամանակ: 

Վերադառնանք ադրբեջանցի մարդասպանին, որ ՀՀ տարածք էր ներխուժել՝ առանց որեւէ խոչընդոտի հանդիպելու: Եվ, ինչպես «Հրապարակն» էր գրել, սպանել էր ԶՊՄԿ-ի անվտանգության աշխատակցին: Կարծում եմ, որ երբեմնի «դուխով», իրականում պարտված Նիկոլի «դուխը» կբավարարի դրա նկատմամբ դատական գործընթաց նախաձեռնելուն: Իսկ այնուհետեւ, թշնամու հետ էսկալացիայից խուսափելու տրամադրվածության շրջանակում նրան Ադրբեջան արտահանձնելուն: Որին էլ կհետեւի երբեմնի կիրթ ու կառուցողական գործընկերոջ կողմից այդ մարդասպանին պետական պարգեւների արժանացնելը: Երեւի նույնիսկ ազգային հերոսի կոչման: Իսկ «մեր» ամենահաս եւ ամենագետ վարչապետը կշարունակի խաղաղություն մուրալ վայրենի թշնամուց եւ մեր երկիրը կտանի վերջնական կործանման: 

Իսկ այդ ընթացքում աշխարհի արեւմտյան կողմից կողջունեն խաղաղության հաստատման միակողմանի ջանքերը՝ մեր դարավոր թշնամուն հորդորելով ցուցաբերել կառուցողական մոտեցում: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձն էլ կենսաբանական հաճույք կստանա արեւմտյան երկրների ղեկավարության հայտարարությունների առկայության փաստով: Ինչը նրա համար դարձել է Հայաստանի անվտանգության ապահովման հիմնական միջոցը: Ինչը խիստ օրինաչափ երեւույթ է․ եթե անվտանգության հիմնական գործոնը՝ բանակը, հեղինակազրկված է եւ թոււլացված, ապա դրան փոխարինելու է գալիս հենց արեւմտյան այս կամ այն պաշտոնյայի խոսքը: Օրինակ, այս մեկը․ «Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, հայկական Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետեւանքով երկու կողմից 7 զոհ եւ վիրավորներ կան»։ Արդեն նույնիսկ հետաքրքիր էլ չէ, թե որ կողմն է բռնություն նախաձեռնողը եւ որը՝ զոհը: