Ջանք չխնայենք

Ջանք չխնայենք

Այս մեծ ու բազմազան աշխարհում մարդկանց չես կարող պարտադրել, որ իրենց կյանքը զոհեն ինչ-որ արժեքների համար կամ ապրեն չարքաշ կյանքով, վտանգներով լեցուն երկրում, երբ կարող են մի գեղեցիկ օր նստել ինքնաթիռ ու հայտնվել իրենց երազանքների իրականության մեջ։ Չէ, անշուշտ, լիքը մարդիկ կան, որոնք կնախընտրեն հայրական հյուղակը՝ արեւմտյան պալատներից, եւ երբեք չեն լքի իրենց հայրենիքը՝ որքան էլ դժվար լինի այնտեղ ապրելն ու վտանգավոր։ Բայց բոլորից չի կարելի պահանջել նման վարք։ Ապրելը չպետք է հավասարվի հերոսության, իսկ կյանքը տառապելու եւ քարշ տալու համար չէ, մանավանդ, որ մեկ անգամ է տրվում։ Բայց եթե աշխարհի հազարավոր ժողովուրդներ, ունենալով մեծ դժվարություններ եւ հայտնվելով աղետալի վիճակում, փորձում են փոխել իրենց միջավայրը, երկիրը, ստեղծել նպաստավոր պայմաններ ապրելու համար։ Հոգ են տանում, որ իրենց զավակներին բարեկեցիկ ու ապահով երկիր ժառանգություն թողնեն։ Չեն վախենում դժվարություններից, գիտակցում են դրանց պատճառներն ու որոնում-գտնում դրանք հաղթահարելու ելքերը։

Մենք այդպես չենք վարվում՝ «մերն ուրիշ է»։ Մենք փախչում ենք վտանգներից ու դժվարություններից։ Նախընտրում ենք ուրիշների պետությունները կառուցելը՝ մերը շենացնելու փոխարեն։ Մենք պատրաստ ենք տասնյակ տարիներ մաքառել ամերիկաներում ու ֆրանսիաներում՝ այդ երկրի քաղաքացի դառնալու համար, տարիներ շարունակ ինչ-որ օտար ծերերի տակաշորեր փոխել եւ օտար մանուկների օրորել, կրթության վկայականները դնել մի կողմ եւ սեւ գործ անել, բայց չպայքարել նորմալ երկիր ու նորմալ իշխանություն ունենալու համար։ Մենք պատրաստ ենք հեռվից դասեր տալ ՀՀ քաղաքացիներին եւ հայրենիքը հեռվից սիրել, բայց ջանք չդնել այդ հայրենիքն ապահով ու բարեկեցիկ դարձնելու վրա։