Մեղրին «հանձնող» Քոչարյանին մեղրեցիները դիմավորեցին գրկաբաց

Մեղրին «հանձնող» Քոչարյանին մեղրեցիները դիմավորեցին գրկաբաց

Ո՛չ զարմանալ, ո՛չ զայրանալ կարելի է, թե Մեղրին «հանձնող» Ռոբերտ Քոչարյանի «գլուխն ինչպես չեն ջարդել» մեղրեցիները, ինչու չեն փակել ճանապարհները, ինչպես վարվեցին սյունեցիները Փաշինյանի դեպքում: Չէ, մեղրեցիներն անթասիբ են: 

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանին կարելի է հարցնել՝ ի՞նչ արժե օպիումը ժողովրդի համար: Բանից պարզվում է՝ անվճար է: Ինչքան ուզում ես «ուռի», կա­րեւորն այն է, որ հպարտ լինես, կարեւորն այն է, որ «թալանչիներ» եւ «նախ­կիններ» թմրադեղի նորագույն տեսակները, որոնք բուժում են նաեւ կորոնավիրուսը, այնքան արդյունավետ լինեն, որ հայ ժողովրդը վե­րածվի ստրուկի, վախկոտի, ավելի պատկերավոր՝ բանջարեղենի. շուտով Հայաստանում բանջարեղեն աճեցնելը կդառ­նա ոչ շահավետ, քանի որ շուրջբոլորը երկոտանի բանջարեղեն է բուսնել:
Էդ մեղրեցիներն էլ ուղղակի «քյալ» են, չեն լսում, թե ինչ է ասում հայ ժողովրդի փրկիչը, «սեփական արտադրության քրիստոսը». «Ոմանք ասում են, որ, այսպես ասած, իրենք կրելու են, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու 2021-ի հունիսի 20-ից հետո»: Բա 2018 թվականից սկսած՝ ինչո՞վ էիր զբաղված, ինչո՞ւ պատիժ չկրեց ոչ մեկը…

Թիվ մեկ «հանցագործ» Քոչարյանը երկու տարի անցկացնելով անա­զա­տութ­յան մեջ՝ այդպես էլ չվերադարձրեց «ժո­ղովրդից գողացած» միլիարդավոր դոլարները, հիմա էլ հանդգնում է «հոխորտալ» սրբերի սուրբ Փաշինյանի ղեկավարած անմեղսունակ իշխա­նության հասցեին: Որոշ մարմիններ լավ էլ տիրապետում են իրավիճակին, նույնիսկ լավ էլ «փայ են մտնում իրավիճակում»: Թող ասեն, թե այդ՝ գիտությանն անհայտ առանձնյակը,  քանիսին է խոստացել, որ պատիժ է կրելու: Այդ թիվը բազմապատկեք նվազագույնը 5 միլիոն դոլարով ($ 5000 000) ու կունե­նաք հայ ժողովրդի ամենափրկչի ֆինանսական նվազագույն կարողության մասին պատկերացում:
Ախր, թուրքն ինչ մեղավոր է այս պարագայում: 

ՀԳ 1. Թող վիրավորական չհնչի, բայց, կարծես, Ռոբերտ Քոչարյանը գլուխ­գովան է: Ախր, առյուծ խփելը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ: Ինչպես երեւում է լուսանկարից, խոսքը վերաբերում է կյանքի վերջին օրերը, գուցե վերջին ժամերն ապրող կենդանուն, որին Տանզանիայի համապատասխան ծառայութ­յունը «քնեցրել է»: Էս Քոչարյանն էլ, քանի որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո որոշել էր ազատ կյանքով ապրել, հետագայում թոռների մոտ հպարտանալու համար խնդրել է, որ իրեն նկարեն, իբրեւ թե իրենց պապն առյուծ է «սանձել»: Բայց, միաժամանակ, նա հարգանքի արժանի է, որ այդ «մեղքն» իր վրա է վերցրել: Եվ հետո՝ հնարավոր է, որ նշված ծառայությունը, առյուծի քնեցման գործողությունից նաեւ եկամուտ է ստանում հենց Քոչարյանի նման «հաճախորդներից»: Ամեն դեպքում, Քոչարյանի հանդիպումը Մեղրիում, տիրող մթնոլորտը վկայում են, որ մեղրեցիները, այդուհանդերձ, թասիբով են:

ՀԳ 2. Անձամբ ես՝ մեծագույն հաճույքով կդիտեի, թե թալանչիներն ինչպես են գալարվում բանտային խցերում: Ի դեպ, Փաշինյանի պրոյեկտի համաֆինանսավորողներ (մյուս ֆինանսավորողները, որոնք, հավանաբար, թշնամի երկրների հատուկ ծառայություններն են, դեռեւս բացահայտված չեն) Խաչատուր Սուքիասյանին, Սամվել Ալեքսանյանին, Գուրգեն Արսենյանին եւ այլոց որեւէ կարգավիճակ տրվելո՞ւ է, արդյոք, «2021-ի հունիսի 20-ից հետո», ինչպես խոստացել է հայ ժողովրդի «ամենայն հայրը»: Հա, իսկ Մուկուչյանի հարցն ի՞նչ եղավ, պարոն Փաշինյան: Մի՞թե նա այլեւս ազնիվ է ու գործում է օրենքի շրջանակներում: Բայց, կարծես, նա ի սկզբանե էլ ազնիվ էր, հապա ինչո՞ւ էիք «ընկել» նրա հետեւից: Իսկ գլխավոր դատախազի մասին ի՞նչ կասեք: Վստահաբար՝ ե՛ւ ձեզ կբուժեն, ե՛ւ նրանց կբուժեն, ե՛ւ ինձ կբուժեն, իսկ ամբողջ ժողովրդին բուժելը կարող է անհնար լինել: Բայց, ամեն դեպքում, նախքան լիարժեք բուժվելը, ոչ մի կերպ պետք չէ վերահսկողությունից դուրս թողնել Քոչարյանին, նա տարօրինակ բաներ է ասում, թե գալու է իշխանության: Դա դեռ ոչինչ. նրան մտահոգում է ինչ-որ «միջանցք» բառ: Իսկ դա արդեն անթույլատրելի է: Եղբայր թուրքերին, ի հեճուկս Քոչարյանի, պետք է տալ այդ չարաբաստիկ միջանցքը:

Գագիկ Վարդանյան