Ինչի՞ վրա է Նիկոլի հույսը

Ինչի՞ վրա է Նիկոլի հույսը

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյան Նիկոլը համառորեն գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Կարող էր, չէ՞, որպես պատճառ օգտագործել մայիսի 12-ի ադրբեջանական զինուժի կողմից մեր երկրի սահմանները հատելը ու կասեցնել ընտրությունները: Դրա փորձն արդեն ունի՝ հիշենք կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի Սահմանադրական դատարանի վերաբերյալ հանրաքվեի չեղարկումը, չնայած հայաստանյան օրենսդրությունը նման բան անելու հնարավորություն չէր ընձեռում: Բայց դե՝ Նիկոլն ո՜ւր, օրենքներն ո՜ւր… 

Սոցիոլոգիական հարցումներ անցկացնող միջազգային «Գելլափ» (Gallup Intenational) ընկերության հայաստանյան գործընկերոջ («MPG» ՍՊԸ) հեռախոսային հարցումները բացահայտեցին Նիկոլի եւ նրա «Քաղպայմանագիր» կուսակցության վարկանիշի շարունակական անկումը: 2018-ի ապրիլին Երեւանում բուռն ծավալում ստացած շարժման հաղթանակի 4-րդ տարում այդ կուսակցությունն ավելի շատ ձայն ունի գյուղական վայրերում, քան Երեւանում: Եվ, ընդհանուր առմամբ, չեն անցնում 25 տոկոսից (ըստ վերջին հարցման): Դա նշանակում է, որ ընտրություններին «50%+1» ձայն հավաքելու հնարավորությունը նրա համար զրոյական է:

Դա, իր հերթին, նշանակում է, որ Նիկոլի «Քաղպայմանագիրը» պետք է գրավի առաջին տեղը, որպեսզի հնարավորություն ունենա կոալիցիա կազմել, այսպես կոչված, այլ քաղաքական ուժերի հետ: Նիկոլը լավ գիտի, որ եթե մեծամասնություն չշահի հունիսի 20-ին, ապա, թեկուզ որպես պատգամավոր, վաղ թե ուշ հայտնվելու է ճաղերի հետեւում: Եվ նա պետք է կոալիցիա կազմի այն ուժերի հետ, որոնք դեմ են նախկինների վերադարձին: 

Առաջին այդպիսի ուժ կարող է համարվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի նախագահ Էդմոն Մարուքյանը հրաժարվել է ստորագրել Փաշինյանի հետ որեւէ դեպքում կոալիցիա չկազմելու վերաբերյալ հուշագիրը: Այդ փաստաթուղթը պաշտոնապես չի շրջանառվում, սակայն որպես այդպիսին են ընկալվում բանավոր հայտարարությունները, որ արել են քաղաքական ուժերը: Էլ չասած, որ Նիկոլի հետ «քաղաքական բարեկամություն» հաստատելու փորձառություն վերջինս ունի: Ի դեպ, Մարուքյանն ինքն իրեն բազմիցս է ներկայացրել որպես վարչապետի ամենահավանական թեկնածու, սակայն դա այն դեպքն է, երբ ասվում է, որ հալվա ասելով բերանը չի քաղցրանում:

Մարուքյանը փորձում է գնալ ընտրությունների ներքաղաքական խաղաղության աղավնու կերպարով՝ փորձելով համոզել բոլորին, որ դրա այլընտրանքը քաղաքացիական պատերազմն է: Սակայն ողջ խնդիրն այն է, որ համախմբվելու առանցքն այդ դեպքում լինելու է իշխանությունը: Այսինքն, այն ուժը, որի ձեռքում են կենտրոնացած պետական լծակները, եւ ոչ թե ընդդիմադիր երկրորդ խորհրդարանական խմբակցությունը: Իսկ համախմբվել Փաշինյանի շուրջ՝ կնշանակի ապահովել վերջինիս վերարտադրությունը: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ ընտրություններ կոչված միջոցառում կազմակերպելը: Իհարկե, այսքանը գիտակցում է նաեւ Մարուքյանը, սակայն շարունակում է իր քարոզարշավն այդ թեզով՝ նպատակ ունենալով իր կողմը գրավել նրանց, ովքեր դեմ են թե՛ նախկիններին եւ թե՛ գործող իշխանությանը: Ուղղակի մեր երկրի այսօրվա վիճակն այնպիսին չէ, որ հեղափոխական ու պարտված Նիկոլին փոխարինի կիսահեղափոխական մեկ այլ անձ: Որը նաեւ չունի այնպիսի հատկանիշներ, որ անհրաժեշտ են պարտված ու խեղճացված երկիրը ոտքի կանգնեցնելու համար: 

Նիկոլական «Քաղպայմանագրի» շուրջը կհամախմբվեն, բնականաբար, 2018-ի մայիսից հետո ստեղծված մանր հեղափոխական կուսակցությունները կամ դաշինքները, եթե դրանք հաղթահարեն ԱԺ անցնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմը: Թեեւ սոցհարցումները ցույց են տալիս, որ հազիվ թե նման բան պատահի:

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առումով: Վերջինս ցանկություն է հայտնել դառնալու վարչապետ: Սակայն երեւի գիտակցում է, որ հիմա այն ժամանակները չեն, որ կարողանա ապահովել դրա համար անհրաժեշտ ձայների քանակը: Միեւնուն ժամանակ, Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ կոալիցիա չի կազմելու Նիկոլի հետ: Սակայն ողջ բարդությունն այն է, որ եթե նույնիսկ «Քաղպայմանագիրը» հաջողության չհասնի, Նիկոլը դեռեւս մի քանի շաբաթ մնալու է փաստացի վարչապետ: Եվ եթե ընտրություններից առաջ Նիկոլի կողմից ուղղորդվող լուրջ խնդիրներ առաջանան ծառուկյանական բիզնեսների համար, ապա վերջինս կարող է գնալ իշխանության հետ գործարքի: Սակայն կարող է եւ չգնալ՝ դա արդեն կախված կլինի դիմադրելու նրա կարողությունից:

Ի դեպ, Ընտրական օրենսգրքով սահմանված են նաեւ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը, վերաքվեարկություն նշանակելը եւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը: Հանուն իշխանության վերարտադրության, Նիկոլը կարող է գնալ նաեւ դրանցից որեւէ մեկին: Դրանք բոլորը տեսականորեն հնարավոր տարբերակներ են, եթե հաշվի առնենք այն, ինչ ասվել է հոդվածի սկզբում՝ ճաղերի մասին: Այնպես որ, պետք է պատրաստ լինել նաեւ օրենսդրական նմանօրինակ զարգացումներին: Եվ ոչ միայն օրենսդրական, այլեւ նույնիսկ հակաօրենսդրական, ինչն աննախադեպ երեւույթ չէ Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի առումով: