Ավելի շատ վախենում էի մեռելի վրա լացողներից, քան մեռելից

Ավելի շատ վախենում էի մեռելի վրա լացողներից, քան մեռելից

Տասնյակ տարիներ առաջ էր՝ մի մատ երեխա էի։ Տատիս փեշը բռնած մեռելատուն էի գնացել։ Տանը ինձ ո՞նց թողներ մենակ, կրակ ու պատիժ էի։  Մեր հարևանի մարդը մեռել էր: Գյուղում ձենով են լացում, այնպես աղիողորմ են լացում ու գոռգոռում, որ զարմանում էի, թե ինչու մեռելը տեղից վեր չի կենում՝ հո քա՜ռ չի։ Ով գալիս էր «սեղանի վրա պառկած մարդու սենյակը» երեսը պոկում, ճանկռոտում էր ու ինչքան ուժ ուներ վա՜յ վա՜յ էր անում։

 Ավելի շատ վախենում էի մեռելի վրա լացողներից, քան մեռելից։ Մի կին էլ եկավ, տատիս համբուրեց ու ասաց՝ վա՜յ Նուբար ազի, էս քյորփին խի՞ ես բերել էս զուլումին, սերտը կճաքի։ Ասաց ու սկսեց «բարձր ձայնով լացել»։ Մեռելն իր համար հանգիստ պառկած, մի ձայն չէր հանում, նրանից չէի վախենում։ Բայց այդ կինը, որ թարմ ուժերով էր եկել, մի այնպիսի վայնասուն էր գցել, որ ասացի՝ տատի, զուլումը էս կի՞նն է։ Էս ու էն էլ գալիս, բուռս ճռճռան թղթով շոկոլադ էին դնում ու կամաց ասում՝ չվախենաս, բալա։ Բռումս պինդ սեղմում էի շոկոլադը, մտածելով, որ լացողներից մեկը կարող է «հարձակվի ու խլի շոկոլադը» ՝ պիտի չվախենամ։ Որ ուժեղ գոռոց, վայնասուն էր լինում, շոկոլադս երկու ձեռքով էի պահում։ 
Որ դուրս եկանք, տատիս հարցրի․

- Այ տատ, էն զուլում կնիկը խեյե՞ր տենց շատ լաց ինում, իրանց պարիկա՞մն էր։ Տատս թե․

- Ի՜ բալա, աման մինը իրա դարդնա լաց ինում, էդ կնգա մարդն էլ ջահել, ջիվան քինաց, իրա համարա լաց ինում։ 

Այդ օրվանից կես դարից ավել անցել է։ Հիմա որ նայում եմ շուրջս, տեսնում եմ, որ գյուղի լաց լինողները մեկ- մեկ աչքիս առաջ են։ Հայրենիքը դրել են սեղանի վրա ու իրենց աթոռի, իրենց դարդի  համար լաց են լինում։ Ու ո՜նց են լաց լինում։  

Կողքից էլ ասում են՝ հայրենիքին էսինչն է սպանել։ Բայց «էսինչը» ավելի բարձր է լաց լինում, գոռում, ծնկի չոքում շիրմի առաջ։  Ոնց որ երեխա ժամանակ, հիմա էլ մոլոր եմ մնացել։ Լավ, սրանք խի՞ են այդպես վայնասուն բարձրացրել, լացում․․․ Հայրենիքին սպանել, հիմա լա՞ց են լինում։ Մեկ էլ տատիս խոսքերն եմ հիշում՝ ի՜ բալա, աման մինը իրա դարդնա լաց ինում։ Ամեն մեկը կերածը կորցնելու վախից է լաց լինում։