Էդ պահին եթե մեկը կողքիս կանգնած լիներ, ինչ է՝ ես պիտի հո՞ւշտ լինեի

Էդ պահին եթե մեկը կողքիս կանգնած լիներ, ինչ է՝ ես պիտի հո՞ւշտ լինեի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը երեկ իր պաշտոնական էջում մի լուսանկար էր հրապարակել՝ դրան կից հետեւյալ գրառումը կատարելով․ «Կրասնոյարսկում մասնակցում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստին»։

Լուսանկարում ինքն է, ՔՊ-ական պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Վահե Ղալումյանը եւ իշխանության հրաժարականը պահանջող, ՔՊ-ի դեմ փողոցային պայքարի ելած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։ Նշենք, որ ընդդիմությունն արդեն մի քանի ամիս է՝ բոյկոտել է խորհրդարանի աշխատանքները՝ պայքարը տեղափոխելով փողոց եւ հայտարարելով, որ իր օրակարգը մեկն է՝ այս իշխանությունների անհապաղ հեռացումը։ Հետո հայտարարվեց, որ խորհրդարան կվերադառնան կրկին իրենց օրակարգով, եւ պայքարի թուլացումից հետո դեռեւս խորհրդարան չեն գնացել։ Սակայն հանկարծ տեսնում ենք, որ այդ նույն ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներից մեկը նիկոլականների հետ մեկնում է գործուղման եւ լուսանկարվում նրանց հետ։ Սա բացատրում են նրանով, որ խորհրդարանական դիվանագիտությանը շարունակելու են մասնակցել։ Իսկ Կրասնոյարսկում ՌԴ խորհրդարանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովների նիստն է հրավիրված եղել։ 

Մենք փորձեցինք «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվել՝ իրենք դադարեցրե՞լ են բոյկոտը, թե՞ գործուղումը բոյկոտի մեջ չի մտնում։ Օհանյանը նախ հետաքրքրվեց, թե որտեղ է այդ լուսանկարը, ապա նշեց, որ Կրասնոյարսկում պլանավորված նիստ էր, եւ Արմեն Գեւորգյանը պետք է գնար ու գնացել է։ «Դե, մենք գործուղումներին միշտ էլ գնացել ենք։ Էն, ինչ որ մեր օրակարգում է՝ միջազգային հանրության մոտ մեր տեսակետները ներկայացնելը, մենք դրանք գնում ենք»,-ասաց պարոն Օհանյանը։

Հարցրինք՝ ՔՊ-ականների հետ ջերմ միջավայրում լուսանկարվելն է՞լ է իրենց օրակարգի մեջ մտնում։ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց․ «Ես չեմ տեսել, չեմ կարծում, թե եսիմինչ ջերմ միջավայր է եղել, չգիտեմ։ Մի հատ տեսնեմ, նոր դրանից հետո կասեմ։ Հիմա ինչ-որ միջոցառում ա, որը որ Կրասնոյարսկում ա, իրար կողք են եղել, ի՞նչ անենք, դրանից տրագեդիա՞ սարքենք»։ Նկատեցինք, որ հանրությունը, պարզապես, մի քիչ այլ սպասելիքներ ուներ ընդդիմությունից։ «Չէ, ոչ մի բան չկա, մենք մեր օրակարգով ենք գործում, միջազգային միջոցառումներին էլ մասնակցում ենք։ Հիմա նույն ԱՄՆ դեսպանատան հրավիրած միջոցառմանը մենք ներկա ենք եղել, էդ պահին եթե մեկը կողքիս կանգնած լիներ, ինչ է՝ ես պիտի հո՞ւշտ լինեի»։

Նշենք, որ երեկ օրվա վերջում տեղեկություն տարածվեց, թե իշխանությունները որոշել են ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց նախաձեռնել։ Նրանց մեջ կար նաեւ ՔՊ-ականների հետ գործուղման մեկնած Արմեն Գեւորգյանի անունը, բայց չկային իշխանությունների գիրկն անցած Թագուհի Թովմասյանի եւ Իշխան Զաքարյանի անունները։ Որոշ ժամանակ անց, սակայն, ԱԺ կայքից հեռացրին այդ տեքստը՝ կա՛մ տեխնիկական վրիպակ էր, կա՛մ միտումնավոր սլիվ էր եղել, իսկ գուցե փոշմանել էին՝ որոշելով առժամանակ հարցն առկախված թողնել՝ որպես մահակ պահելով ընդդիմության գլխին։