Գովում ես, որ ի՞նչ անես

Գովում ես, որ ի՞նչ անես

Տարրական հասկացությունների ընկալման խնդիր ունի մեր հասարակությունը․ թացը՝ չորից, մասնավորը՝ պետականից զատելու։ Պետության առաջին դեմքը գնում է մարզ, եւ չքավոր, ժամանակից շուտ ծերացած գյուղացին, փոխանակ իր գյուղի, մարզի խնդիրները բարձրացնի, պահանջներ ներկայացնի, իր դժգոհությունները հայտնի, ընտրողի իր կարծիքն ու դիտողությունները շարադրի, այնքան է ոգեւորվում այս այցից, որ երկիրը ցնցումների տարած իշխանությունների ներկայացուցչին սկսում է գովերգել, թագավոր անվանել։ Աշխարհի ոչ մի երկրում՝ անգամ ամենաբարեկեցիկ երկրներում, թերեւս, նման բանի չես հանդիպի։

Քաղաքացին առաջին իսկ առիթի դեպքում իր իշխանավորին հրահանգ ու պատվեր է իջեցնում, իր դժգոհությունն է հայտնում, փորձում է որեւէ խնդրի լուծման համար օգտագործել այդ առիթը։ Դատարկ գովեստից, երբ գրպանդ ու սառնարանդ դատարկ է, եւ քո բնակավայրում հարյուրավոր խնդիրներ կան կուտակված, ո՞վ է շահում։ Եթե, իհարկե, այդ գովեստը «գնված» չէ քեշ փողով կամ որեւէ խոստմամբ՝ այդ մասովկան ապահոված պաշտոնյաների կողմից։ Հետո մեկ էլ տեսնում ես՝ հասարակության համեմատաբար գրագետ հատվածն ինչ-որ մասնավոր անձի է դատափետում՝ բարեգործությամբ չզբաղվելու, բանակը չզինելու, կրթական եւ մշակութային օջախներին չօգնելու համար։

Այսինքն, այս մարդիկ չեն տարբերակում պետությունն ու պետական պաշտոնյային՝ մասնավորից։ Չեն հասկանում, որ իրենց պահանջները պետք է ներկայացնեն ոչ թե անհատ բիզնեսմենին, այլ իրենց վճարած հարկերից աշխատավարձ ստացող վարչապետին ու նախարարին։ Բիզնեսմենին էլ, իհարկե, կարող են պահանջներ ներկայացնել, բայց միայն հարկերը բարեխղճորեն վճարելու առումով։ Իսկ թե նա սոցիալական ծրագրեր կիրականացնի, բարեգործությամբ կզբաղվի, թե ոչ, դա բացառապես իր իրավունքն է։