Էդգար Մանուչարյանի ծննդյան օրն է

Էդգար Մանուչարյանի ծննդյան օրն է

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը այսօր՝ հունվարի 19-ին, նշում է ծննդյան 37-րդ տարեդարձը:

Արդեն 15 տարեկանում Էդգար Մանուչարյանը հանդես էր գալիս Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, իսկ 2002-2004 թվականների ընթացքում Փյունիկի կազմում 3 անգամ դարձավ Հայաստանի առաջնության հաղթող։

2004 թվականին 22 խաղում դառնալով 21 գոլի հեղինակ՝ Էդգարը դառնում է Հայաստանի առաջնության գլխավոր ռմբարկու։ Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստով սկսում է հետաքրքրվել հոլանդական Այաքսը։ 2004 թվականի դեկտեմբերին Մանուչարյանը մեկնում է Այաքս՝ փորձաշրջան անցնելու, սակայն վնասվածքի պատճառով տեղափոխությունը կայացավ միայն ամռանը։

Սեպտեմբերի 18-ին Այաքսի կազմում Էդգարն իր նորամուտն է նշում Հոլանդիայի առաջնությունում, որտեղ իր նոր թիմը 4-2 հաշվով պարտություն է կրում ԱԶ Ալկմարի հետ խաղում։ Նոյեմբերի 2-ին Էդգարն իր առաջին գոլն է խփում Այաքսի կազմում՝ Աուստրիայի հետ Եվրոպայի գավաթի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։

2005/2006 մրցաշրջանում Էդգարը մասնակցում է առաջնության 4 խաղերի, ինչպես նաև դառնում է Հոլանդիայի գավաթակիր։ 2006 թվականի ընթացքում Էդգար Մանուչարյանի նկատմամբ սկսում են հետաքրքրություն ցուցաբերել Լիոնի Օլիմպիկը և Բենֆիկան, սակայն 2007 թվականի սկզբին Այաքսը Մանուչարյանի հետ պայմանագիրը երկարաձգում է մինչև 2011 թ-ը։

2007/2008 մրցաշրջանի ընթացքում Այաքսի հիմնական կազմում Մանուչարյանը չմասնակցեց և ոչ մի հանդիպման։ Փոխարենը նա հանդես էր գալիս Այաքսի երկրորդ թիմում։ 2009 թվական օգոստոսի 6-ին Էդգարը վարձավճարով տեղափոխվում է Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող Հարլեմ ակումբ։ 6 ամիս անցկացնելով իր նոր թիմում՝ Էդգարը 17 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ։ 2010 թվական հունվարի 25-ին Հարլեմը սնանկանում է, իսկ Էդգարը վերադառնում է Այաքս։

Քիչ անց՝ փետրվարի 3-ին, Էդգարը վարձավճարով տեղափոխվում է Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող մեկ այլ թիմ՝ Ապելդորն։ Իր նոր թիմի կազմում Էդգարը նորամուտը նշում է գոլով, իսկ մեկ շաբաթ անց Էդգարն աչքի է ընկնում հետ-տրիկով։ 2010 թվականին Էդգարը խզում է Այաքսի հետ մինչև 2011 թվականին նախատեսված պայմանագիրը և ազատ խաղացողի կարգավիճակով միանում է Փյունիկին։ 2011 թվական ձմռանը՝ տրանսֆերային պատուհանի ժամանակ Էդգար Մանուչարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական Կարպատներ ակումբը, սակայն տեղափոխությունը չի կայանում, և խաղացողը 3 տարվա պայմանագիր է կնքում Փյունիկի հետ։ 2011 թվական ամռանը տեղափոխվում է Ռուսաստանի առաջնության 1-ին խմբում հանդես եկող Ուրալ ակումբ։