«Ստվերում» են պահում «Ստվերների արվեստ» մրցույթի ժյուրիի կազմը

«Ստվերում» են պահում «Ստվերների արվեստ» մրցույթի ժյուրիի կազմը


«Creative Armenia» մշակութային հիմնադրամը Ucom ընկերության հետ համատեղ հայտարարել էր լուսանկարչական մրցույթ- մարտահրավեր՝ «Ստվերների արվեստ» թեմատիկայով՝ լուսանկարում ստվերի ամենահետաքրքիր, նորարար մոտեցման համար:   

Ապրիլի 26-ին ամփոփվել են մրցույթի արդյունքները։ Հանդիսավոր միջոցառմանը, ի թիվս  այլոց, ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Մրցույթի հաղթող է ճանաչվել լուսանկարիչ Տիգրան Մադոյանը, որն արժանացել է Ucom ընկերության կողմից սահմանված 2000 ԱՄՆ դոլար մրցանակին՝ «Հայ միասնության ստվերը» լուսանկարի համար։ 

Լուսանկարը, սակայն, մասնագիտական շրջանակներում միանշանակ չի ընկալվել եւ քննարկումների տեղիք է տվել, ինչը պայմանավորված է նաեւ մեծ մրցանակային ֆոնդով։ Հաղթող լուսանկարի հետ կապված վիճելի պնդումներից մեկն այն է, որ լուսանկարում առկա են ոչ թե ստվերներ, այլ ավելի շատ՝ անդրադարձումներ։ Բացի այդ, հիմնադրամի կայքում գրված չէ, թե ովքեր են ժյուրիի կազմում ընդգրկված եղել, եւ ինչ չափանիշներով է ընտրությունը կատարվել, ինչը, շատերի կարծիքով, ստվեր է գցել կազմակերպված մրցույթի անաչառության վրա։   

«Creative Armenia» մշակութային հիմնադրամի ֆեյսբուքյան էջի միջոցով կապ հաստատեցինք ծրագրերի տնօրեն Տաթեւիկ Մանուկյանի հետ, ով տեղեկացրեց, որ ստացվել են մասնակցության ավելի քան 100 հայտեր: Ինչ վերաբերում է ժյուրիի անդամներին, ապա․ «Ժյուրին կազմված է եղել միջազգային պրոֆեսիոնալներից` տարբեր երկրներից: Կատարվել է փակ գնահատում: Յուրաքանչյուր լուսանկար գնահատվել է առնվազն ժյուրիի երեք անդամի կողմից, որոնք միմյանց չգիտեն` համապատասխան միջազգային լավագույն փորձի»: 

Թե ովքեր են միջազգային համբավ ունեցող ժյուրիի անդամները, Մանուկյանն ասաց, որ նրանց անունները չեն կարող հրապարակել։ «Ժյուրիի անդամները, բոլորից անկախ, առանց իրար իմանալու, կատարել են իրենց ընտրությունը։ Ցանկացած մրցույթ, ինչպես նաեւ մրցույթի արդյունք, սուբյեկտիվ է: Ու վիճելի հարցեր միշտ էլ մնում են»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ընտրության չափանիշներին, ապա․ «Չափանիշները եղել են լուսանկարի արտիստիզմը, նորարարական մոտեցումները»: