Մտավորականությու՞ն

Մտավորականությու՞ն

«Որպեսզի Արցախի բանակում եւ սահմանի վրա զինվոր չզոհվի, անհրաժեշտ է կարգավորել Արցախի ներքին ու արտաքին դիվանագիտությունը: Ժամ առաջ Սամվել Բաբայանին վստահեք Արցախի ապահովությունը, ոչ թե գնդակ, քամին անգամ կխուսափի հայոց սահամաններով անցնել, իսկ բանակում կհաստատվի իսկական զինվորական կարգ ու կանոն»- գրել է հրապարակախոս Ռուզան Ասատրյանը: Ի՞նչ է սա: Սուրբ անտեղյակությու՞ն: Գրողի միամիտ հավա՞տ: Թե գործ ունենք շարքային վարձահրավիրվածությա՞ն հետ: Անկեղծորեն ուզում եմ մերժել վերջին հարցադրումը եւ հավատալ, որ հեղինակը պարզապես տուրք է տվել մեզ այնքան բնորոշ ռոմանտիզմին: Այդպես է ներշնչված: Եւ ուզում է մեր ժամանակի Վարդան Մամիկոնյանին տեսնել: Գայլ Վահանին: Գեւորգ Մարզպետունուն: Կամ՝ Անդրանիկին, ում, ասում են, թշնամու գնդակը պարզապես չէր կարողանում խոցել: Բայց սա 21-րդ դարի մտավորականին, գրողին եւ հրապարակախոսին հարի՞ր ընկալում է: Մեր դժվար ժամանակներում կարելի՞ է հուսալ, որ անհատի ահից հակառակորդը կլռի: Տրամաբանության մեջ ինչ-որ չի տեղավորվում, որովհետեւ ում մասին հրապարակախոսը երազում է որպես փրկչի, ժամանակին բանակի հրամանատար է եղել: Եւ այդ տարիներին էլ հակառակորդի գնդակից զոհեր ունեցել ենք: Նաեւ՝ բանակում ոչ կանոնադրական բարքերից: Առհասարակ մե՜ծ անհատների ժամանակներն անցյալում են: Ոչ մի ժողովուրդ իր ճակատագիրն անհատի հետ չի կապում: Պետությունը, բանակը կառավարվում են համակարգի կողմից՝ որոշակի դոկտրինի հիման վրա: Մեզ պետք է այդ դոկտրինը: Մտավորականության խնդիրն է ոչ թե պանծացնել անհատին, այլ ժողովրդին կոչել համակարգային ինքնադրսեւորման: Համակարգային կեցության: Համակարգային աշխատանքի, ոչ թե՝ անհատապաշտության կամ անհատամերժման: