Քաղաքական մեսիջ՝ Նիկոլ Փաշինյանին

 Քաղաքական մեսիջ՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես ծանոթացել եմ ԱԱԾ հայտարարությանը եւ կարող եմ միայն նշել, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց է»,-  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին այդպես է հայտարարել  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Այս հայտարարությունից հետո Արթուր Վանեցյանի կամ մի այլ պաշտոնյայի անուն չպիտի շահարկվեր՝ կապված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի հետ։ Այնքան հստակ ու լակոնիկ է ասված, որ անգամ մեկնաբանության կարիք չկա։ Ի՞նչ է նշանակում ենթակա մարմին։ Ազգային անվտանգության ծառայությունը  մշակում  և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը: Ենթակա՛, հաշվետու՛ է կառավարությանը։ Այսինքն պահանջատերը ՀՀ վարչապետն է, գործը իր լիազորության շրջանակներում։  Երբ Արթուր Վանեցյանը գործ է բացում, այն էլ նման պաշտոնյայի հանդեպ, չի կարող դա լինել առանց նախնական քննարկումների։

Դավիթ Սանասարյանի շրջապատը կենտրոնացել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վրա, բայց վերջին հաշվով պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ է։  Բնական է, ավելի հեշտ ու անվտանգ է ցույց տալ, թե պայքարում են  ենթակա մարմնի դեմ։ Երբ ԱԱԾ-ն «գործողություններ է իրականացնում» նախկին իշխանավորների տիրույթում, ամեն ինչ «հալած յուղի տեղ ընդունվում է»՝ ոչ մի ձայն։ Նախկին իշխանավորները շատ  լավ հասկանում են, որ ԱԱԾ-ի գործողությունները կառավարության մշակած քաղաքականությամբ է իրականացվում և ԱԱԾ-ի հետ «լեզու անգամ չեն թրջում»։

Նոր իշխանավորները իրենց հեղափոխական գործունեությունը կարծես թե ուզում են «վաճառել» կառավարության վրա։ Տեսե՜ք, թե ինչեր ենք արել հեղափոխության ժամանակ․․․ Դա ներքին, առանց խոսքերի «մեսիջ է վարչապետին»՝ «մենք քեզ բերել ենք ախպերավարի», ա՜յ այս ճանապարհներով։ Մի երկու օր առաջ աչքովս ընկավ Դավիթ Սանասարյանի կողմից դրված տեսանյութը, որտեղ ամենախայտառակ ձևով նսեմացնում էր ՀՀ Երրորդ  նախագահին։ Երբ քաղաքացին ամենախայտառակ ձևով նսեմացնում է իր երկրի նախագահին, (Պատերազմի ժամանակ մեր հերոսները թշնամուն անգամ չեն նսեմացրել, ստորացրել, ու մենք դրանով ենք տարբերվում ադրբեջանցիներից) պետական անվտանգության առումներով  նա իրավունք չունի աշխատելու ՀՀ պետական վերահսկողության ծառայության գլուխ։ Գործ հարուցվելուց հետո հիշեցնում է վարչապետին, անուղղակի ձևով՝ տե՜ս, թե ինչեր եմ արել հեղափոխության ժամանակ։ Սա արածը «վաճառե՞լ չի․․․»։

Պետական ամենաբարձր կառույցներից մեկի ղեկավարին ի՞նչը կարող է ստիպել գործ հարուցելուց հետո իր արածը, քայլածը  ցուցադրող  տեսանյութ տեղադրել ։ Դա ես համարումեմ քաղաքական մեսիջ՝  Նիկոլ Փաշինյանին։ Ես սա եմ արել։