Դաշնակցության ընդհանուր ժողովը բուռն վեճերով է ուղեկցվում

Դաշնակցության ընդհանուր ժողովը բուռն վեճերով է ուղեկցվում

Արցախում ժողով անող դաշնակցականներն այսօր հաղորդագրություն են տարածել․ «Տեղեկացնում ենք, որ 2019 հունվարի 16-ին Արցախում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների 5-րդ օրը, անսպասելիորեն ստացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը»:

Հաղորդագրությունն ինքնին հետաքրքիր է նրանով, որ իսկապես՝ նման ողջույնի ուղերձները, որպես կանոն, հղվում են տվյալ միջոցառումների առաջին օրը՝ ինչպես արեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ հաղորդագրության մեջ տեղ գտած «ժողովի աշխատանքների 5-րդ օրը» արտահայտությունը մի կողմից «հաղթական» երանգ է իր մեջ պարունակում, մյուս կողմից՝ հանդիմանություն, ուղղված ՀՀ վարչապետին, որը փորձել էր անտեսել 128-ամյա կուսակցության Ընդհանուր ժողովն ու նրա գոյությունն ինքնին։

Հաղորդագրության մեջ նաեւ ակնարկ կա, որ Հրանտ Մարգարյանի՝ ժողովի առաջին օրը հնչեցրած խիստ գնահատականները, եւ հատկապես այն արտահայտությունը, որ «տուն ենք ուղարկելու» գործող իշխանություններին, տեղ են հասել եւ դերակատարում ունեցել։ 

Այս համատեքստում ուշագրավ է նաեւ այն, որ Ժողովը հրավիրվել է Արցախում, իսկ ժողովի բացման նիստը հրավիրվել է ոչ ավել, ոչ պակաս՝ Արցախի խորհրդարանի նիստերի դահլիճում։ Ելույթով հանդես է եկել ԱԺ նախագահը, մի քանի պաշտոնական հանդիպումներ են կայացել, օրինակ ՝ՀՅԴ պատվիրակությանը Արցախի ԱԳ նախարարն է ընդունել եւ այլն։

Ինչ վերաբերում է Ընդհանուր ժողովի ընթացքին, ապա մենք տեղեկացանք, որ այն բավականին բուռն է ընթանում՝ մեծ թվով հարցեր են դրված օրակարգում եւ բոլոր մասնակիցներն ակտիվորեն ներգրավված են այդ քննարկումներում՝ ելույթներ են ունենում, քննադատում, բանավիճում, տեսակետների բուռն բախում կա։ Նկատենք, որ ՀՅԴ-ում այսօր 2 տարակարծիք թեւ կա՝ ՀՀ գործող իշխանություններին սատարողների եւ քննադատողների թեւ։

Հիշեցնենք, որ աշխարհի 30 երկրներից պատվիրակներ են ժամանել, մոտ 120 հոգի, որից կեսը պատվիրակի, մյուս կեսը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, առանց քվեարկելու հնարավորության։ Բյուրոն այժմ բաղկացած է 11 հոգուց, 4-ը հայաստանյան կազմակերպությունից, 7 հոգի Սփյուռքի տարբեր շրջաններից՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Լիբանան, Իրան: Հունվարի 24-ին, ժողովի վերջին օրը նոր Բյուրո է ընտրվելու, որի կազմից էլ ընտրվելու է Բյուրոյի ներկայացուցիչ՝ ղեկավար։

Բացման ելույթում Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու Բյուրոյի կազմում։ Խոսակցություններ կան, որ Ներկայացուցիչ է ընտրվելու Արմեն Ռուստամյանը, սակայն ՀՅԴ-ում կարծում են, որ վերջինս կազմակերպչական ունակություններ չունի եւ նրան դժվար կլինի փոխարինել Մարգարյանին։

Ժողովին մասնակցում է նաեւ ՀՅԴ ամերիկայից ժամանած մեծաքանակ պատվիրակությունը, որի կազմում է նաեւ Հրանտ Մարգարյանի մշտական մրցակից, Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը, ում «բախտը բերեց», որ ժողովը հետաձգվեց մինչեւ հունվար։ Բանն այն է, որ նա կուսակցության որոշմամբ «կախակայված էր»՝ ինչ որ ժամկետով եւ եթե աշնանն ընթանար ժողովը, ապա նա չէր մասնակցի դրան, հունվարին լրացել է նրա կախակայման ժամկետը եւ նա «ձայնի իրավունքով» մասնակցում է ժողովին եւ անգամ հնարավոր է Բյուրոյի կազմում առաջադրվի։