Ծառուկյանը մատնացույց արեց «ժողովրդի թշնամու» տեղը

Ծառուկյանը մատնացույց արեց «ժողովրդի թշնամու» տեղը

«Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը երեկվանից փակ է, աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան եւ պահանջում հանդիպում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որը գործարանի սեփականատերն է: Հիշեցնենք, որ շուրջ հազար աշխատակիցներ ծանուցագրեր են ստացել, որ հունիսի 15-ից ազատվելու են աշխատանքից: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ Իրանից ներկրվող հումքի էժան լինելու պատճառով իրենց արտադրանքը մրցակցային չէ։ Բանն այն է, որ օրերս կառավարությունը նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ պետական տուրքը հանվելու է Իրանից ներկրվող ցեմենտի հումքի՝ կլինկերի վրայից, իսկ իրանական կլինկերն անհամեմատ էժան է, և դրա հետևանքով տեղական արտադրողները տուժելու են: ԲՀ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ իրեն պատկանող ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակին:

Ծառուկյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակի  հիմնական պատճառն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է: Հիշեցնենք, որ վերոնշյալ՝ հումքի վրայից պետական տուրքը հանելու առաջարկն արել են հանձնաժողովի իշխող խմբակցության պատգամավորները:
«Քննարկվել էր էկոնոմիկայի նախարարի հետ, որ նայելով պարսկական ցեմենտը, ասենք թե, տեղի արտադրանքը՝ որոշումը ճիշտ կայացվել էր: Մենք էլ դրա համար 50 հազարը սարքել էինք 40 հազար, և ավելի մեծ պահանջարկ կըլնի: Բայց չգտեմ ով ինչ անձնական շահերի շնորհիվ՝ հանձնաժողովը որոշում է կայացրել՝ թող էդքան ընտանիք չաշխատի, այլ կլինկերի վրա, ասենք թե, տուրքը չդրվի: Հենց կլինկերը ցեմենտի ամենակարևոր մասն է, որը հիմնական ծախսերի 90 տոկոսն է: Ասենք եթե, 100 հազար տոննա, որն ինձ զեկուցել են կառավարիչները, ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, միլիոնուկես հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Իսկ եթե իրենք որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել, իրենց անձնական շահերի, որոշ ծանոթ-բարեկամների խնդիրը լուծել և պրովոկատորներին ուղարկել ցեմենտի գործարան, որ իրանք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ»,- ասաց Ծառուկյանը՝ անուններ չնշելով։ 

«Ի՞նչ ա եղել, հիմա մենք ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք, ի՞նչն ա խնդիրը: Եթե իրանք չեն մտածում և ասում են՝ թող մի քանի հարյուր ընտանիք էլ անգործ մնա… Համապատասխան մենք քայլ ենք կատարել, որ կարողանանք տնտեսական հեղափոխության համար քայլ կատարեն, բայց այսօր հանձնաժողովի նախագահը պարտավոր է պատասխան տալ: Քննարկելուց կտեսնենք, որ ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով ա: Կառավարությունը հանձնարարել ա, հարցը լուծված ա, թե ինչ փոխվեց հանձնաժողովում, դուք բոլորդ էլ ներկա կլինեք և կտեսնեք»,- նշեց նա: