Բառեր, բառեր, բառեր

Բառեր, բառեր, բառեր

Մենք մոռացկոտ ազգ ենք` անցնում է մի քանի տարի կամ մի քանի ամիս, եւ այլեւս չենք հիշում, թե ինչ է եղել անցյալում: Հիմա ո՞վ է հիշում, որ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին` պատերազմը սկսվելուց ընդամենը 6 օր առաջ, Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում, Անկախության օրվան նվիրված իր ելույթում հանրությանն էր ներկայացնում «Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050թ. ռազմավարությունը»:

Այդ ռազմավարությունն ու ելույթն այսօր բոլորովին այլ մտորումների տեղիք են տալիս: Մինչեւ 2050 թվականը ռազմավարություն ներկայացնելու իմաստը Փաշինյանը բացատրում էր նրանով, որ մենք պետք է թռիչքաձեւ զարգացում ապահովենք, եւ ցավ էր հայտնում, որ 30 տարի առաջ նման ռազմավարություն չի կազմվել, թե 2020-ին ինչպիսին ենք պատկերացնում մենք Հայաստանի Հանրապետությունը: Եվ եզրակացնում էր, որ հենց դա է մեր բազմաթիվ խնդիրների պատճառը:

Այսօրվա աչքով  հատկապես ուշագրավ է հայոց պետականության մասին միտքը: «Պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։ Մենք պետականությունն ընկալում ենք որպես առանցքային արժեք, եւ շատ կարեւոր է արձանագրել, որ հայոց պետականության հավիտենականությունն է այն գործնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք», -ասել է 2020 թ. սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը։

Եվ որպես հայոց պետականության ամրապնդման հիմնաքար՝ նշել է 16 մեգանպատակներ, որոնք եւս տխուր մտքերի տեղիք են տալիս. «Պաշտպանված Հայաստան: Արդյունավետ եւ հաշվետու կառավարում: Առողջ եւ ապահով քաղաքացի, ժողովուրդ: Բազմազավակ եւ բարեկեցիկ ընտանիք: Իրավական Հայաստան: Տարածքային խելամիտ զարգացում: Մեծ հայրենադարձություն եւ ինտեգրում: Աշխարհի հետ կապված Հայաստան: Ճանաչված, հարգված եւ հյուրընկալ Հայաստան»: