Ինչպես զարգացնել գյուղը

Ինչպես զարգացնել գյուղը

«Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի մեկնարկին այսօր ելույթներով հանդես եկան Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Արտակ Քամալյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը։ 

Գագիկ Սարդարյանը հիշեց, թե ինչպես հեռավոր 1992թ․ ՀՀ կառավարությունը դիմեց ԱՄՆ կառավարությանը, եւ այդ ծրագիրը դարձավ մարկետինգային աջակցության ծրագիր 1996թ․։ Հետո նա հիշեց, որ արդեն 2005թ․ ձեւավորեցին մի նոր կազմակերպություն, որպեսզի ֆերմերները, գյուղացիները կարողանան ստանալ աջակցություն։ Նա տեղեկացրեց, որ արդեն բացվել են 19 կենտրոններ, աջակցել են տեղի գյուղատնտեսներին, այդ մոդելը տեղափոխել են Վրաստան, կիրառել են Նինոծմինդայում եւ Աջարիայում։ 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշեց, որ գյուղի զարգացումը ԱՄՆ դեսպանատան ծրագրերի կարեւոր բաղադրիչներից է։ 

Լին Թրեյսին ասաց, որ ինքն Օհայո նահանգից է, իսկ այդ նահանգում անասնապահությունը կարեւոր պայմաններից է։ 

Վաչե Տերտերյանը կարծիք հայտնեց, որ ամերիկյան օժանդակության շնորհիվ շատ ինստիտուցիոնալ փոփոխություններ անշրջելի են։ Եվ դրա շնորհիվ էլ ունենք պանիրների, կաթնամթերքների տեսականի։ 

Արտակ Քամալյանը նշեց, որ ներդրումները տեխնոլոգիաների ոլորտում կարող են մեծացնել գյուղատնտեսության ծավալները։ 

Վարդան Ուռուտյանը հիշեցրեց, որ CARD-ն ունի ուրույն ձեռագիր, եւ ագրարային համալսարանը համագործակցում է CARD-ի հետ։ Եվ, ըստ նրա, պետք է այնպես անել, որ ֆերմերների աշխատանքը չվերածվի չարչարանքի, այլ արդյունավետ եւ շահութաբեր աշխատանքի։