Նա չի զղջում, ի՞նչը պետք է ներեն

Նա չի զղջում, ի՞նչը պետք է ներեն

23 տարի առաջ սպանության համար ազատազրկված եւ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին իշխանությունների կողմից հնարավոր ներում շնորհելու մասին լուրը ալեկոծեց հանրային եւ լրատվական դաշտը։ Կառավարության շենքի մոտ էլ ակցիա արեցին տուժածների իրավահաջորդները՝ փորձելով իրենց ձայնը լսելի դարձնել։ Մհեր Ենոքյանի զոհ Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Միխայիլ Աղաջանովը, արդեն տարբեր առիթներով հայտնել է իր կարծիքը։

Միխայիլ Աղաջանովից հետաքրքրվեցինք, թե ցմահ ազատազրկվածներին ներում շնորհելը ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր հասարակության համար։

-Գիտեք ի՞նչ, ամեն հարցը պետք է քննարկվի անհատական, լինի անհատականացված մոտեցում։ Երբ այդ հարցը քննարկվեց, եւ այդ հարցն ուղղվեց մեր վարչապետին, նա ասաց, որ ինքը կողմնակից չէ սպանություն գործած դատապարտյալներին ազատ արձակելուն։ Բայց հիմա այդ անձն առանձնացվել է, նրան հերոսացնում են, ուզում են ներում շնորհել։ Ես ուղղակի ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են ներում շնորհելու համար, ճիշտ պատկերացնեն անձի էությունը։ Նրանք, ովքեր ծանոթ են այդ պատմությանը, կպատկերացնեն, որ նա սովորական մարդ չէ, հրեշ է, շատ վտանգավոր՝ ամբողջ հասարակության համար, եթե հայտնվի ազատության մեջ։ Նա ստեղծում է տպավորություն, որ ինքը դեռ կարող է մարդկանց սեր ու բարություն սովորեցնել, բայց մի անգամ չասաց,  որ ինքը զղջում է իր արածի համար։ Այդ մարդը մեր ընտանիքին զրկեց ապագայից, բայց մեկ անգամ չանդրադարձավ մեզ, չասաց, որ ինքը մեղավոր է, զղջում է։ Մեզ թեպետ պետք չէր իր ներողությունը։ 

-Ըստ Ձեզ՝ մյուս ցմահ ազատազրկվածները նույնպե՞ս չեն ցանկանա ազատ արձակվել։

-Դա անպայման կստեղծի նախադեպ։ Եթե, օրինակ, մեկի վրա բանակում հարձակվել են, եւ նա ավտոմատը հանել-կրակել է, չի՞ ցանկանա ազատ արձակվել։ Չէ՞ որ սա լրիվ ուրիշ բան է։ 

-Հնարավո՞ր է, որ նաեւ վենդետայի ճանապարհ բացվի այդ կերպ։

-Չգիտեմ, նման մտքեր արտահայտվում են։ Բայց եթե մեր ընտանիքը վենդետայի դիմեր, դատի ժամանակ էլ այդ հարցերը կլուծեր։ Մենք չենք դիմելու այդ քայլին։ Դժվարանում եմ կարծիք հայտնել վենդետայի մասին, դա կախված է ընտանիքի դաստիարակությունից։ Մենք դեռ շարունակելու ենք պայքարել, դիմում ենք վարչապետին եւ նախագահին, որ մեզ լսեն, մեր կարծիքը հաշվի առնեն։ Կան մարդիկ, որոնք բազմաթիվ փաստեր են ներկայացնում, որ այդ մարդուն չպետք է ներել։