Քաղաքագիտական հիմարություն

Քաղաքագիտական հիմարություն

Պետրոսի հետ եթեր մտնելուց ո՞վ է խերվել, որ դու խերվես, Նիկոլ: Հա նրա հիմար հարցերը, հա քո անկապ պատասխանները: Միմյանց արժեիք այդ եթերում, որի փողն, ի դեպ, մենք՝ հարկատուներս էինք տվել: Բայց մենք ինչի՞ տեր ենք, որ ամեն հիմարության համար այդքան փող ծախսենք: Առանց այն էլ այս խառը օրերին ժամանակ չենք ունեցել ոստիկանության ակտերի ընթացքին հետևել, կուտակվել են, ԴԱՀԿ-ն էլ մեր հաշիվների վրա կալանք է դնում իրար հետևից: Լրիվ դարձել ենք տուգանքի մատերիալ, մի բան էլ Պետրոսի և քո աշխատավարձն ենք տալիս: Պատերազմից նոր դուրս եկած երկրի քաղաքացու հետ այսպե՞ս են վարվում: Բայց փողը դնենք մի կողմ ու գանք Հանրայինի հարցազրույցին:

Ծանոթներս, ովքեր դիտել են այդ հարցազրույցը, ոգևորված պատմում էին, թե Նիկոլն իրեն միանգամայն պողոսավարի է պահել՝ ոչ նստելու շնորհք, ոչ կապակցված խոսք, ոչ դեմքի ադեկվատ արտահայտություն… Ասում են՝ աչքերն էլ փախցնում էր ու մի հանգի ընտրությունների մասին էր խոսում, որովհետև Պետրոսը, հենց տեսնում էր Նիկոլն սկսում է աշխարհագրությունից անկապ բաներ խոսել, «սահուն» անցում էր կատարում ընտրությունների թեմային: Ծանոթներիս հարցնում եմ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նամակից չխոսեցի՞ն: Սրանք ասում են՝ չէ, Նիկոլը ընդդիմությանն էր դիմում, կոչ անում իր հետ քննարկումների մեջ մտնել արտահերթ ընտրությունների հարցով: Սրանից կարելի էր եզրակացնել, որ այդ հարցազրույցը նկարվել է շատ ավելի վաղ, այլապես Զասի նամակին անդրադարձ անպայման կլիներ:
-Վերջը ի՞նչ ասաց Նիկոլը, ընդունե՞ց, որ ինքը դավաճան է:
-Չէ: Ասում էր ժողովուրդը պետք է որոշի՝ ես դավաճա՞ն եմ, թե՞ դավաճան չե՞մ:
-Այդպես էլ ասա՞ց՝ ժողովուրդը պետք է որոշի:
-Հա:

Պարոն Փաշինյան, իսկ հիմա իմ հարցին պատասխանեք՝ Դուք հիշո՞ւմ եք որևէ նախադեպ, երբ ժողովուրդն է որոշել՝ իր երկրի ղեկավարը դավաճա՞ն է, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ սա քաղաքագիտորեն աննախադեպ հիմար, իսկ իրավական առումով խիստ վտանգավոր պնդում է: Ես այդ պմդման քաղաքագիտական կողմին չեմ անդրադառնա, որովհետև քաղաքագիտության տեսանկյունից դա անհեթեթություն է: Բայց հարկ եմ համարում զգուշացնել Ձեզ, որ եթե հանկարծ ժողովուրդը որոշի, որ դավաճան եք, ձեզնից ընդամենը թաց հետք կմնա ասֆալտին: Եվ սա ամենևին էլ բռնության կոչ չէ: Տառապանքս փորձ ունի, Չաուշեսկու զույգն ու Քադդաֆին թույլ չեն տա ստել: Կարծում եմ՝ առավել ցիվիլ տարբերակ է իրավապահներին հանձնվելը: Նրանք այս ամիսներին հասցրել են ապացուցել, թե որքան նվիրված են Ձեզ ու Ձեր ընտանիքին: Որ նայում եմ թե ինչ դեմքեր են ղեկավարում բանակը, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ԱԻՆ-ը, դատախազությունը, վերջապես, փարատվում են բոլոր կասկածներս, որ Ձեզ հետ հանկարծ որևէ վատ բան կպատահի:

Պողոս-Պետրոս զույգին հիշեցնեմ նաև, որ արտահերթ ընտրությունների գաղափարն առաջինը տվել է ընդդիմությունը, և դա չի կարելի ուրանալ ու ներկայացնել որպես Նիկոլ Փաշինյանի հայտնագործություն: Նիկոլ Փաշինյանն ընդամենը կառչում է այդ մտքից, որպեսզի թաքցնի օրենքի առջև կանգնելու վախերը:

Ի՞նչ է նշանակում՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ քննարկեմ հարցը: Ի՞նչ հարց քննարկես, երբ ողջ հայությունն է արդեն պահանջում հրաժարականդ՝ զույգ կաթողիկոսները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, համալսարանները, մտավորականները, արտախորհրդարանական բոլոր ուժերը, ԱԺ երկու խմբակցությունները, հանրապետության նախագահը, Սյունիքը, Երևանը, Գյումրին, Վանաձորը, Տավուշը, Գեղարքունիքը, Արմավիրը, Արագածոտնը, Շիրակը, Արարատը, Վայքը, զոհվածների ու անհետ կորածների ծնողները, հաշմանդամները, համայնքապետերը, ազատամարտիկները, գեներալները, համահայկական կառույցները: Տակը մնացել է մի երկու տաքսու վարորդ, ոչ լրիվ 88 պատգամավոր, մի քանի չինովնիկ, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը, պաշտպանության նախարարը և ոստիկանապետը: Իսկ գիտի՞, արդյոք պարոն վարչապետը, թե ինչպես է կոչվում իշխանությունն ուզուրպացրած իր այդ ընկերությունը: Խունտա… Եվ խունտայի պարագլուխն ուզում է ինքն արտահերթ ընտրություններ կազմակերպել: Լինելո՞ւ բան է: Ոչ:

Ոչ, եղբայր, գնա և հանձնվիր ՀՀ իրավապահ մարմիններին: Որին կուզես, թող դա էլ քո սրտով լինի: Աստված չանի, որ բանը հասնի միջազգային տրիբունալին: Ավելի լավ է՝ մենք մերոնցով որոշենք, որովհետև միջազգային դատավորներն առանձնապես սենտիմենտալիզմով չեն տառապում: 5 հազարից ավելի մարդ է զոհվել, դեռ չգիտես քանի հազար անհետ կորել, քանիսն ընկել գերի: Այս բեռը քեզ ոչ մի միջազգային դատարան էլ չի ների: Կտանեն, մի պատի տակ կգնդակահարեն, կվերջանա, կգնա: Սահակաշվիլու տարբերակն էլ կա, իհարկե, բայց հասկանալի պատճառներով խորհուրդ չեմ տա դրանից օգտվել:

Մնալդ չենք քննարկում, ինչպես տեսնում ես: Ոչ մնալուցդ օգուտ կա, ոչ էլ այդ թեմայով քննարկումներից: Երեկ Արցախից լուրջ պատվիրակություն էր ժամանել Հայաստան՝ ՌԴ խաղաղապահների հրամանատար Մուրադովի գլխավորությամբ: Ինչո՞ւ չհանդիպեցին ՀՀ վարչապետի հետ, մանավանդ որ քննարկման ենթակա հարցերն ամբողջովին ՀՀ կառավարության տիրույթում էին: Եվ ինչո՞ւ նրանց ընդունեց ՀՀ նախագահը: Կարծես Պուտինն դադարեց զանգել, Մակրոնն էլ այնտեղ է զարմմացած մնացել… Եվ ի՞նչ է լինելու մեր վերջը, եթե մեր վարչապետին տեսնել ու լսել չի ցանկանում և ոչ մի համաշխարհային առաջնորդ: Ասենք ներողություն, Ալիևն ու Էրդողանը պատրաստ են լրացնելու այդ բացը: Գնա, դա էլ արա, որովհետև դա մտնում է քո զրոյական կետից արտաքին քաղաքականություն վարելու տրամաբանության մեջ:

Հ.Գ. Հատուկ իմքայլական պատգամավորների համար: Տղաներ և աղջիկներ, քանի դեռ ձեր Նիկոլը սոսնձված կմնա վարչապետի աթոռին, դուք ԱԺ կներկայանաք ձվածեղոտ շորերով և կյանքի հետ համատեղելի տարատեսակ տրավմաներով, այդ թվում և հոգեկան: