Եվրամիությունը դե՞մ է բանակցություններին Արցախի մասնակցությանը

Եվրամիությունը դե՞մ է բանակցություններին Արցախի մասնակցությանը

Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին չի կիսել ԼՂ կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության մոտեցումը եւ ասել է. «Երբ խոսք է գնում մեր աջակցության մասին, ես կարծում եմ՝ լավ կլինի պահպանել ներկայիս ձեւաչափը:Պետք չէ ձգտել ստեղծել ինչ-որ նոր բան հանուն նորամուծության:Եւ ավելի լայն պլանով խոսքը վստահության միջոցների մասին է»:Միջնորդները նախապատրաստում են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների պաշտոնական հանդիպում:

Այն կանցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ նրանց մասնակցությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է Ադրբեջանի նախագահի հետ քննարկել բանակցությունների ձեւաչափի հարցը: Ադրբեջանական փորձագիտական հանրությունը հենց այս կտրվածքով է գնահատում ԵՄ հարեանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատարի վերոբերյալ միտքը: Բաքվում առանձնացնում են եվրոպացի պաշտոնյայի ասածի առաջին մասը՝ միտումնավոր անտեսելով շարունակությունը, որտեղ ընդգծվում է կողմերի միջեւ վստահության անհրաժեշտությունը: Բանակցություններին Արցախի մասնակցությունը կարող է նշանակել, որ կողմերը վստահում են միմյանց:

Ադրբեջանը, սակայն, փորձագիտական մակարդակով հասկանալ է տալիս, որ Բաքուն համաձայն կլինի տարբերակի, երբ Հայաստանի պատվիրակության կազմում բանակցություններին կմասնակցի Արցախի , իսկ իրենց կողմից՝ ԼՂ «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչը: Խնդիրն այն է, որ ԼՂ «ադրբեջանական համայնք» որպես այդպիսին գոյություն չունի: Ադրբեջանում ապրում են մարդիկ, որ ծագումով Լեռնային Ղարաբաղից են: Նրանք ժամանակին իրենց բնակության վայրերից տարհանվել են Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ՝ անվտանգոության եւ նրանց բնակավայրերն ռազմական հենակետերի վերածման նպատակով: Նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են եւ կարգավորման հարցում չունեն պաշտոնականից տարբերվող տեսակետ: Արցախի իշխանությունները, մինչդեռ, ունեն կարգավորման սեփական պատկերացումը, որը նույնական չէ պաշտոնական Երեւանի մոտեցումների հետ:

Վերջնական հանգուցալուծման մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտություն է, որպեսզի Ադրբեջանը եւ միջնորդները տեղեկացված լինեն կարգավորման, այսպես ասած՝ ստեփանակերտյան սկզբունքներից: Դա թույլ կտա առավել խորությամբ ընկալել իրավիճակը: Երեւանը եւ Բաքուն չեն կարող պայմանավորվել Արցախի կարգավիճակի, նրա սահմանների, Ադրբեջան-Արցախ հետագա հարաբերությունների եւ այլ հարցերի շուրջ: Այդ խնդիրների լուծումը կարող է տեղի ունենալ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով: Եւ անհասկանալի է, թե ո՞րն է Ադրբեջանի մերժողականության իրական շարժառիթը: Ինչ վերաբերում է միջնորդներին եւ կարգավորմամբ շահագրգռված միջազգային կառույցներին, ապա նրանք պետք է դիվանագիտական ազդեցություն ունենան Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի կարգավորման բանակցություններին Արցախի լիարժեք ներգրավմանը: Այլապես որեւէ առաջընթաց հնարավոր չի լինի ակնկալել: