Թավշյա թվաբանություն. 4-2=անկապություն

Թավշյա թվաբանություն. 4-2=անկապություն

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Գասպարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն: Արմեն Գասպարյանը 25 տարվա ստաժով ոստիկան է, մինչ այս նշանակումը ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետն էր:
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը երեք տեղակալ ունի, որոնցից երկուսն են փրկարար՝ 17 (Տիգրան Պետրոսյան) եւ 27 (Հովհաննես Եմիշյան) տարվա ստաժով:

 Երրորդ տեղակալը՝ Կարապետ Մանուկյանը, 13 տարվա ստաժով ոստիկան է, փրկարար ծառայությունում պաշտոն է ստացել թավշյաներից ու տիեզերական արագությամբ կարիերա արել. 2019 թվականի փետրվարին նշանակվել է փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ծրագրային ապահովման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության կազմակերպման բաժնի պետ, նույն տարվա հուլիսին՝ ընդամենը չորս ամիս անց, դարձել է ծառայության կազմակերպման վարչության պետի տեղակալ, իսկ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։ Ինչպեսեւ նորանշանակ Արմեն Գասպարյանը, նրա տեղակալ Կարապետ Մանուկյանն էլ ոչինչ չի հասկանում փրկարարությունից: Ոստիկան է: Ստացվում է՝ փրկարար ծառայության տնօրեն+3 տեղակալ՝ չորս ղեկավարից կեսը տեղյակ չէ իրեն վստահված ոլորտից: Ու սա՝ թավշյա նշանակումների արդյունքում: Այլ խոսքով, Կարապետ Մանուկյանի նշանակմամբ փրկարար ծառայության կառավարման արդյունավետությունը նվազել է 25 տոկոսով, իսկ Արմեն Գասպարյանի նշանակմամբ՝ եւս 25 տոկոսով, արդյունքում վերջին երկու տարում՝ 50 տոկոսով:

Սա առնվազն տրամաբանական չէ: Եվ հետո, ինչո՞ւ 25 տարվա ստաժով ոստիկանին հեռացնել ոստիկանությունից, այն դեպքում, երբ ոստիկանության ղեկավար Վահե Ղազարյանը ոստիկանի 18 տարվա ստաժ ունի, նրա 5 տեղակալից Վարդան Մովսիսյանը՝ 27, Արամ Հովհաննիսյանը՝ 31, Արա Ֆիդանյանը՝ 21 եւ Արթուր Մարտիրոսյանը՝ 21 տարվա ոստիկանի ստաժ:

Ինչո՞ւ պետք է Վահե Ղազարյանը, 2019 թվականին՝ ոստիկանի 16 տարվա ստաժով, համակարգի ամենաբարձր պաշտոնը ստանա, իսկ 25 տարվա ոստիկանը հեռացվի համակարգից եւ նշանակվի մի գործի, որից գաղափար չունի: Ինչո՞ւ Արմեն Գասպարյանի ոստիկանական ստաժը չօգտագործել հենց ոստիկանությունում, ինչո՞ւ նման անտրամաբանական նշանակումներով նվազեցնել փրկարար ծառայության կառավարման արդյունավետությունն ու ոստիկանությանը զրկել վաստակաշատ մասնագետից: Թավշյաներն իշխանության գալով՝ անտրամաբանական նշանակումներ արեցին բանակում, եւ արդյունքում կորցրինք լուսավոր ջահելների ու երկրի ոչ փոքր մի մասը: Մի՞թե շուտով կորցնելու ենք ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը: